ՀՀՇ-ն վերադառնում է
Մայիսի 12-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև ՀՀՇ-ն: Այս փաստը վկայում է, որ բազում քաղաքական ուժերի հաշվարկը հիմնված է ժողովրդի քաղաքական վատ հիշողության, անհիշաչարության և պոպուլիստական աղմկարարության վրա: Ժամանակը, կարծում ենք, դեռ ցույց կտա, թե որքանով է այդ հաշվարկը իրատեսական, բայց պետք է խոստովանել, որ գոնե մինչև հիմա այն արդյունք տվել է իշխանության բերելով ուժերի, որոնք, ինչպես հետո է պարզվել, իրականում ժողովրդին տալու ոչինչ չեն ունեցել: Սակայն անդրադառնանք ՀՀՇ-ին: - ՀՀՇ-ն ամեն ինչ արել է, որ դաշինքը կայանա, որևէ պահանջ կամ խնդիրք չենք ներկայացրել, որը ընդունելի չէր լինի մեր համախոհների համար: Մեր տարբերակով դա պետք է լիներ հավասար դաշինք` բաղկացած չորս տարբեր մասերից, և պիտի չկարևորվեր, թե ո՞վ ցուցակի ո՞ր մասում կլիներ: Մենք իրարից բաժանվեցինք բարեկամաբար և, կարծում եմ, դեռ համագործակցության եզրեր կգտնենք ,- խոսելով ՀՀՇ, ԱԺՄ, «Ժառանգություն» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև քառակողմ դաշինք կնքելու ձախողված բանակցությունների մասին, նկատել է ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը` այնուհետև շարունակելով. - Մեր իրականության մեջ մի բան տեղի ունեցավ, որի մասին ոչ ոք չխոսեց, իսկ ես կարծում եմ, որ դա շատ կարևոր է: Մոտ տասը տարուց ավելի է, որ ՀՀՇ-ի ու ԱԺՄ-ի միջև նույնիսկ հպանցիկ որևէ շփում չէր եղել, իսկ հիմա ընթանում են բանակցություններ, որտեղ հնարավոր էր նույնիսկ դաշինքի ձևավորում: Հիշեցնենք նրանց «խռովության» պատճառը. 1996-ին ՀՀ նախագահի ընտրություններում ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հաղթեց ՀՀՇ-ի և երկրի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Սակայն ընտրությունների արդյունքները կեղծվեցին, իսկ ԱԺ-ի շենքը գրաված ժողովրդին բռնի ուժով դուրս արեցին, ու ճնշեցին բարձրացող ապստամբությունը: Շավարշ Քոչարյանին, Պարույր Հայրիկյանին ԱԺ ամբիոնի մոտ բառիս բուն իմաստով ծեծող քաղաքական ուժի ներկայացուցիչն այսօր բողոքում է. - Իշխանությունները փորձելու են վերջնական արդյունքում ձևակերպումներ, գրառումներ անել այնպես, ինչպես իրենք սովոր են և միշտ արել են (իմա` ընտրությունների արդյունքների կեղծում-խմբ.) : Այս պարագայում ռեալ ընդդիմությունը կարող է միավորվել և դուրս գալ միտինգային պայքարի: «Ավանգարդը» փորձեց ճշտել` ընտրությունների արդյունքների կեղծման տեխնոլոգիաների առումով, 1996-ի հետ համեմատած, գոնե փոքր-ինչ առաջընթաց կա՞, թե՞ այս հարցում էլ դոփում ենք նույն տեղում: Պարզվեց, որ «տնտեսության» այս ոլորտում զարգացում նկատվում է. - Եթե առաջ մի հիսուն հաստավիզ տեղամասից տեղամաս էին գնում ու քվեարկում, հիմա ուղղակի կեղծվում են փաստաթղթերը: Տեսա՞ք: Իսկ որոշ ընդդիմադիրներ համառորեն պնդում են, թե մեզանում ոչ մի առաջընթաց չկա: