Ինքնակամներն ինքնածին գնացի¯ն... գնացի՞ն


Մենք չգիտենք` ովքեր են տերերը Դեռ նախորդ տարիներից ինքնակամ շինարարության դեմ արշավի ելած քաղաքային իշխանությունը այսօր խոսում է այդ պայքարի արդյունավետության մասին: Պայքարեցին-պայքարեցին ու 500 ինքնակամ կառույց շարքից հանեցին: Այն էլ` խոշոր-խոշոր կառույցներ: Քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանի պնդմամբ, այսօր արդեն «մենք ականատես չենք լինի մեծածավալ ինքնակամների դեպքերի հայտնաբերմանը»: Այսինքն` օրինականացման սպասող 100 հազարի մեջ խոշորները չկան: Մեծածավա՞լ, թե՞ փոքրածավալ են համարվում մայթերը գրոհած տաղավարներն ու կրպակները: Կամ մի՞թե խնդիրը ապօրինի կառույցի չափերի մեջ է: Ուրիշ բան է ինքնակամների տերերի չափերի տարբերությունը: Համենայն դեպս, հետաքրքիր կլիներ իմանալ, թե ո՞ր խոշոր օլիգարխին կամ «ազդեցիկ» դեմքին պատկանող ինքնակամ կառույցն է քանդվել, թե՞ նրանք ապօրինությունից հեռու են և նման կառույց չեն կարող ունենալ: Էս էն հողն է, որ... Պետությունն այսօր ամեն մի թիզ հողը վերահսկում է: Առանց պետության թույլտվության, առանց համապատասխան ձևակերպման և հաճախ էլ առանց չինովնիկների թրի տակով անցնելու ոչ քո սեփական և առավել ևս ոչ էլ պետական հողատարածքում քարը քարի վրա դնել ոչ ոքի չի հաջողվի: Եթե բոլոր այս գործընթացները իրականացվում են օրենքի պահանջների կիրառմամբ, քաղաքի տեսքը բարելավելու և ոչ թե գրպաններ լցնելու նպատակ ունեն, ապա ողջույն այսօրինակ բոլոր ձեռնարկումներին: Իսկ այժմ դատենք` ողջունե՞լ, թե՞ չողջունել տեղական ինքնակառավարման մարմինների անտարբերությունը դեռ խորհրդային ժամանակներում տեղի ունեցող և այժմ էլ պահպանվող յուրատեսակ հողազավթումների նկատմամբ: Խոսքը բազմաբնակարան շենքերի, ինչպես բակային, այնպես էլ շենքին կից ընդհանուր օգտագործման տարածքների մասին է, որոնք զավթվել են առանձին բնակիչների կողմից և արգելված-անանցանելի դարձել մյուսների համար: Էլ չխոսենք բազմաթիվ անհարմարությունների մասին, որ առաջանում են իրենց հողատեր համարող բնակիչների մեղքով: Նման հողազավթումների նկատմամբ թաղային իշխանությունները բացարձակապես անտարբեր են: «Կառուցապա տում չկա». ահա հիմնավորումը: Պետական հողը պետության բոլոր քաղաքացիների համար ծառայեցնելուն նպաստելը նրանք իրենց գործն ու պարտավորությունը չեն համարում: Այ, ուրիշ բան, եթե այնտեղ կառույց երևա... Գո՜րծ է բացվում, գո՜րծ: Հաշիվն էլ` հետը: Ծրագրի կարգով, սեռական վարքով` ընդդեմ սպիդի Անիծվի էն «սհաթը», երբ սպիդի շորշոփը հասավ Հայաստան, և սպիդով հիվանդանալու սարսափը մեզ էլ պատեց: Էդ անիծված «սհաթը» հայտնի չէ: Պաշտոնական տեղեկատվությունն ընդամենը ծանուցում է, որ վարակվածության դեպքերը մեզանում սկսել են արձանագրվել 1988-ից: ՄԻԱՎ/ՁԻԱՎ անվանումով այս չարիքին ընդդեմ` բնակչությանը և մասնավորապես խոցելի շերտերին ի սկզբանե առաջարկվում-խորհուրդ էր տրվում հետևել անվտանգ սեռական վարքականոններին: Առողջապահական համակարգը պատրաստ չէր դիմագրավել մարդկության համար չարիք դարձած այս հիվանդությանը, և մինչ վարակվելուց զերծ մնալու համար մարդիկ կմտածեին իրենց վարքը կարգավորելու մասին, պետությունը սպիդի դեմ պայքարի ծրագիր մտմտաց: 2002-ին, ի վերջո, ասպարեզ եկավ ազգային ծրագիրը: Ոլորտի պատասխանատուների գնահատմամբ, 2002-2006 թթ. համար նախատեսված այս ծրագիրը կատարեց իր դերն ու գործառույթները: Որպես կարևոր ձեռքբերում մասնագետները նշում են բնակչության տարբեր խմբերի շրջանում գիտելիքների մակարդակի բարձրացումը և անվտանգ սեռական վարքագծի ձևավորումը: Պաշտոնական տեղեկատվությամբ, ամենախոցելի շերտերի շրջանում (ներարկումների ճանապարհով թմրանյութեր օգտագործողներ, մարմնավաճառներ, հոմոսեքսուալներ) ՄԻԱՎ-ով հիվանդությունը անցած հինգ տարիների ընթացքում նվազել է շուրջ 6 տոկոսով: Սա` անվտանգ վարքագծի արդյունավետությունը: Ծրագրի իրագործողները մատնանշում են նաև կանխարգելիչ բուժման ռազմավարությունը: Հայաստանում արձանագր վել են մորից երեխային վարակի փոխանցման դեպքեր: 35-45 տոկոսի դեպքում հիվանդ մորից ծնվում է վարակված երեխա: Մինչդեռ կանխարգելիչ բուժում ստանալու դեպքում առողջ երեխա ծնվելու հավանականությունը կարող է հասնել մինչև 95 տոկոսի: 2002-2006 թթ. ծրագիրը իր արած-չարածով անցավ պատմության գիրկը: Ի՞նչ խնդիրներ է լուծելու դրա իրավահաջորդը` մարտի 1-ին Կառավարության որոշմամբ կյանքի կոչված` 2007-2011 թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՎ հակազդման երկրորդ ազգային ծրագիրը: Բուն նպատակը, հասկանալի է, մնում է բոլոր ճակատներով վարակին հակազդելը, գումարած մի շարք խնդիրներ, որոնք երևան եկան նախորդ ծրագրի իրականացման ընթացքում: Ըստ էության դրանք նոր մարտահրավերներ են, որոնք ներառվել են նոր ծրագրում: Զորօրինակ` այսպիսի խնդիր. պայքար հիվանդ ծնողներից ծնված երեխաների նկատմամբ խտրականության, նրանց խարանման դեմ: Նման պայքարի անհրաժեշտությունը կա, քանի որ այս երեխաները կարող են խարանվել շրջապատում` դպրոցում, փողոցում: Սա առնվազն տարօրինակ է: Իսկ ո՞ւր մնաց ցանկացած հիվանդության, իսկ սպիդի դեպքում հատկապես, գաղտնիությունը պահպանելու ընդունված կարգը: ՄԻԱՎ/ՁԻԱՎ ազգային կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանի պատասխանն այսպիսին է. «Անձի հիվանդ լինելու մասին տեղեկատվության տարածման աղբյուրը ինքը` հիվանդն է կամ նրա մերձավոր շրջապատը»: Այսինքն` կա իրողությունը, այլապես դրա հետևանքների դեմ պայքարը որպես խնդիր տեղ չէր գտնի ոլորտի առաջիկա հինգ տարիներին իրականացվելիք ռազմավարությունների շարքում: Միայն թե այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես են պաշտպանվելու երեխաները խարանվելուց, երբ մեր հասարակությունն իր բարյացակամության որակով առանձնապես չի փայլում: Հաշմանդամների օրինակը դրա լավ ապացույցն է: Նրանց ինտեգրումը հասարակությանը նույն այդ հասարակության համար դեռևս ճանապարհի հեռվում է:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ