«Քեզմե վերին չնայես, որ հանգիստ ապրես...»


- Արդի թատերարվեստի, առհասարակ մշակութային երևույթների շուրջ ունեցած մեր զրույցը թողնելով «Ավանգարդ»-ի հաջորդ համարին` կխնդրեի գրականագիտական բարձր գնահատականի արժանացած «Իմ կյանքի հեքիաթը» ինքնակենսագրական գրքին անծանոթ Ձեր արվեստի երկրպագուներին Կանանց միջազգային տոնի նախօրեին փոքրիշատե ճանաչելի դարձնեք հարյուրից ավելի տարատեսակ կանանց բեմի վրա կենդանություն պարգևած ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, բազում մրցանակների դափնեկիր Վարդուհի ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻ կյանքային նկարագիրը: Հինգ տասնամյակից ավելի նույն նվիրումով շարունակվող բեմական ուրույն ստեղծագործության հարուստ բովանդակությունը արդյո՞ք փոխել է այն: - Անպայման: Ունեմ և° լավ, և° վատ կողմեր: Երբեմն զգում եմ, թե որը որ դերիցս է եկել: Ավելի շատ դրական կերպարներ եմ խաղացել: Տարիքիս հետ դրական լիցքավո րումները խմորվեցին` ինձ դարձնելով ավելի հանդուրժող, համբերող, ճղճիմ մանրուքների մեջ չխորացող, աշխարհին բարձունքից նայող: Մենակյաց եմ, կենսական ռեսուրսներս ստանում եմ իմ ներսից: Ինքս ինձ, իմ օրը կարողանում եմ խելացի կազմակերպել: Սովորություն չունեմ գիշերները լուսացնել գրքի կամ հեռուստացույցի առջև: Հավատացնում եմ, որ առողջ քունը երկարակեցության գրավականներից է: Ամեն առավոտյան ես լիցքավորված եմ արթնանում, առույգ: Երբեք չեմ ձանձրանում: Չեմ նեղվում կյանքի դժվարություններից: Չունեմ հիվանդագին քմահաճություններ: Բավականին համեստ եմ ապրում. իմ գործի բերումով այդպես էլ պիտի լիներ: Չեմ էլ ձգտում ավելորդ պաճուճանքների: Մորս խորհրդով. «Քեզմե վերին չնայես, որ հանգիստ ապրես»: Ունեցել եմ լավ ամուսին, ով ինձ չի խանգարել զբաղվել սիրած գործով: Ամենասովորական մայր եմ ու անում եմ ամեն բան տղաներիս, թոռներիս համար, որոնցից ոչ մեկին թույլ չեմ տվել գնալ թատրոնի փշոտ ճանապարհով: Բնավորությանս գծերի մեջ կա չորություն, ոչ` չարություն: Չափազանց ինքնասեր ու հպարտ եմ: Դյուրաբորբոք ու խոցելի եմ, ինչպես արվեստագետներից շատերը: Զբաղվում եմ ինքնաքննադատությամբ: Վստահ եմ, որ ճիշտ եմ ապրել: Ամեն անգամ, երբ առիթ է լինում որևէ առիթով շնորհավորել, աչքիս առաջ երևում են կանայք, որոնց ամուսինները, որդիներն ու եղբայրները զոհվեցին Արցախում, մութ ու ցուրտ տարիների տխուր հոգսերից վաղաժամ ծերացած մայրերը: Նրանց առաջ ինքս էլ եմ խոնարհվում: Ցանկանում եմ, որ հայ կինը մի քիչ հանգիստ ապրի, իր արժանիքներին վայել, նրա դերն ու նշանակությունը ընտանիքում, հասարակական կյանքում արժևորելիս իսպառ հաղթահարվեն ասիական դոգմատիկ մտածողության մնացուկ ները: