Միջազգային «Կին» կինոփառատոնի տնօրինուհի


Հպանցիկ հետադարձ հայացքով փորձում ես ընդգրկել մարդկային հասարակական կացութաձևի զարգացման համապատկերը մայրիշխանության հեռավոր ժամանակներից մինչև XXI դարասկիզբ: Մտովի խորամուխ ես լինում դարակազմիկ շրջադարձերի բազմաշերտ բովանդակության մեջ: Եվ չես կարողանում անտարբեր շրջանցել կտրուկ փոփոխությունները կնոջ նկարագրի` զարմանալիորեն, անճանաչելիորեն ճշգրտված ու վերակառուցված պատմական առաջընթացի ամենազորեղ քանդակագործական բրիչների տարաբնույթ ազդեցությունների արդյունքում: Տղամարդու հասարակական ակտիվության սոսկ կենսական` ընտանեկան-կենցաղային հիմքերը իր հոգևոր-ֆիզիկական անդուլ տքնանքով ու ջերմությամբ պահպանողից մինչև սոցիալ-քաղաքական փոխհարաբերությունների ձևավորման օրավուր ավելի կարևորվող ու գնահատվող դերակատար: Ազգերի համաշխարհային ընտանիքում կատարված ու դեռևս ընթացող գլոբալ տեղաշարժերը անպայմանորեն անդրադարձել են նաև հայ կնոջ հոգեկերտվածքի վրա: Ազատագրելով նրան ազգային դոգմատիկ մտածողության ու ապրելակերպի պարտադրած շղթաներից` ընդլայնել են հասարակական գործունեության ասպարեզը, վերաարժեքավորել դերն ու նշանակությունը: Այս մտորումներն են դարձել արվեստագետ Մարիամ Օհանյանի ամենակարևոր մտահոգությունը, ուղղորդել նրա հասարակական ակտիվությունը և 2000 թվականին ծնունդ տվել «Մենախոսությունից երկխոսություն» առաջին վավերագրական կինոժապավենին, որով նա փորձում է առարկայական-տեսանելի կինոլեզվով հանդիսատեսի հետ կիսել իր խորհրդածությունները հայկական կինեմատոգրաֆիայում ներկայացված կնոջ կերպարի ակնհայտ փոփոխությունների շուրջ` «Նամուս»-ից, «Պեպո»-ից, «Առաջին սիրո երգ»-ից մինչև Տիգրան Խզմալյանի «Սպիտակն ու սևը»: Հայ կնոջ կերպարի համակողմանի ամբողջացումը իր իսկ նախաձեռնած սոցիոլոգիական ուսումնասիրությունների տվյալների վերլուծության ու համակարգման հիման վրա` այնուհետև դառնում է Մարիամ Օհանյանի գլխավոր ասելիքը ոչ միայն հետագա կինոժապավեններում, այլև պատմվածքներում, պիեսներում, գիտահետազոտական հրապարակումներում: Նրա վավերագրական ֆիլմերը` «Հայ կինը և քաղաքականությունը», «Ձայներ», «Մենք մեր հողի գույնի ենք», «Հղի կնոջ օրագիրը», «Ես լուսանկա րում եմ Շուշին», «Կյանքից իրական» հրապարակախոսական ընդգծված ուղղվածություն ունեն: Միաժամանակ անթաքույց նպատակ` մասսայականացնել քաղաքական- հասարակական-մշակութային-գիտական ծանրակշիռ ու համեստ գործունեությունը հայ կանանց` քաղաքագետների, արվեստագետների, ազատամարտիկների: Իր խոսքը հանդիսատեսին հասցնելու հոգևոր պահանջի դրդմամբ` Մարիամ Օհանյանը, շուրջը համախմբելով ստվերում մնացած արվեստագետ կանանց, 2004 թվականին նախաձեռնում է «Կին» միջազգային կինոփառատոնը, որը պարզ ցուցադրությունից վերաճում է մրցույթի` սկզբնավորելով նոր մշակութային ավանդույթ: Ընդլայնելով իր աշխարհատարած քային շրջանակը` «Կին»-ը 2004-2006 թթ. տարբեր ժանրերի ու գեղագիտությունների հարյուրից ավելի կինոժապավեններ է ներկայացրել կինոսիրողներին` միաժամանակ հնարավորություն ընձեռելով երկրագնդի տարբեր ծագերից մեզ մոտ հավաքված արվեստագետներին` ճշգրտելու հայ մշակույթի ու Հայաստանի մասին իրենց կցկտուր տեղեկությունները: Կայացած երեք փառատոները հավատ են ներշնչում, որ միջազգային մշակութային այս ինքնատիպ երկխոսության հավելումով ևս մենք կկարողանանք լրացնել լայնամասշտաբ փոխշփումների պակասը և նոր հնարավորություն ձեռք կբերենք արտերկրում մեր մշակույթով ներկայանալու: Չէ՞ որ մշակույթն է մեր ազգային նկարագրի լավագույն, թող որ գեղարվեստական (այդպիսով` առավել ներգործուն) հայելին: Ցավոք, կյանքը գեղեցիկի հոգևոր-մտավոր հզոր ազդեցությամբ լավացնելու այս անփոխարինելի հնարավորությունը պաշտոնապես հարկավոր չափով չի մասսայակա նացվում: Ոչ կինոթատրոններում, ոչ հեռուստատեսությամբ չի պրոպագանդվում արդի հայկական կինոարվեստը: Ասում են` այն այսօր հիմնականում միջակություններով է համալրված: Չպետք է մոռանալ, որ հենց վերջիններիս ստեղծագործական ակտիվությունն է նախապատրաստում պարարտ հող նոր զրնգուն անունների ձևավորման ու կայացման համար. ստեղծագործական վակուումում հազիվ թե նշանակալից մշակութային արժեք կամ երևույթ սաղմնավորվի ու ծլարձակի: Կոնկրետ կինոգործիչները գնահատվելու, նաև նյութական քիչ թե շատ կայուն լծակներ գտնելու հույսեր են կապում փառատոների (հատկապես` «դրսի») հետ: Մարիամ Օհանյանն էլ լիահույս հավատում է, որ օպերային թատրոնի հուշարարուհու մասին պատմող իր «Կյանքից իրական» ժապավենը, որ ընդգրկվել է Դորտմունդում ապրիլին կազմակերպվող կանանց միջազգային կինոփառատոնի հիմնական ծրագրում, ոչ միայն կընդլայնի իր կինոերկխոսության լսարանը, կհարստացնի կինոարվեստի արդի արտահայտչամիջոցների մասին ունեցած պատկերացումները, այլև կխթանի նոր աշխատանքների կենսագործումը` նպաստելով կյանքի լավացմանը: «Չէ՞ որ,- ինչպես ինքն է ասում,- աշխարհը մնում է մարդկության հիշողության մեջ այնպիսին, ինչպիսին այն պատկերել են արվեստագետները»: Արվեստին անմնացորդ նվիրված կնոջ անկոտրում հավատը լեռներ կարող է շրջել մարդկանց ներաշխարհում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ