Պատրաստ լինել` դիմագրավելու աղետը


Մարտի 1-ը քաղաքացիական պաշտպանության միջազգային օրն է, ինչը յուրովի նշվեց Լ. Արիսյանի անվան թիվ 127 դպրոցում` Երևան քաղաքի փրկարարական վարչության Քանաքեռ-Զեյթուն համայնքային բաժնի հետ համագործակցության շրջանակներում: - Դեռահասներին աղետի դեպքում արագ կողմնորոշելու նպատակով մենք պարբերաբար նախապատրաստում և անցկացնում ենք օբյեկտային վարժանքներ,- ասում է բաժնի պետ, փոխգնդապետ Արայիկ Օհանյանը:- Քաղպաշտպանության միջազգային օրվա առիթով այս դպրոցում կազմակերպվածը վտանգավոր տարածքից բնակչության տարհանման թեմայով վարժանքն էր: Եվ, ինքներդ էլ համոզվեցիք` աշակերտներն ունեն որոշակի պատրաստվածություն, և տարհանումը կատարվեց նորմատիվների սահմաններում` կարճ ժամանակում և համախմբված, երեխաները դուրս եկան «վտանգված» շինությունից` դուրս բերելով նաև «տուժածներին»: Այս հարցում նշանակալի է դպրոցի տնօրեն և քաղպաշտպանության պետ Նելսիկ Էլոյանի վերաբերմունքը խնդրի կարևորությանը: Եվ, իհարկե` դպրոցի քաղպաշտպանության շտաբի պետ Ալեքսանդր Մարուշկոյի մասնագիտական աջակցությունը: Դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանի փաստմամբ` - Մենք պետք է առաջնակարգենք արտակարգ իրավիճակներին երեխաներին նախապատրաստելու խնդիրը: Այս վարժանքը միակը չէ, և թե° մեր աշակերտները, թե° ուսուցիչներն այդ ուղղությամբ ունեն որոշակի փորձ` անակնկալ աղետների դեպքում խուճապը հաղթահարելու և հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ