Ընդդիմությունը պաշար չունի


Նոյեմբերի 10-ին իր արտահերթ համագումարում ՀՀԿ-ն կառաջադրի Հանրապետության նախագահի սեփական թեկնածուին: Որևէ մեկի, նույնիսկ քաղաքականության, ընտրությունների հանդեպ անտարբերների համար գաղտնիք չէ, որ այդ թեկնածուն Սերժ Սարգսյանն է: Նաև նրա հավանական թեկնածուների անուններն են հայտնի. Արմեն Ռուստամյանը (կամ Վահան Հովհաննիսյանը)` ՀՅԴ-ից, Վազգեն Մանուկյանը (ԱԺՄ), Արթուր Բաղդասարյանը (ՕԵԿ), Լևոն Տեր-Պետրոսյանը (ՀՀՇ): Իհարկե, այլ թեկնածուներ ևս կլինեն: Նախընտրական հանրահավաքային սեզոնը գուցե հունվարին բացվի (եթե եղանակը բարենպաստ լինի): Սակայն արդեն այսօր, թերևս, կարելի է կռահել, որ Հանրապետության նախագահի ընտրություններում պայքարը հիմնականում կընթանա «Հանրապետական»-ՀՀՇ, այլ կերպ ասած` Սերժ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան երկյակի միջև: Իսկ ըստ շրջանառվող լուրերի` Լ. Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումների արդյունքում որոշ կուսակցություններ համաձայնել են երկրորդ փուլի դեպքում սատարել ՀՀ էքս նախագահին: Ընտրական մարաթոնի բոլոր մասնակիցները` թե կուսակցությունները, թե դրանք ներկայացնող թեկնածուները, ըստ էության, ծանոթ են հասարակությանը: Եվ եթե վերջինս մայիսին ընտրություն կատարել է քաղաքական ուժերի միջև, ապա Նախագահի ընտրություններում գաղափարականին ավելանում և մեծ դեր է խաղում կոնկրետ թեկնածուի անձնական հատկանիշերի գործոնը: Կարևորվում է նաև, թե խորհրդարանականից մինչև Նախագահի ընտրություններ ընկած այս կարճ ժամանակահատվածում քաղաքական ուժերից և Նախագահի թեկնածուներից ով ինչով աչքի ընկավ, առաջիկա ընտրապայքարի ինչպիսի պաշար կուտակեց: Այս առումով, մի կողմից` շահեկան, մյուս կողմից` ոչ շահեկան վիճակում է Հանրապետական կուսակցությունը: Ոչ շահեկանն է այն առումով, որ կառավարության կորիզը լինելով. ՀՀԿ-ն Վարչապետի հետ միասին հասարակության դժգոհությունների ու հարվածների կրողն է: Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանն ի պաշտոնե, աշխատանքի բերումով հասցրեց լինել, կարելի է ասել, բոլոր մարզերում, մոտիկից ծանոթացավ առկա հարցերին, անձնական շփումներ ունեցավ մարդկանց հետ, հարկ եղած դեպքում` նաև գործուն միջամտությամբ նպաստալով առանձին խնդիրների լուծմանը: Այս ամենը, ինչ խոսք, նպաստում են Հանրապետականի և Ս. Սարգսյանի անձնական վարկանիշի բարձրացմանը: Նոր բացված ջրագծեր, բնակավայրերի գազիֆիկացում, պետբյուջեի ավելացում… Այս ամենին հակադրելու ի՞նչ ունի ընդդիմությունը, նրա թեկնածուն: Ընդդիմադիր գործիչները, և ոչ միայն նրանք, վերջերս հաճախ են դժգոհում տարադրամի, մասնավորապես, ԱՄՆ դոլարի փոխարժեքի անկումից ու դրա առաջացրած սոցիալ-տնտեսական դժվարություններից: Բայց համաշխարհային տնտեսության մեջ կան երևույթներ, իրողություններ, որոնց վրա Հայաստանը չի կարող ազդել: Այդուհանդերձ` ենթադրելի է, որ ՀՀԿ-ի թեկնածուի մրցակիցներն իրենց քարոզարշավների շրջանակներում փորձելու են շահարկել տարադրամի արժեզրկումը և գնաճը: Պատահական չէր, որ Լոռու մարզում Վարչապետն ասաց, թե իրեն ավելի շատ հետաքրքրում են շաքարավազի և ալյուրի գները, քան թե հրապարակում հնչած մի ելույթ: Թերևս, ճիշտ է, որ խորհրդարանական ընտրությունները Նախագահի ընտրության նախերգանքն են: Կարելի է ավելացնել նաև` լակմուսի թուղթը: Ինչպես անցած շաբաթ բժշկական համալսարանում նկատեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ագրեսիվ կեցվածք ընդունած ընդդիմադիրները դուրս մնացին խորհրդարանից: Այս մասին խորհրդարանական ընտրություններից առաջ զգուշացրել էր նաև Արամ Գ. Սարգսյանը (ՀԴԿ), ասելով, թե ընդդեմ գործելու ժամանակներն անցել են: Մարդիկ կայուն իրավիճակ ու աշխատանք են ուզում: Նկատենք, որ հարևան Վրաստանում առկա քաղաքական զարգացումները մեզանում ոգևորություն չեն առաջացնում, ինչպես տարիներ առաջ էր: Ինչ մնում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա մարդիկ կան, որ կհիշեն` նա ոչ առաջին անգամ ընտրվելիս որևէ լուրջ ծրագիր, նախընտրական խոստում ներկայացրեց, ոչ էլ երկրորդ անգամ: Իսկ հոկտեմբերի 26-ին հայտարարելով, թե ներկա իշխանությունների սխալ քաղաքականության պատճառով Ղարաբաղյան խնդիրը փակուղի է մտել, չասաց, թե որն է ելքը: Ինչ-ինչ, բայց գոնե Ղարաբաղի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Լևոն Տեր-Պետրոսյանը, հավանաբար, կբախվի ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միասնական ճակատին: Այդ երկու հարցերում, իհարկե, Հանրապետականի հետ բանավիճելու խնդիր չունեն ոչ միայն Դաշնակցությունը, այլև մի քանի ուրիշ քաղաքական ուժեր Ո՞վ գիտե, գուցե հենց գաղափարական ա°յս ընդհանրությունը հիմք դառնա` նախընտրական հնարավոր նոր դաշինքի ձևավորման:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ