«Եթե Ադրբեջանի կողմից չլինի հրադադարի խախտում, մենք պատասխան կրակ չենք բացի»


Ռազմական հետախուզության օրվա շրջանակերում ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը` բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ այցելեց Նուբարաշենի հատուկ նշանակության գունդ, որտեղ անցկացվեցին ցուցադրական միջոցառումներ` հետախուզական և հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ: Ինչպես Հետախույզի օրվա տոնակատարության ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, հայ հետախույզները անցած տարիների ընթացքում արժանացել են ամենաբարձր մարտական պարգևների: -Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ սպաների և զինծառայողների առջև, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար: Այժմ, իհարկե, ձեռք է բերվել հարաբերական խաղաղություն, սակայն զինծառայողի, և, առավել ևս, հետախույզի համար հանգիստ ծառայություն չի լինում,-ասաց նա: Նախարարը նկատեց, որ հայկական հետախուզությունը մշտապես շարունակում է իր առանձնահատուկ ծառայությունը և լիովին համակարգում է իրավիճակը տարածաշրջանում` կանխատեսելով թշնամական ծրագրերի բոլոր ուղղություններն ու փուլերը: -Մեր հետախույզները մեծ ներդրում են ունենում Հայաստանի առջև ծառացած վտանգների կանխման գործում: Այսօր ես իմ առջև տեսնում եմ ինչպես մարտական փորձ ունեցող և ամենահայտնի հետախուզական կենտրոններում պատրաստություն անցած հետախույզների, այնպես էլ վճռականությամբ լի երիտասարդության,-նշեց Միքայել Հարությունյանը` հետախույզ ների կողմից իրենց առաջ դրված խնդիրների կատարումը գնահատելով «լավ»: -Ասում եմ լավ, որպեսզի մենք աշխատելու տեղ ունենանք գերազանցի հասնելու համար: Համոզված եմ, որ շարունակական կլինի այն, ինչ եղել է 90-ական թթ. սկզբներին: Խորհրդային Միության ժամանակ նոյեմբերի 5-ը նույնպես նշվում էր որպես Հետախույզի օր, եւ 92թ. մենք որոշեցինք չփոխել այդ ամսաթիվը,-ավելացրեց Պաշտպանության նախարարը: Նրա խոսքով` գնդի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ չի մոռացել իր անցած հերոսներին, որոնք 90-ականների սկզբին կատարում էին իրենց առաջ դրված խնդիրները: Գնդում կա պայմանագրային հիմունքներով ստեղծված ստորաբաժանում, որը արդեն գործում է կես տարի: Ընդհանուր գունդն անցած 15 տարիների ընթացքում մշտապես արժանացել է լավ եւ գերազանց գնահատականների: ԶՈՒ ԳՇ հետախուզական վարչության պետ, Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արշակ Կարապետյանը հավելեց, որ հետախուզական վարչությունը ցանկացած բանակի հզորության և մարտունակության հիմքն է: -Այսօր հետախուզությունը վերափոխվել է, զորքերը` վերակազմավորվել, ստեղծվել են նոր ստորաբաժանումներ, որոնք հագեցած են ժամանակակից նորագույն հետախուզական միջոցներով: Մեր սպաներն ու զինվորներն ամեն օր զարգացնում և բարձրացնում են մասնագիտական հմտությունները,-ասաց նա: Գնդապետ Կարապետյանը նկատեց, որ հետախուզության կայացման գործում իրենց դերն են ունեցել այն բոլոր հետախույզները, ովքեր մասնակցել են տարբեր պատերազմների, հատկապես` աֆղանական և արցախյան պատերզամներին: Նա հավաստիացրեց, որ հայկական հետախուզությունը կանի հնարավոր ամեն բան` պաշտպանելու հայրենիքը: Հետախույզի օրվա կապակցությամբ ցուցադրական զորավարժություններ անցկացրեցին ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ հետախուզական ստորաբաժանումները: Մի շարք զինծառայողներ, նախարարի հրամանով, արժանացան մեդալների եւ խրախուսական նվերների: m Ս.թ. նոյեմբերի 6-ից եռօրյա պաշտոնական այցով Երևանում է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Նաջարիի գլխավորած պատվիրակությունը: Պաշտոնական այցի ծրագրի շրջանակներում պատվիրակությունը պաշտոնական հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Վարչապետ Ս. Սարգսյանի և ՀՀ պաշտպանության նախարար Մ. Հարությունյանի հետ, կայցելի Մատենադարան, Երևանի Կապույտ Մզկիթ և ՀՀ ՊՆ Արմավիրի ուսումնական բրիգադ: Վաղը պատվիրակության անդամները կայցելեն նաև ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և Սուրբ Էջմիածնի Մայր տաճար: