8. Հայրենիքը արյան մորմոք է, ոգու կարոտ


(լրագրողի մտորումներ) (սկիզբը` թիվ 34-36, 38-41-ում) Ահա և առանձնացրինք մեր գլխավոր Ազգային Արժեքները` Հայրենիք, հայրենի պետություն, մայրենի լեզու, Մայր եկեղեցի, ազգային երգ ու տաղ, այլ խոսքով` ազգային մշակույթ… Անսահման մի ծով, եթե նկատի առնենք, որ մեզ համար սրբություններ համարվող այս հասկացություններից յուրաքանչյուրն իր հերթին ինքն իրեն հայ գիտակցող ամեն մեկիս մեջ ստանում է շոշափելի կոնկրետություն, արտահայտվում է առարկայորեն` տեղավայրերով, պատմական հուշարձաններով, յուրաքանչյուրիս ծննդավայրի բնության չքնաղ պատկերներով, մեր հինգհազարամյա պատմական մաքառումների բախտորոշ դեպքերի հոգի վեհացնող վերհուշներով ու հերոսական դեմքերի գործած սխրանքների հուզական վերապրումներով, մեր մշակութային նվաճումների ու մշակույթի մեծերի հանդեպ պատկառանքով… Երբ նայում ենք ա°յս պրիզմայի միջով, ապա մեզ համար անվերապահորեն Ազգային Արժեք են դառնում ոչ միայն այսօրվա Երևանն ու Էջմիածինը, այլև մեր բոլոր շեն ու ավեր մայրաքաղաքները, սկսած…2790-ամյա Էրեբունուց: Ոչ միայն մայրաքաղաքները, այլև մյուս բոլոր շեն ու ավեր քաղաքները, գյուղերը, բնակավայրերը, թե° նրանք, որ շաքարի պես մնացին շան բերանում, թե° նրանք, որ գտնվում են ա°յս հողի վրա, ա°յս պետության մեջ: Ազգային Արժեք են նաև այդ հազարավոր շեն ու ավեր քաղաքների, գյուղերի, բնակավայրերի անձեռակերտ բնական հուշարձանները, ինչպես նաև նրանցում երբեմնի ապրած կամ ապրող բնակիչների կերտած ձեռակերտ հրաշալիքները, դրանց շուրջը հյուսված լեգենդներն ու ասքերը, սկսած…Գերեզմանքից, ուր իր վախճանը գտավ մեր խարտյաշ ու գեղագանգուր նախնի Հայկի հաղթաբազուկ ձեռքով շանսատակ եղած բռնակալ Բելը, վերջացրած «Սասնա ծռեր» էպոսի առասպելյալ ու Եռաբլուրում ննջող հերոսների իրական կերպարներով: Մեզնից յուրաքանչյուրն իր հոգու միլիոնավոր անտես թելերով կապված է Արարատին ու Սիփանին, Արագածին ու Նեմրութին, Ֆընտըճաքին ու Տալվորիկին, Ավարայրին ու Ձիրավին, Հալիձորին ու Սարդարապատին, բոլոր այն հավերժորեն թանկ ու անմոռանալի անթիվ-անհամար վայրերին, ուր մեր ժողովրդի անթիվ-անհամար դյուցազուն զավակները, սկսած Արամ Աշխարհակալից ու Տիգրան Մեծից, վերջացրած Վարդան ու Մուշեղ Մամիկոնյաններով, Թեոդորոս Ռշտունիներով ու Այծեմնիկներով, Արաբոներով, Գևորգ Չաուշներով ու Անդրանիկ Օզանյաններով, Նելսոն Ստեփանյաններով ու Թաթուլ Կրպեյաններով` հար ու հարատև կռվել, պաշտպանել են մեր ապրելու իրավունքը, մեր ազգային արժանապատվությունը: Օրհնությո¯ւն մեր բոլոր հին ու նոր հերոսների հայրենապաշտպան բազուկներին, փա¯ռք հայոց հազարավոր տարիների Գոյամարտի բոլոր երևելի դեմքերին, հավերժորեն անմոռաց բոլո¯ր հայտնի ու անհայտ անուններին, որ դարձել են մի-մի Ազգային Արժեք: Բայց ինչու՞ միայն Գոյամարտի: Մի՞թե մեր Գոյամարտը չի սկսվել ու չի շարունակվում նաև ժողովրդի կենսագործունեության մյուս բոլոր ոլորտներում: Հայոց ինքնատիպ ու անկրկնելի ճարտարապետության հրաշքները և դրանք արարած հայտնի ու անհայտ վարպետները, սկսած Զվարթնոցի տաճարը կառուցած Տրդատ ճարտարապե տից ու Գոշավանքի ասեղնագործ խաչքարը երկնած Պողոս վարպետից, վերջացրած ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանով ու Թորոս Թորոմանյանով` մի-մի Ազգային Արժեք են: Հայոց գրերը, դրանք ստեղծած Մեսրոպ Մաշտոցը, այդ գրերով ամբո¯ղջ 1600 տարի իրենց անմահ գործերն ստեղծած ու սերունդներին որպես անգին նվեր թողած մեր գրչի վարպետները, սկսած պատմահայր Խորենացուց, վերջացրած Քուչակով ու Նարեկացիով, Թումանյանով ու Չարենցով` մի-մի Ազգային Արժեք են: 10 հազար տարի առաջ Հայոց ժայռերին իրենց ստեղծագործ մտքի հետքերը թողած անանուն հեղինակներից մինչև մեր մեծանուն Նաղաշները, Վարդգես Սուրենյանցից մինչև Հակոբ Գյուրջյան, Հովհաննես Այվազովսկուց մինչև Երվանդ Քոչար, Մարտիրոս Սարյան ու Մինաս Ավետիսյան` մի-մի Ազգային Արժեք են: Երկու հազար տարեկան հայ թատրոնն ու հարյուրամյակին մոտեցող հայ կինոն, սկսած մեր առաջին թատերագիր արքա Արտավազդ 2-րդից, վերջացրած հայ բեմի ու էկրանի հանճարներով` Վարդան Աճեմյանով, Վահրամ Փափազյանով, Հրաչյա Ներսիսյանով, Մհեր Մկրտչյանով, բոլո¯ր մյուսներով` մի-մի Ազգային Արժեք են… Փորձեք թվարկել, և կտեսնեք, որ սկսած քաղաքական ու փիլիսոփայական մտքի տիտաններից, գիտության ամենատարբեր բնագավառների հանճարներից, վերջացրած գրականության ու արվեստի բոլոր ճյուղերի վարպետներով, ժողովրդի երախտապարտ հիշողության մեջ իրենց այս կամ այն բարի գործով ու արարքով հետք թողած անհատներով` մեր Ազգային Արժեքների ցանկն անսպա¯ռ է: Այդ անսպառ Արժեքները բոլորինս են` հավասարապես: Թե հարուստինը, թե աղքատինը, թե շահագործողինը, թե շահագործվողինը, թե այս հողի վրա ապրողինը, թե այս հողից հազարավոր կիլոմետրերով հեռու գտնվողինը: Դրանց հավաքական ամբողջությունն է, որ դառնում է Հայրենիքի գաղափար, դրանց նկատմամբ մարդկայնորեն միանգամայն հասկանալի ոգու կարոտն է, որ յուրաքանչյուր հայի երակների մեջ վեր է ածվում երբեք չննջող արյան մորմոքի: Բոլոր նրանք, ովքեր իրենց երակներում ունեն այդ մորմոքը, իրենց հոգու և սրտի մեջ գուրգուրանքով պահում են Հայրենիքը, նրա պատմությունը, նրա հին ու նոր հերոսներին, Հայրենի պետությունը, մայրենի լեզուն ու Մայր եկեղեցին, հայրենի մշակույթն ու նրա անթիվ-անհամար Մշակներին, գիտակցելով, որ դրանք Ազգային անանց Արժեքներ են` մեր ժողովրդի իսկական զավակներն են: Միայն ու միմիայն այդ Ազգային Արժեքների շուրջ կարող է գոյանալ ժողովրդի համազգային միասնության գիտակցությունը: Եվ միայն ու միմիայն ա°յդ գիտակցությունը կարող է ժողովրդին պահել իբրև միասնակա°ն, իր առջև համազգային նպատակներ դնելու ընդունակ և դրանց հասնելու կամք ունեցող հավաքականություն: Քաղաքական ոչ մի ուսմունք, ոչ մի գաղափարախոսություն ընդունակ չէ ապահովել որևէ ժողովրդի համազգային միասնությունը: Քաղաքական կրքերը կարող են տարբեր լինել, իսկ հայրենասիրությունը` երբեք: Միայն և միմիայն հայրենասիրության գաղափարն իր կենսագործունեության և սերունդների դաստիարակության առանցքը դարձրած ժողովուրդը կարող է վստահորեն նայել իր ապագային… Այս հոդվածաշարը գրելիս իմ նպատակն էր ապացուցել, որ մենք կարո°ղ ենք միասնական ու համախումբ լինել: Կարո°ղ ենք, այո, բայց դարձե՞լ ենք այդպիսին: Եվ եթե ոչ, հապա` ինչու՞: Այդ «ինչուի» պատասխանն էլ փորձիր ինքդ գտնել, ընթերցող բարեկամ, քանզի դա արդեն նոր հոդվածաշարի նյութ է…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ