Կ. Զատուլին. «Ով էլ Հայաստանում գա իշխանության, չի կարող ետ կանգնել ԼՂ ինքնորոշման իրավունքի
Ցանկացած քաղաքական գործիչ, ով կցանկանա ԼՂ հարցում զիջել հայկական կողմի դիրքերը, պետք է քաղաքական «խարակիրիե անի»,- նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի անդամ Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքով, կարող է փոխվել հակամարտության կարգավորման այն եղանակը, որով Ռոբերտ Քոչարյանն իր վրա վերցրեց ԼՂ շահերի ներկայացումը և կարող է կրկին Ղարաբաղը ներկայանալ որպես բանակցությունների ինքնուրույն կողմ: Այս մասին նա նշել է Day.az -ին տված հարցազրույցում: Ինչ վերաբերում է ետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների գոտում և մասնավորապես Ղարաբաղում ՎՈՒԱՄ երկրների խաղաղապահ ուժեր տեղակայելու հնարավո րությանը, ռուս պատգամավորն ընդգծել է. «Մենք անկասկած ՎՈՒԱՄ խաղաղապահ ուժերի ստեղծումը դիտում ենք որպես նետված ձեռնոց Ռուսաստանի խաղաղապահ ջանքերին: Լեռնային Ղարաբաղում, ինչպես հայտնի է, այդպիսի ուժեր չկան և կողմերը հիմնվում են 1994 թվականին կնքված կրակի դադարեցման պայմանավորվածության վրա: Ես չեմ կարծում, որ Ղարաբաղը կհամաձայնի ընդունել ՎՈՒԱՄ խաղաղապահ ուժերի տեղակայումը իր տարածքում, որի կազմում է գտնվում նաև Ադրբեջանը: Պետք է շատ միամիտ լինել, ենթադրելու համար, որ Հայաստանը կճանաչի ՎՈՒԱՄ խաղաղապահների մանդատը»: