Բացահայտվել են կարագի և բուսական յուղի գների բարձրացման իրական պատճառները


Ինչպես պարզվում է, վերջին շրջանում պարենային մի շարք ապրանքների, ավելի ստույգ կարագի և բուսական յուղի գների թռիչքաձև աճը հետևանք է հայկական շուկայում հակամրցակցային համաձայնությունների: Այս մասին են վկայում օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մասնագետների իրականացրած մոնիտորինգի արդյունքները: Մասնավորապես կարագի և բուսական յուղի շուկայում գործող խոշոր տնտեսվարող ընկերություններ, ինչպես նաև Երևանում ընդհանուր հարկման ռեժիմով աշխատող մանրածախ առևտուր իրականացնող մի շարք սուբյեկտներ վերոհիշյալ ապրանքների գները կտրուկ բարձրացրել են նույնիսկ այն դեպքերում, երբ նվազել է դրանց մաքսային արժեքը, կամ երբ անփոփոխ է մնացել ձեռքբերման գինը: Հետզհետե բարձրացվել են նաև այդ ապրանքների այն խոշոր խմբաքանակների գները, որոնք ձեռք են բերվել դեռևս ապրիլ ամսին, միջազգային ցածր սակագներով: Արձանագրված դեպքերի առթիվ հանձնաժողովը հարուցել է վարչական վարույթներ, որոնց արդյունքում կարագի և բուսական յուղի շուկաներում հակամրցակցային համաձայնություն ների համար շուրջ 50 տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տուգանվել է իր տարեկան հասույթի 2 տոկոսի չափով /յուրաքանչյուրից ոչ ավելի քան 300 միլիոն դրամ/: Ընկերութ յուններին հանձնարարվել է շտկել և հետագայում բացառել նման խախտումները, իսկ նրանց լրացուցիչ հարկային պարտավորությունների հարցի քննությամբ կզբաղվի ՀՀ հարկային պետական ծառայությունը: Այսպիսով, կարագի և բուսական յուղի գների բարձրացման պատճառաբանվածության մասին պնդումները անհիմն էին: Այս սննդամթերքների ներկրման գների ոչ զգալի աճին հետևել է երկրում իրացվող ապրանքների գնի միջազգային շուկային ոչ համարժեք թռիչքաձև բարձրացումը: Բերենք միայն մեկ օրինակ: Այն դեպքում, երբ Եվրոպայում ֆիննական կարագը թանկացել է ընդամենը 17 %-ով, Հայաստանում նրա գինը բարձրացել է ոչ ավել ոչ պակաս 80 %-ով: Դե էլ ինչ հայ, որ առիթից չօգտվի ու մի լավ «բիզնես» չանի, սակայն այս անգամ սեփական ժողովրդի հաշվին: Իսկ ինչ վերաբերում է շաքարավազի միջազգային գների ենթադրյալ սպասվող բարձրացմանը, սա, մեղմ ասած, հերթական դիվերսիան է և իրականությանը չի համապատասխանում: Դե ինչ, եկեք արձանագրենք, մեղավորները բացահայտվել են և կրել օրենքով սահմանված պատիժ: Սակայն հարց է առաջանում, ինչու՞ շուկայում կարագի և բուսական յուղի գները չեն նվազել և ո՞վ պիտի հատուցի հայ սպառողին իր կրած վնասի դիմաց: Անպատասխան մնացած այս հարցերին անդրադարձավ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանը հոկտեմբերի 24-ին «Փաստարկ» ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Մեկնաբանելով վերջին շրջանում գների թռիչքաձև բարձրացումը` պարոն Եղոյանը մատնանշեց, որ երկրում նկատվում է նաև գների սողացող աճ և ոչ միայն պարենային ապրանքների: Այս երևույթը չնայած պակաս նկատելի է, սակայն նույնքան չպատճառաբանված և վերջին հաշվով հարվածում է սպառողի գրպանին: Իսկ եթե հայկական շուկայում առկա խնդիրներին ավելացնենք նաև մեզանում 40-60% կազմող ստվերային տնտեսությունը, ապա պարզ է դառնում, որ խնդրի լուծման համար պահանջվում է համակարգված մոտեցում: Այդ նպատակով «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահը առաջարկում է վերանայել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: Մասնավորապես հանձնաժողովի կողմից հարուցված վարչական վարույթների համար նախատեսված ժամանակահատվածը պետք է հստակ սահմանվի, ինչպես նաև սեղմվեն հայտնաբերված խախտումների շտկման ժամկետները: Այնինչ, ներկայումս, սահմանված են վարչական վարույթների անսահմանափակ ժամկետներ, իսկ խախտումների շտկման համար նախատեսված է մեկ ամիս ժամանակ: Հաշվի առնելով սպառողներին հասցված վնասի փոխհատուցման կարևորությունը` հաջորդ քայլը, ըստ պարոն Եղոյանի, պիտի լինի հակամրցակցային համաձայնությունների համար նախատեսված տուգանքի չափի բարձրացումը մինչև օրինազանցի հասույթի 5%, որի մի մասը կփոխանցվի հատուկ հիմնադրամին: Հիմնադրամում հավաքագրված գումարը կօգտագործվի սպառողների իրավունքների վերաբերյալ հանրային կրթական ծրագրերի իրականացման, ինչպես նաև գների կտրուկ աճը կանխելու նպատակով ապրանքային ինտերվենցիայի կիրառման համար: Ըստ Աբգար Եղոյանի, գների զսպման նման պրակտիկան լայն կիրառում ունի բազմաթիվ երկրներում: Այսպես, Բոլիվիայում ստեղծվել է հատուկ պետական կազմակերպություն ապրանքային ինտերվենցիաներ իրականացնելու նպատակով: Իսկ մեր անմիջական հարևան Ռուսաստանի Դաշնությունում Պետդումայի որոշմամբ որոշ ապրանքների հանդեպ ընկերությունների եկամուտը սահմանափակվել է մինչև 10 %: Այս եղանակով փորձ է արվում կասեցնել այդ ապրանքների գների հետագա աճը: Դե ինչ, ակնհայտ է, որ գների աճի հիմնախնդրի լուծման ուղղությամբ մենք դեռ շատ անելիքներ ունենք: Իսկ մինչ այդ, եկե°ք վայելենք մեր բարոյական հաղթանակը և հուսանք, որ մեկ ամիս հետո, այնուամենայնիվ, կնկատվի որոշ պարենային ապրանքների գների նվազում: Խոսքի ազատության սահմանափակում, թե՞... Հայկական հեռուստաընկերությունները այսուհետև չեն լուսաբանի մասնավոր մամլո ասուլիսները, որոնք կկազմակերպվեն մասնավոր մամլո ակումբներում: Թե ինչն է պատճառը նման որոշման` դժվար է ասել: Իսկ թե ինչու է այդ միտքը հղացել բոլոր հեռուստաընկերությունների ղեկավարության մոտ միաժամանակ, կարելի է միայն գուշակել: Ենթադրությունները թողնելով ընթերցողին` ասենք միայն, որ սա ամենևին էլ չի նշանակում, թե հասարակությունը անմասն է մնալու մասնավոր մամլո ակումբների եռուզեռից: Տպագիր մամուլի և ռադիոլրագրողների մուտքը մամլո ակումբներ դեռ ոչ ոք չի սահմանափակել: Սակայն հաշվի առնելով այն, որ այսօր զանգվածային լրատվության միջոցների հիմնական լսարանը կազմում են հեռուստադիտող ները, կարելի է ենթադրել, որ այնուամենայնիվ մամլո ասուլիսները կզրկվեն իրենց հիմնական «հանդիսատեսից»: Մեզ, հարգելի ընթերցող, մնում է հուսալ, որ մի օր էլ ռադիո և մամուլի մեր լրագրող գործընկերները չեն որոշի բոյկոտել մամլո ասուլիսները: Իսկ մինչ այդ պաշտպանենք տեղեկացված լինելու մեր իրավունքը. կարդանք թերթեր և լսենք ռադիո: