Թորգոմ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ


(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 34-39-40-42-ում) - Իգորի հետ ամուսնանալուցս առաջ ես ոչնչացրեցի նրա նամակներն ու բոլոր լուսանկարները, բայց եթե շատ ես ուզում տեսնել նրա լուսանկարը, ապա տատիկին դիմիր, մի լուսանկար կար, որտեղ մենք երեքով էինք, երևի տատիկը պահպանած լինի,-ջղային ասաց մայրը և շրջվելով ուղղվեց դեպի դուռը: - Ուրեմն ես Գագիկովնա եմ, Ելենա Գագիկովնա,-հայելու մեջ նայելով ինքն իրեն ասաց Լենան,-Գագիկովնա` լավ է հնչում: - Չհամարձակվես,-ճչած մայրը, արագ քայլերով մոտենալով Լենային,-չհամարձակվես,-կրկնեց նա` բարկությունից շնչահեղձ լինելով,-դու Իգորովնա ես, Իգորովնա: Իգորն էր, որ ինձ ձեռք մեկնեց, երբ ես խորտակված վերադարձա Երևանից, Իգորն էր, որ մեծացրեց քեզ, ապահովեց ամեն ինչով, իսկ նա…,-մայրը սիրտը բռնած փլվեց աթոռին: - Մայրիկ,-վախեցած ճչաց Լենան: - Ոչինչ, աղջիկս, բան չկա, հիմա կանցնի,- Լենային հանգստացրեց մայրը,-վիսկի լցրու: Լենան վիսկի լցրեց և բաժակը մեկնեց մորը: Մայրը մի ումպով դատարկեց բաժակը, հետո կամաց ասաց. - Երևանից վերադառնալուց հետո կապը նրա հետ խզվեց` երբ հայտնվեց Իգորը, ու արդեն պարզ էր, որ ձեռքս է խնդրելու, ես ինքս, կանացի ինքնասիրությունս ոտնատակ տալով, նամակ գրեցի նրան: Նամակում ասում էի, որ աղետալի վիճակում եմ գտնվում, որ կողքիս հայտնվել է մի հոգատար տղամարդ: Հույս ունեի, թե գոնե կզանգի. նրա կես խոսքն իսկ բավական էր, որ Իգորին գրողի ծոցն ուղարկեի, բայց նա չպատասխանեց: Դրանից հետո միայն ամուսնացա Իգորի հետ: Հետո, երբ մոտ մի տարի անց իմացա, որ նա էլ է ամուսնացել, էլի մի նամակ գրեցի: Շնորհավորեցի ամուսնության առթիվ, հայտնեցի, որ ես էլ եմ ամուսնացել, որ արդեն դուստր ունեմ… Հույս ունեի, որ կպատասխանի, գոնե ընկերներ կդառնաինք, քեզ չէի զրկի հորդ տեսնելու իրավունքից, բայց նա էլի չպատասխանեց: Հասկացիր, վերջապես նա իր կյանքից ջնջել է մեզ, ջնջել է առհավետ, այնպես որ, այլևս երբեք չհամարձակվես քեզ Գագիկովնա կոչել: Մեկընդմիշտ հիշիր` դու Իգորովնա ես: Եղա՞վ: - Եղավ: ԳԼՈՒԽ 2 Ելենան և Մարգարիտան Իգորին և Անդրեյին դիմավորեցին նախասրահում: Միջահասակ Իգորի կողքին Անդրեյը ատլանտ էր թվում: Բարձրահասակ էր, ամրակազմ, գեղեցկադեմ, թանկարժեք կոստյումը ընդգծում էր մկանոտ կուրծքն ու թևերը: Նրա ամեն շարժման մեջ զգացվում էին անսահման ուժն ու ինքնավստահությունը: Ալ վարդերի մի փառահեղ ծաղկեփունջ ձեռքին, տիրական հայացքը ուղղելով Լենային, ինքնավստահ քայլերով նա մոտեցավ իրենց ընդառաջ եկող կանանց: Ելենան հանդիպմանը լավ էր նախապատրաստվել` նուրբ կտորից կարված բաց երկնագույն զգեստը կիպ գրկել էր նրա մարմինը` ընդգծելով կանացի բարեմասնությունները, դարձնելով դրանք անդիմադրելի հմայիչ: Վարպետորեն արված շպարն ընդգծում էր նրա խոշոր, սաթի պես սև աչքերը: Քայլվածքում և շարժուձևում այնպիսի նազանք և թովչանք կար, որ թվում էր, թե նա սավառնում է օդում, կարծես ոչ թե մարդ, այլ եթերային մի էակ լիներ: Մարգարիտան մոտենում էր տղամարդկանց` սիրալիր ժպիտը դեմքին ուշադիր ու անհանգիստ հայացքը հառած Անդրեյի աչքերին: Նա նկատեց, թե ինչպես Լենային ուղղված Անդրեյի խիստ, բարկացկոտ հայացքը աստիճանաբար մեղմացավ, աչքերում հայտնվեցին հիացմունք և կիրք: Մարգարիտան թեթևացած շունչ քաշեց` մտովի ասելով. - Կեցցե°ս, աղջիկս: Մոտենալով տղամարդկանց` Մարգարիտան գրկեց Անդրեյին` ասելով. - Անդրեյ, սիրելի°ս, ինչ ուրախ եմ քեզ տեսնելուս համար... - Բարի երեկո, Մարգարիտա Վասիլևնա,-Մարգարիտայի ձեռքը համբուրելով պատասխանեց Անդրեյը` մեկնելով նրան ծաղկեփունջը: - Սա ի՞նձ, թե Լենայի՞ն,-կոկետորեն հարցրեց Մարգարիտան: - Քեզ, մայրիկ, ես նախընտրում եմ այլ բան,-մորը պատասխանեց Լենան` այտը մոտեցնելով Անդրեյին: Անդրեյը ակամա համբուրեց նրան, նուրբ օծանելիքի բույրը նրա գլուխը պտտեցրեց, ինքն էլ չիմացավ, թե հաջորդ ակնթարթին ինչպես Լենան հայտնվեց իր գրկում: Լենան, կիպ կպչելով Անդրեյին, իր խոշոր աչքերը հառելով նրան, շրթունքները խռովկան երեխայի նման կլորացնելով, վախեցած երեխայի ձայնով հարցրեց. - Հաշտությու՞ն: Անդրեյը խորը հոգոց հանելով պատասխանեց. - Դե, ի՞նչ կարող եմ անել քեզ հետ, հաշտություն, բայց որ... Լենան արագ հետ քաշվեց, զինվորականի նման զգաստ կեցվածք ընդունեց, աչքերը արագորեն թարթելով` շուտասելուկի պես արտաբերեց. - Խոստանում եմ, խոստանում եմ, խոստանում եմ... ես կուղղվեմ... Մի քանի վայրկյան լուռ մնալուց հետո փռթկաց ու նախասրահը լցրեց իր զրնգուն ծիծաղով: Անդրեյը դյութված ժպտաց: Հաջորդ ակնթարթին Լենան նորից նետվեց նրա գիրկը, հայացքը նրան հառելով, երանավետ շշնջաց. - Ապրես,-ու մի համբույր պարգևեց նրան: Անդրեյը, գրկելով նրա ուսերը, զինաթափված ասաց. - Դե, ի՞նչ անել սրա հետ... - Ախ, դուք, իմ հիմարիկներ,- գորովալից ասաց մայրը,- մնում է միայն ներել: Անդրեյ, Լենան մեղավոր է, շատ է մեղավոր, բայց ֆրանսիացիներն ասում են, եթե կինը մեղավոր է, նրանից պետք է ներողություն խնդրել,-հետո կատակով մատը թափ տալով Լենայի վրա ասաց,- այս անգամ ներում ենք, բայց հիշիր, Լենա, եթե մի անգամ էլ այդպիսի հիմարություն անես, գործ կունենաս ինձ հետ, չնայած իմ աղջիկն ես, բայց ես միշտ կպաշտպանեմ Անդրեյին: (Շարունակելի)

Քրիստինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ