«Կանչե, կռունկ, կանչե…»


Ալեքսանդր Սպենդիարյանի անվան ազգային օպերայի և բալետի թամանյանական հանճարով վեր խոյացած շենքի աջակողմյան հատվածում, սրճարանային թշնամական ինքնավստահ պաշարման օրավուր սեղմվող խեղդօղակում կա շրջանաձև մետաղե ցածր ճաղերի ներսում ամփոփված մի շիրմաքար, որի գոյության մասին անտեղյակ է, չեմ չափազանցնում, այդ աղմկաշատ, բացօթյա և փակ անճոռնի հաստատություններում (խե¯ղճ Թամանյան) զվարճություն փնտրող կամ պարապ ժամերը մաշող այցելուների գերակշող մեծամասնությունը: Կողքով քայլող անցորդներից շատերին չի էլ հետաքրքրում, թե ում աճյունն է հանգչում Թատերական կամ Ազատության կոչվող հրապարակի հարևանությամբ, չնայած կենտրոնում, Հովհաննես Թումանյանի արձանից քիչ հեռու, նույն բարձրության պատվանդանին կանգնեցված նրա հուշակոթողը, փառք Աստծո, դեռևս չի ենթարկվել ակումբա-սրճարանային լայնաճակատ հարձակման հնարավոր (ինչե¯ր ասես չեն կատարվում քաղաքամայր Երևանում) ավերածություններին և առայժմ պարզորոշ տեսանելի է… Հայ երաժշտարվեստի սյուներից մեկի` մեծանուն կոմպոզիտոր, հայկական սիմֆոնիզմի հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի անունն ու գործը ճանաչելի կարևորելու անթաքույց նպատակով, նրա տուն-թանգարանի (տնօրեն` Մարինե Օթարյան) աշխատակիցների նախաձեռնությամբ, Սպենդիարյանի ծննդյան օրը` նոյեմբերի 1-ը նշվում է, նախևառաջ, շիրմաքարին այցելութամբ, հիշատակն ու վաստակը հանիրավի ստվերումից ազատագրելու միտված, թարմ ծաղկեփնջերով, զարդարուն ելույթներով: Երախտագիտությամբ պահպանվող ավանդույթին հավատարիմ` լրագրողների ու արվեստասերների փոքր խմբով, մի քանի տեսախցիկներով, սպասում ենք օպերային թատրոնի խմբին և կոնսերվատորիայի ուսանողներին: Վաղօրոք պայմանավորվածության համաձայն, նկատելով մեզ ուշի ուշով զննող 2 օրինապահների զարմացական հայացքները` կատակում ենք. «Գուցե մեզ կարգի՞ հրավիրեն չարտոնված միտինգի համար...»: Ապա տուն-թանգարանի հիմնադիր տնօրեն (1966-1971 թթ.) Վլադիլեն Բալյանի պատկերավոր խոսքով ենք հրապուրվում: Խոշոր վրձնահարվածներով կենդանանում է տաղանդավոր կոմպոզիտորի ստեղծագործական նկարագիրը: Հպարտությամբ հիշատակվում է Գլինկայի անվան հեղինակավոր մրցանակին` «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերի (1905, ըստ Մ. Լերմոնտովի), «Բեդա քարոզիչը» լեգենդի (1907, Յա. Պոլոնսկու խոսքերով) և «Մենք կհանգստանանք» մելոդեկլամացիայի (1910, Ա. Չեխովի «Քեռի Վանյա» պիեսից Սոնյայի մենախոսության տեքստով) համար եռակի (1908, 1910, 1912) արժանանալու փաստը: Թողնելով բարենպաստ պայմանները` Սպենդիարյանը 1924-ին ընդունել է Երևանում հաստատվելու հրավերը: Երաժշտական ստուդիան նոր էր վերանվանվել և դարձել պետական կոնսերվատորիա: Ձեռնարկում է սիմֆոնիկ նվագախմբի ստեղծմանը, զարգացնում ազգային կոմպոզիտորական դպրոցի գեղագիտական սկզբունքները` հենվելով ռուս դասական երաժշտության ավանդույթների վրա: Կենսական դժվարությունները նրան չէին վախեցնում: Ամենատանջալիցը ստեղծագործական աշխատանքին նվիրվելու անհնարինությունն էր: Ալեքսանդր Թամանյանի մտահղացմամբ նրան տրամադրվում է թեմական տան սենյակներից մեկը` դեպի Զանգուն բացառիկ տեսարանով` ոգեշնչելով Հայաստանում գրված առաջին ստեղծագործությունը` «Երևանյան էտյուդներ»-ը (1925): Դեռևս 1916-ին մտահղացած «Ալմաստ» օպերան (ըստ Հովհ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի) լեդիմակբեթյան հնչեղ ավարտունության է հասցվում: Հաջողությամբ բեմադրվում Մոսկվայում (1930), Օդեսայում: 1933-ին այս օպերայով բացվում է մեր ազգային օպերային թատրոնը: Օգտվելով առիթից` տուն-թանգարանի տնօրինուհին խնդրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանին վերականգնել թատերաշրջանը «Ալմաստ»-ով բացելու բարի ավանդույթը: Սպենդիարյանի ծննդյան տոնակատարությունն իր յուրօրինակ շարունակությունն ունեցավ Նալբանդյան 21 հասցեում գտնվող, թանգարանի վերածված նրա երբեմնի բնակարանում: Նոյեմբերի 25-ին այն կբոլորի իր գործունեության 40-ամյակը: «Ալմաստ»-ի սենյակին կից սրահում, անհամեմատ փոքրաթիվ խմբով, լսեցինք գլխավոր ֆոնդապահ, բանասեր-աշուղագետ Տիգրան Սարգսյանի գիտական ուշագրավ զեկուցումը` նվիրված Գյումրեցու "ծ. Ղ. ՁՌչՐՈվՏՉ Ռ ՎցջօՍՈ ԹՏրՑՏՍՈ" գրքի 80-ամյակին և կոմպոզիտորներ Նիկողայոս Տիգրանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական փոխառնչություններին: Հանգամանալից պատմելով բազմավաստակ երաժիշտ Նիկողայոս Տիգրանյանի (1856-1951 թթ.) կյանքի և ստեղծագործության կարևոր էտապների մասին` զեկուցողը կոնկրետ օրինակներով հավաստեց իր նկատած զուգահեռները արևելյան գույներով երաժիշտ-կատարողի և Սպենդիարյանի ստեղծագոր ծությունների միջև: Տիգրանյանը ժողովրդական երգերի, պարեղանակների հավաքման ու մշակման ծանրակշիռ աշխատանք է արել, մանրակրկիտ ուսումնասիրել է նաև արևելյան մուղամները, հատուկ վերապատրաստվելով` կատարելության է հասցրել դրանց դաշնամուրային փոխադրությունները: 1898-ին կայացել է երկու երաժիշտների առաջին ծանոթությունը` վերաճելով մտերմության: Սպենդիարյանը, հմայվելով Տիգրանյանի մշակումներով` օգտագործել է դրանք «Ալմաստ»-ի երաժշտականացման մոտիվները ստեղծելիս: Տիգրան Սարգսյանի զեկուցումը մեջընդմիջող Զարուհի Հակոբյանի դաշնամուրային կատարումները հաստատում են «Շավալի», «Երևանի տրնգի», «Ֆինջան» և այլ պարեղանակների տիգրանյանական մշակումների ունկ շոյող հնչեղությունը: «Ալմաստի»-ից հնչեցված դրվագներում ակնհայտ ընդգծվում է «Քյանդրբազ», «Վարդ, կոշիկս» պարեղանակների ներթափանցումը Ալմաստի պարի և «Հեյդար» մուղամինը` «Պարսկական քայլերգ»-ի երաժշտական հենքի մեջ: Այս իրողությունները չի թաքցրել ինքը` հեղինակը: Կոմպոզիտորի ծննդյան օրվա առիթով անցկացված, ճանաչողական արժեք ունեցող այս միջոցառման տպավորիչ երաժշտականացումն ապահոված Զարուհի Հակոբյանի համար հայտնություն են եղել հանրահայտ կոմպոզիտորների` իր մատուցած մեղեդիները: Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի շնորհալի շրջանավարտը, անսալով իրենում բացահայտված ձայնային տվյալներին, երաժշտական կրթությունը շարունակում է Եպկ վոկալ բաժնում (Նելլի Փիրումովայի դասարան): Լսելով նրա կատարմամբ միջոցառման վերջին ակորդը` ուզում ես կոմիտասյան «լեզվով» ձայնել արդի երաժշտարվեստի նորամուտ սերնդին` ճանաչեք հայ մշակույթի գոհարները, հարստացեք դրանցում պարփակված բարձր արժեքներին հաղորդակցվելով, ձեր հոգևոր սեփականությունը դարձնելով: «Կանչե, կռունկ, կանչե…»: I կուրսի ուսանողուհի Զարուհուց բացի շուրջդ ոչ մի ուրիշ ապագա երաժիշտ չես գտնում: Ազգային հոգևոր գանձերը սերունդներին «ժառանգելու» մտահոգությամբ` տուն-թանգարանի աշխատակիցները այլ ծրագրեր էլ են մտահղանում: Փորձում են բազմազան դարձնել թանգարանային առօրյան: Առջևում Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց ընդունված աշակերտների երդման ավանդական դարձած արարողությունն է, որ համընկնում է տուն-թանգարանի 40-երորդ տարեդարձի օրվան: Մեծ կոմպոզիտորի ջութակով և դաշնամուրով նվագելու պատվին արժանացած ամենաշնորհալիների ելույթներն, ուրեմն, հոբելյանական հնչեղություն կստանան: «Կանչե, կռունկ, կանչե…»: