Կվերադառնա՞ օպերետը...
Խստապահանջ հանդիսատեսն անգամ, հնաբույր համարելով օրերս Կոմեդիայի թատրոնում ներկայացված` «վիեննական օպերետի» դասական, հունգարացի կոմպոզիտոր Իմրե Կալմանի «Մոնմարտրի մանուշակը» (1930) հանրածանոթ օպերետի բեմադրությունը ՌԴ վաստակավոր արտիստ Նիկոլայ Կորշիլովի հեղինակությամբ, անձանձիր հետևում էր բեմում ծավալվող իրադարձություններին: Կենդանի կատարումներով ուշագրավ օպերետային ներկայացումների հագեցում որոնող կարոտն էր արթնացել նրանում մանուշակների զամբյուղը բռնած հանդիսաս րահով դեպի բեմ առաջացող Վիոլետայի (Աննա Գրեչիշկինա) մեղմածոր հնչեղ երգի առաջին իսկ ելևէջներից: Հեռավոր անցյալին բնորոշ մանրամասներով վերակենդանանում է տաղանդավոր ընկերների` նկարիչ Ռաուլի (Ֆիլիպ Չերկասով) և կոմպոզիտոր Մարսելի արվեստում, անկախ սոցիալականի մամլիչի ոչնչացնող ճնշումից, բարեբախտ դիպվածով հաստատվելու հայտնի, կենսական և գրական անհամար նախադեպեր ունեցող մելոդրամատիկ այս պատմությունը: Բեմադրական հնամենի ավանդույթների պահպանմամբ փոքր-ինչ պարզունակ ստացված այս օպերետային ներկայացման յուրաքանչյուր երաժշտական տեսարան բուռն ծափերով է ընդունում հանդիսասրահը: Ակնկալում նաև պարային-բալետային միջարկումների հավելում, նորօրյա բեմադրական հնարամտությամբ դրանց օրգանական ներդաշնակում բուն խաղարկային տեսարաններին: Սալոնային մակերեսայնությամբ ներթափանցված դրամատուրգիական տեքստի խաղարկման դրվագներում տարվում ռուսական ինքնատիպ, բարեկիրթ դերասանական «դպրոցի» քուրայով անցած որոշ կերպավորումներով: Իրենց արտիստական կայացնող վարպետութ յամբ դերասանախմբում առանձնահատուկ ուշադրություն են գրավում ՌԴ ժողովրդական արտիստուհի Լարիսա Գոլուբկինան (մադամ Արնո) և ՌԴ վաստակավոր արտիստ Երվանդ Արզուման յանը (բարոն Ֆրասկատի): Բեմական անուրանալի հմայքով է ներկայանում Գոլուբկինայի մադամ Արնոն` Մոնմարտրի երբեմնի «հովտաշուշանը», ձայնի խզվելու պատճառով դերասանական ենթադրվող փառքից զրկվելուց ամենևին չչարացած, անձնական սիրառատ երջանկության ակնկալիքով առլեցուն: Ոչ մի վայրկյան չես կասկածում, որ կամային ուԺեղ հատկանիշներով աչքի ընկնող, խորագետ ու անզիջում Արնո-Գոլուբկինան հաջողելու է իր որոնումներում: Եվ բնականոն ես համարում Ֆրանսուային (Եվգենի Մարտինով) պատահաբար վերագտնելը այլևս երբեք չկորցնելու հեռանկարով: Գեղանի կանացիությամբ, սիրակործան փառատենչությամբ տպավորվում է Յանինա Կիրյանովայի Նինոնը: Իրեն` «Մոնմարտրի մանուշակ» Վիոլետային, հարկավոր չափով կարևորվելու համար մասամբ պակասում է անսեթևեթ, պարզ ու մաքուր, անբռնազբոսիկ աղջկականությունը: Ներկայացման (ժանրային օրինաչափություններից բխող) երբեմն ակնառու երևացող սխեմատիզմը հետին պլան է մղվում Արզումանյանի սարկաստիկ հեգնանքով մարմնավորված գեղեցիկ արվեստների նախարարի յուրաքանչյուր բեմելով: Մշակույթի հետ որևէ առնչություն չունեցող այս անուղղելի բթամիտ, վավաշոտ ծերուկի ինքնաբուխ կերպարային անմիջականությունը նկատելիորեն աշխուժացնում է ներկայացման անհամաչափ տեմպոռիթմը, զվարթացնում հանդիսասրահի տրամադրությունը: Հնամենի երաժշտադրամատուրգիական երկի նոր բեմադրության ցուցադրության անմիջական ներգործությամբ վերստին սրտապնդված լավատեսական ավարտական տեսարանի` երաժշտական վերջին ակորդներով, չարդաշով իմաստավորված գունագեղությամբ` ամենաբծախնդիր հանդիսատեսը նույնիսկ այլևս չի թաքցնում ընդհանուր գոհունակությունը երբևէ աշխարհի բեմերը զարդարած «Մոնմարտրի մանուշակ»-ի դասական գրավչությունը վերապրելու իրեն ընձեռված այս բացառիկ հնարավորությունից: Գուցե «Բեմական խաչմերուկ»-ի այս նախաձեռնությունը խթա՞ն հանդիսանա Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում օպերետային բեմադրությունների բարի ավանդույթը վերահաստատելու, նախասահմանված ստեղծագործական կոչմանը կրկին վերադառնալու: «Կարինե»-ի նոր, շքեղ մասսայական բեմադրության երազանքն իրագործելու հույսը, համենայն դեպս, փայփայվում է…