ԴՊՐՈՑԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է
Այդ օրը Խարբերդի դպրոցի 200 տեղանոց մարզադահլիճում տոն էր` խնդության և հիշողությունների: Դահլիճը զարդարվել էր ոչ միայն ծաղիկներով, այլև Արարատյան դաշտի գոհար խաղողի և այլ մրգերի առատությամբ: Թիվ 1 դպրոցի 70-ամյակն էր: Աստղալույսի պես բեմի բարձրադիր մասից շողշողում են Մաշտոցյան տառերը` «Հայոց ոգու հաղթանակը»: Ձայնասփյուռից հնչում է դպրոցի տնօրեն` Նելլի Մուրադյանի հուզումնալից ձայնը: Նա ողջունում է ներկաներին, ապա մասնակիցները հոտընկայս հիշում են այն ուսուցիչներին ու շրջանավարտներին, ովքեր արդեն չկան: - Մեր շրջանավարտները միշտ բարձր են պահել 70-ամյա դպրոցի անունը, նրանք ամենուր են` գիտության, արվեստի, մանկավարժության և մյուս բնագավառներում: Դպրոցի ներկայիս 633 աշակերտների և ուսուցիչների անունից ողջունում եմ մեր թանկագին հյուր, Միացյալ Նահանգների բնակիչ, բնիկ խարբերդցի Մուշեղ Գյուլբակյանին, որ չի մոռանում հայոց հողն ու դպրոցը: Եվ դեռևս 1993 թվականից իր ներդրումով ոչ միայն մասնակցել է Խարբերդի երկու դպրոցների շենացմանը, այլև մանկապարտեզի ու մշակույթի տան երաժշտական դահլիճների վերանորոգման աշխատանքներին: Նա միշտ էլ օգնում է, որ հայոց դպրոցը կայուն լինի ու վեհ: Բեմ է ելնում դպրոցի երգի-պարի խումբը, որը գործում է դպրոցի հիմնադրման օրից (խմբի ղեկավար` Ժաննա Յուզբաշյան): Հնչում է երաժշտությունը, և այս անգամ էլ խումբն իր նորօրյա երգերով ու պարերով ուրախացնում է ներկաներին` ծափերով լցնելով դահլիճը: - Իմ սիրելի ուսուցիչներ ու սաներ, ես արդեն հիմա ծեր եմ, բայց հոգով դեռ ջահել եմ: Թեև բնակվում եմ Շենգավիթում, բայց ամեն պահ ձեզ հետ եմ,- սրտահույզ այս խոսքերով ներկաներին է դիմում նախկին մանկավարժ Ծաղիկ Կոստանյանը: Կրկին հնչում է երաժշտությունը, և դպրոցի երգի-պարի խմբի հետ իր պարարվեստն է ցուցադրում 9-րդ դասարանի աշակերտուհի, բազում փառատոների մրցանակակիր Անի Հովհաննիսյանը: Թոշակառու նախկին մանկավարժ Զարուհի Ճլոյանը արտիստիկ ոճով կարդում է Ավ. Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմից մի հատված, ներկաների հոգիները վրդովելով դարի անարդարություններից և նրանց համակելով ճշմարտության տենչով: Հնչում է նախկին շրջանավարտ Գառնիկ Պետրոսյանի խոսքը. - Ինձ երբեք այս աստիճան հուզված չեմ տեսել: Համագումար չի սա, այլ 70-տարիների գեղեցիկ պատմություն, անմոռանալի իրողություն: Վիտալին չգիտես որտեղից լսել էր Անանիա Շիրակացու մասին, և դասարանում տարածվեց այդ անունը ու մի քանի օր անց Աստղիկ Ճլոյանի օգնությամբ մեզ հայտնի դարձավ Շիրակացու անունը: Իսկ հիմա դպրոցականները ոչ միայն ճանաչում են մեր անվանի մարդկանց, այլև սովորում են ժամանակակից տեխնիկայով հագեցած դպրոցում: Դպրոցի աշակերտները ոգևորությամբ են արտասանում Ավ. Իսահակյանի, Սևակի, Շիրազի, Հ. Սահյանի բանաստեղծություններից, և ծափերի նոր ալիք է բարձրանում: Զրուցում ենք փոխտնօրեն Սոնյա Սահակյանի և Ազգուշ Ավետիսյանի հետ. - Մասնակցել ենք Արտաշատում վերջերս կայացած «Ոսկե աշուն» փառատոնին, դպրոցականների հետ այցելել ենք Բյուրականի աստղադիտարան: Այժմ պատրաստվում ենք ազգային գավաթի մրցումներին… Այս ամենը մեր ուսուցիչների և փորձառու տնօրեն Նելլի Մուրադյանի բարեխիղճ աշխատանքի արդյունքն է: Արեգակը սահում է դեպի արևմուտք, և օրը դանդաղ մթնում է, մինչդեռ Խարբերդի դպրոցում չեն դադարում ուրախ երգերը, պարերը, մտերիմ զրույցներն ու հիշողությունները: Իսկ դպրոցը հպարտանում է իր 70-ամյա կենսագրությամբ: