Հա՞ Որ...


ՓԱՇԱԵՎԱ ազգանունով ադրբեջանցի մի տիկին բավական «զգայացունց» հայտարարություն է արել ԵԽԽՎ-ում: Բաքվից մեկնած պատվիրակը բառացիորեն նշել է. «Նրանք (այսինքն` մենք-խմբ.) պետք է իմանան, որ Ադրբեջանը հետաքրքրված և անհանգստացած է Հայաստանում կատարվող իրադարձություններով շատ ավելի, քան ԵԽ անդամ որևէ այլ պետություն»: Զարմանալի է, չէ՞… Սակայն, անկեղծ ասած, ադրբեջանուհու հրապարակավ դրսևորած եղբայրական (՞) ջերմությունը ոչ այնքան համանման զգացողություն է առաջացնում, որքան` տարակուսանք: Որքան էլ համադրելը դժվար լինի, այնուամենայնիվ, արձանագրենք, որ այն, ինչը ԵԽԽՎ-ում հայ և ադրբեջանցի պատվիրակների քարոզչական հակագրոհների հիմքում էր ընկած, հաստատ այլ դրդապատճառներ ունի: Մեր բարօրությամբ «մտահոգված» փաշաևաներն էլ հավանաբար հիշողությունը լրիվ չեն կորցրել ու լավ են գիտակցում, թե նույն ԵԽԽՎ-ում հատկապես ի՞նչ նպատակներ ունեին իրենց մյուս հայրենակիցների ելույթները: Չէ՞ որ նրանցից շատերը տնտեսական ճգնաժամից մինչև օվկիանոսային սառույցների հալման հիմնախնդիրները, ղարաբաղյան վաղուց ավարտված հակամարտության հետևանք էին համարում ու ադրբեջանցիների այսչափ «տրամաբանված» հետևույթների ֆոնին Փաշաևայի կողմից սպիտակ ագռավի կեցվածքով ներկայանալը, բացի իրավիճակն է°լ ավելի ծիծաղելի դարձնելուց, եղածին ուրիշ ոչինչ չէր կարող ավելացնել: ԵՎ իրոք, մարդիկ հաճախ շատ են նմանվում գլուխն ավազների մեջ թաքցնել սիրող հայտնի կենդանուն: Ըստ երևույթին ջայլամը նաև Առողջապահության փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանի և Աբրահամ Մանուկյանի սիրած կենդանին է… Դեռ նախորդ տարեվերջին երևանյան ռեստորաններից մեկում քեֆները լավ-լավացնելուց հետո, վերջիններս բարձր տրամադրությամբ ծեծի են ենթարկել Էներգետիկայի նախկին նախարարներից մեկին ու նրա հարազատներին` հավատացած, թե ոչ ոք ոչինչ էլ չի իմանա: Բայց, ինչպես ժողովուրդն է ասում` «մախաթը երկար ժամանակ պարկում չես պահի»: Սույն միջադեպը ևս շուրջ մեկ ամիս գաղտնի պահելուց հետո մարդկանց առողջությունը վնասած առողջապահական փոխնախարարները դիտողության են արժանացել ամենաբարձր մակարդակով` կառավարության նիստում և այն էլ վարչապետի կողմից: Այս պատմության մեջ ուշագրավը հատկապես պաշտոնյաներին կարգի հրավիրելու նորահայտ պրակտիկան է, քանի որ վերջիններս հաճախ իրենց սանձարձակ վարքով թույլատրելիության (՞) բոլոր սահմաններն են գերազանցում: Բայց այն, որ ջայլամի կեցվածքը նրանց համար նախընտրելի կարող է դառնալ հրապարակավ խայտառակվելուց խուսափելու համար, այլևս ջրից չոր դուրս գալու երաշխիք չէ: Փոքր չեն հույսերը, որ եթե այսպես շարունակվի, հրապարակավ պարսավանքի ենթարկվելու ու պաշտոնից զրկվելու վտանգը վերջիններիս գուցեև մղի` մի փոքր ավելի համեստ կենցաղով ապրել ու գոնե ամանորյա մաղթանքները ծեծուջարդի չվերածելու բարոյականությունն ունենալ: ՀԱՄԵՍՏՈՒԹՅԱՄԲ չեն փայլում նաև այսպես կոչված «յոթի» գործով դատապարտվածները: Նրանք «կողի» ընկած շարունակում են դատարանին էլ «կողի գցել»: Ու դատավորն էլ երգ ու պարի, հայհոյանք ու աղմուկի պայմաններում աշխատել չկարողանալով` նախորդ շաբաթ ևս ստիպված եղավ հետաձգել հերթական նիստը: Նման անբացատրելի պահվածքը կալանավորվածներն ու նրանց շրջապատը հիմնավորում են իրենց անմեղությամբ, բայց տարօրինակ է, որ դատավճռին հասնելու գործում վերջիններս ոչ միայն չեն շտապում, այլ հնարավորն անում են` նիստերը շարունակաբար ձգձգելու համար… Հետաքրքիր է նաև, որ ներում-խնդրագրերով ազատություն ստացածներին դեռևս բարիկադի մյուս կողմում գտնվողները ոչ միայն դավաճանության համար են մեղադրում, այլ նշում են, թե վերջիններս այս կամ այն կոալիցիոն կուսակցության անդամներ են: Հերքումները, թե ազատ արձակված մի քանի տասնյակ մարդկանցից և ոչ մեկը իշխանական և որևէ քաղաքական ուժի չի հարում, գործին դեռևս չի օգնում: Ու այս ամենի տպավորությունն այնպիսին է, թե տվյալ պարագայում կարևորն ինչ-որ բան պնդելն ու ոչ մի գնով այդ պնդումներից չհրաժարվելն է: Մնում է ենթադրել, որ եթե ինչ-որ «հրաշքով» «յոթի» գործը այնուամենայնիվ մեկնարկի, ապա դատարանում հնչելիք մյուս «ճշմարտությունները» ևս այսչափ հավատընծա են լինելու: