«Ոմանք ինչ-ինչ այլ նպատակներ են հետապնդում»


Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ցյուրիխյան հանդիպումից հետո ԵԱՀԿ պաշտոնական կայք-էջում տեղադրված Մինսկի խմբի համանախագահների մամլո հաղորդագրությունում մասնավորապես նշված է, թե. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները նվազեցրին իրենց դիրքորոշումներում առկա տարաձայնությունները: Նրանք ամենամոտ ապագայում չկարողանան համաձայնութ յան գալ ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների` դեռևս չհամաձայնեցված կարևորագույն դրույթների շուրջ»: Նման լավատեսությամբ հանդերձ` պարզ է, որ քանի դեռ խնդիրը վերջնականապես չի լուծվել, դրա շուրջ ծավալվող գործընթացները շարունակելու են հրատապ մնալ: Պատահական չէր, որ ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանին նվիրված ելույթների մի մասը հենց ղարաբաղյան հիմնահարցին էր առնչվում: Իր հերթին ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ գտնում է, որ հատկաեպս Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունների ընդգծված ակտիվությունը գերազանցապես պայմանավորված է եղել վերոնշյալ հարցում զիջումներ կորզելու վերջիններիս ակնհայտ նկրտումներով: Իսկ տվյալ դեպքում, երբ ԵԽԽՎ-ի պես ներկայացուցչական կառույցում մեր երկրի ներքաղաքական փխրուն իրավիճակին առնչվող հարցեր են քննարկվում և ընդհուպ մինչև խնդիրը Հայաստանին ձայնի իրավունքից զրկել-չզրկելուն է հասնում, ուրեմն նպատակներն այստեղ մի քանիսն են: Այսպես, ԵԽԽՎ քննարկումներում ակնհայտ էր, որ Նախագահի ընտրություններին հաջորդող շրջանում տեղի ունեցածը վերստին երևան բերելով` առանձին շրջանակներ ձգտում են մարտի 1-ը հաղթաթուղթ դարձնելով, օգտագործել` մեր երկրի դեմ հատկապես ղարաբաղյան հարցի լուծման շահեկան ելքեր առաջադրելու: Մինչ «արտաքին ճակատում» այս անգամ ամեն ինչ կարծեք թե ավարտվել է, ՀՀԿ փոխնախագահը նկատում է, որ քարոզչական մարտերը, որքան էլ զարմանալի լինի, հիմա էլ հայրենական լրատվամիջոցներ են տեղափոխվել: - Այս օրերին, եթե իշխանամետ ճամբարից որևէ գնահատական է հնչում, ապա ընդդիմադիր թերթերն այդ գնահատականն օրեր շարունակ մեծ ոգևորությամբ մեկնաբանում են: Բայց չպետք է անտեսել այն կարևորագույն փաստը, որ Հայաստանը ձայնի իրավունքից այնուամենայնիվ չզրկվեց,- նշում է Ռ. Զոհրաբյանը:- Մանավանդ, որ եվրոպահանջների մեծ մասը անցնող ամիսներին կատարվել էին: Ասել է թե` «պատժվելու» հավանականությունը սկզբից ևեթ փոքր էր: Ինչ վերաբերում է կալանավորվածներին, ապա անձամբ ես այն կարծիքին եմ, որ վերջիններիս արարքներն ավելի շատ քրեական են… Ու դատաքննությամբ միայն կարող ենք ունենալ այս հարցի վերջնական` իրավական գնահատականը: Դատավճռին է պետք սպասել: Սակայն միայն այն իրողությունը, որ ԵԽԽՎ-ն էլ քաղբանտարկյալ տերմինը «սրբագրեց», արդեն իսկ շատ բան է ասում: Մեր զրուցակցի պնդմամբ` այն մի քանի տասնյակ մարդիկ, ովքեր այսօր ձերբակալված են, միգուցե և սկզբում քաղաքական նկատառումներով ու ազնիվ մղումներով են ներգրավված եղել շարժման շարքերում: Բայց չպետք է նաև անտեսել, որ ավելի ուշ այդ նկատառումները ակնհայտորեն քրեական ուղղվածություն են ձեռք բերել, ինչի արդյունքում էլ մի քանի տասնյակ մարդիկ այսօր հայտնվել են ճաղերի հետևում: Նման իրավիճակը Ռ. Զոհրաբյանն անգամ իշխանության համար է խիստ անցանկալի համարում` միաժամանակ տարակուսանք հայտնելով, թե ինչու է Լ. Տեր-Պետրոսյանի թիմը այդչափ շահագրգռված կալանավորվածների անազատությամբ: - Տպավորությունն այնպիսին է,- նշում է նա,- որ ընդդիմությանը ձեռնտու է իրենց գործընկերների բանտերում մնալը: Իսկ թե դրսից ինչ հանձնարարական են ստացել արմատականների ղեկավարները, այս պահին դժվար է ասել: Միաժամանակ ակնհայտ է, որ դատարանի ներսում և դրսում քաղաքական շոուներ սարքելով` այս մարդիկ ինչ-ինչ այլ նպատակներ են հետապնդում: Մյուս կողմից էլ, Երևանի քաղաքապետի սպասվող ընտրություններին ընդդիմությունն իր մասնակցության, իսկ ներկայում արդեն վաղաժամ, բայց ագրեսիվ քարոզչության խնդիրն է ձգտում լուծել: Կարծում եմ, որ, անկախ ամեն ինչից, քաղաքական շահերը երբեք չպետք է գերակա լինեն գաղափարակից ընկերների այս անորոշ, չհստակեցվող կարգավիճակին: Ռ. Զոհրաբյանը բարձր է գնահատում, որ մի քանի տասնյակ կալանավորվածներ, ավելի սթափ գնահատելով իրավիճակը, խնդրագրեր են ներկայացրել Հանրապետության նախագահին և ազատություն ստացել: ՀՀ ԱԺ պատգամավորը նաև հավատացած է, որ հանրահավաքների ներկա գտնվածների մի ստվար հատվածին հրապարակ է տարել սոցիալական մոտիվներով իշխանության հանդեպ ունեցած դժգոհությունը: Այս առումով նա պնդում է, թե կառավարության անելիքները շատ են: Որքան էլ համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու գործող կառավարության նախընտրական խոստումների իրականացման ժամանակները ցավալիորեն զուգադիպած լինեն, միևնույն է, հատկապես սոցիալական ծրագրերն առաջնահերթ լուծում են պահանջում: Ըստ ՀՀԿ փոխնախագահի` ժողովրդի բարեկեցության բարձրացումը մեծապես կարող է կանխել ցանկացած հակասահմանադրական ընդվզում: Թեպետ մարտի 1-ից հետո, անցնող մեկ տարվա ընթացքում ավելի ուշադիր հետևելով աշխարհի տարբեր հատվածներում տեղի ունեցող համանման խռովություններին, դժվար չէ նկատել, որ թե° բողոքավոր զանգվածի, թե° ոստիկանության գործողությունները հար և նման են իրար: Ինչ վերաբերում է մարտի 1-ին, ապա ըստ Ռազմիկ Զոհրաբյանի` - Այն բոլորիս ողբերգությունն է, բոլորիս ցավը: Անկեղծություն է պետք խոստովանալու, որ քսանամյա անկախ պետություն լինելով` չկարողացանք կայացնել այնպիսի համակարգ, որտեղ ընտրական գործընթացները բացառապես սահմանադրական ճանապարհով լուծվեին: Ավելին, մարտի 1-ը անօրեն եղանակներով քաղաքական ռևանշի հասնելու արդյունք և հետևանք է: Այնուամենայնիվ, չնայած տեղի ունեցածին` կարծում եմ, որ մեզ դեռ էլի ժամանակ է պետք, որպեսզի հասարակության բոլոր շերտերն ընդունեն իշխանության գալու միակ` սահմանադրական ճանապարհի անփոխարինելի լինելու իրողությունը: