Ո՞Չ, պարզապես կներե՞ք, թե՞ ԱՅՈ
Քաղաքական միջազգային հարթակում վերջերս տեղի ունեցող իրադարձությունները հայ-թուրքական հարաբերությունների առումով նոր ենթադրությունների ու կարծիքների առիթ են դարձել: Զարգացումների ընթացքը, կարծես արևմուտքի համահեղինակությամբ` եղելության մոտիվներով հայ-թուրքական հարաբերությունների դրական տեղաշարժերի սցենարն է ուրվագծում: Այսպես. պատմությունը սկսվեց իսրայելապաղեստինյան հակամարտության թեժացումից: Գազայում եղած հրեական ագրեսիան հանկարծ անընդունելի է դառնում Իսրայելի վաղեմի բարեկամ, վերջիններիս տանկերի համար դիզվառելիք մատակարարող Թուրքիայի համար: Եվ վարչապետ Էրդողանի խիստ քննադատական մեկնաբանություններից հետո Թուրքիայում ծայր է առնում հակահրեական PR-ը: Իսրայելն էլ իր հերթին նախազգուշացնում է, որ եթե այսպես շարունակվի, իրենք կարող են փոխել հայկական ցեղասպանության վերաբերալ ունեցած տեսակետը: Ավելին, ԱՄՆ-ի հրեական հինգ հզոր քարոզչական կազմակերպությունները խրատական բնույթի սաստող նամակով դիմում են Թուրքիո իշխանությանը` դրությունը չվատթարացնելու խորհրդով: Սակայն Թուրքիան շարունակում է սատարել համակրոն ազգին: Նրա բոյկոտին աջակցում է նաև կրտսեր եղբայր Ադրբեջանը: Ապա Իսրայելը հայտարարում է, որ հնարավոր է իրենք Թուրքիայի գազից այլևս չօգտվեն: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Ա. Բաբաջանը CNN-ին տված հարցազրույցում ասում է, որ հավանաբար 2009 թ. հայ-թուրքական հարաբերություններում շրջադարձային փոփոխություններ կլինեն: Փաստորեն, կարելի է ենթադրել, որ այս երկու բարեկամ պետությունների միջև «ամեն մարդ իրեն դարդին» ժողովրդական խոսքի սկզբունքն է հասունացել, որը կարող է թշնամանքի վերածվել: Ահավասիկ, վերոգրյալի հավաստումը եղավ դավոսյան բախումը. վարչապետ Էրդողանն ու Իսրայելի նախագահ Շ. Պերեսը միմյանց հրամցրին տարիներով կուտակված մաղձը: Անշուշտ, այստեղ նաև ԱՄՆ-ի գործոնը կա: Բ. Օբամայի արդարատենչ խոստումը դեռ ուժի մեջ է, մանավանդ, որ պետքարտուղար Հ. Քլինթոնը հավաստիացրել է, թե Միացյալ Նահանգները կընդունի ցեղասպանութ յունը` Կոնգրեսի և Նախագահի մակարդակով: Իսկ Ամերիկան ու Իսրայելը հարկ եղած դեպքում ի զորու են ազդել իրար վրա: Ինքնին հետաքրքիր է դառնում, թե ո՞րն է դիպաշարի պատճառահետևան քային կապը, և Հայաստանը ի՞նչ օգուտ կարող է քաղել այս ամենից: Քաղաքագետ Իգոր Մուրադյանի կարծիքով. - Այդ սցենարը դեռ ավագ Բուշի օրոք է եղել, պարզապես վերջին ստորագրությունը նախագահն է դնում: Թուրքիան էլ կախվածությունից ազատվելու խնդիր ունի: Ժամանակի հարց է: Իսկ ըստ ՀՔԴԿ նախագահ Խոսրով Հարությունյանի. - Այս խնդրի նկատմամբ Օբամայի վարչակազմը կլինի անհամեմատ հանդուրժողական և կառուցողական: Օբամայից սպասելիքներ ունեն ոչ միայն ներքին, գլոբալ արտաքին քաղաքական, այլ նույնիսկ մեր տարածաշրջանի համար կարևոր նշանակություն ունեցող այս հարցերում: Ոչ այնքան հայերին հաճոյանալու խնդիր է, որքան տարածաշրջանում կայուն անվտանգության համակարգ ձևավորելու ամերիկյան նախաձեռնությունը կյանքի կոչելու ցանկություն: Ենթադրում եմ, որ կարող է և ականատես լինենք այս ուղղությամբ շատ հետաքրքիր զարգացումների: Իսկ ինչ վերաբերում է Ա. Բաբաջանի կանխատեսմանը, ես իրեն չեմ հավատում. նրանք լավ խաղում են: Կգա տարվա կեսը` բոլորովին ուրիշ առիթով այլ բան կլինի: Առավել լավատեսական է ՀԱԿԿ նախագահ Յուրի Մանուկյանի տեսակետը. - Դա հավանական է, որովհետև քաղաքակիրթ հասարակությունը չի կարող երկար ժամանակ աչք փակել: Տեսա՞ք, թե Էրդողանը ինչպիսի ապտակ հասցրեց Իսրայելին, և դա նրանք էլ կուլ չեն տալու: Նրանք երևի կգնան այն ժեստին, որ կընդունեն ցեղասպանությունը, և կհաստատվի, որ առաջին մարդակերությունը սկսել են հայերից: Եկող մյուս տարիների ընթացքում, ես գիտեմ` բավական լուրջ հաջողություններ կունենանք: ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը, սակայն, Արևմուտքի կողմից ցեղասպանության ճանաչումը դեռ իրատեսական չի համարում. - Այս ճգնաժամի շարունակությունը կլինի քաղաքական ճգնաժամը, և այստեղ ոչ մեկը մյուսի հետ չի կամենա հարաբերություննները խզել: Իսկ քաղաքական վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցի դիտարկմամբ` - Տեսնելով, թե ինչպիսի թիմ է բերում Հ. Քլինթոնը` կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ի կողմից Հայոց եղեռնի շուտափույթ ճանաչում տեղի չի ունենալու: Եկել է հարվարդյան երիտասարդների թիմը, որը մի ժամանակ առաջ Բ. Քլինթոնի` նման մտադրությունը տապալեց: Մեծ մասը հրեաներ են, ինչպես նաև Հ. Քլինթոնն ինքը: Էրդողանի դավոսյան պահվածքը հույս չի ներշնչում, որովհետև շեշտադրումը, ըստ երևույթին, իսրայելցիները և Ամերիկայի հրեական համայնքը կդնեն քրդերի վրա: Դրա վկայությունն է այն փաստը, որ փետրվարի կեսերին Էրվիլ քաղաքում պետք է կայանա միջազգային մի կոնֆերանս, որը նվիրված է լինելու քրդական հարցին` Թուրքիայում: Նույնիսկ արդեն տեսություններ են բացահայտվում քրդերի և հրեաների գենային բարեկամության մասին. մինչև Աբրահամ են հասել: Իմանալով հանդերձ, որ Իրաքի քրդերը Իսրայելի և ԱՄՆ ազդեցության տակ են, մենք լավ պատկերացնում ենք, թե հիմա ինչ խաղ է գնում: Բայց այդ խաղն իր մեջ հայամետության տարր անգամ չի պարունակում: Իհարկե, նրանք գուցեև Թուրքիան կազմաքանդելու ծրագիր ունեն, բայց ոչ թե նրա համար, որ հայոց հարցը արդար լուծում ստանա: Հաճոյանալու միջոցով հայերին ապակողմնորոշելու փորձ է: Հասկանալով, որ դա ոչ միայն բարոյական, այլ նաև առարկայական բնույթ է կրում մեզ համար, ամերիկացիները փորձում են հերթական անգամ հայերի ուշադրությունը շեղել: …Ավելի հեշտ է հերթական անգամ նվիրել հայկական հողերը մյուս բազմաքանակ ազգին: Ոչ ոք չի մաքրելու այդ տարածքները քրդերից: Արդարև, աշխարհաքաղաքական խառնարանում դյուրին չէ կողմնորոշվելը. այս ամենը դեպքերի բնականոն հանգուցավորումն էր, թե՞ հերթապահ քաղաքական ֆարսը: