Ընտրությունները` 2010-ին
Ուկրաինայում արդեն ամրագրվել է Նախագահի հերթական ընտրությունների ժամկետը` 2010 թ. հունվարի 17: Այդ մասին «5-րդ ալիք»-ի եթերում հայտարարել է Գերագույն ռադայի նախագահ Վլ. Լիտվինը: Նրա խոսքերով` նախագահ Յուշչենկոյի և վարչապետ Տիմոշենկոյի հետ իրենք եկել են համաձայնության և հստակեցրել ընտրությունների ամսաթիվը: Լիտվինը կանխատեսել է, որ` -Ներկայիս իրավիճակից ելնելով, նախագահի ընտրությունները կանցկացվեն երկու փուլով: - Անցյալ շաբաթ Յու. Տիմոշենկոյի բլոկից պատգամավոր Ա. Շևչենկոն առաջարկել է ընտրություններն անցկացնել 2009-ի դեկտեմբերի 27-ին: Սակայն նախագահի քարտուղարությունում նույնպես ընդունելի են համարել գալիք տարվա հունվարը: Նախագահի կերպարանափոխումը Բրիտանական «Դեյլի մեյլ» թերթն առաջինն է նկատել Յուշչենկոյի կերպարանափոխումը. 2004 թ. «նարնջագույն հեղափոխությունից» հետո իբր թե թունավորման արդյունքում նրա դեմքին հայտնված անհաճո լաքաները վերացել են: Այս տարվա Սուրբ ծննդյան օրը ջրում լողանալիս նրան նկարող լուսանկարիչները նույնպես զարմանքով են «արձանագրել», որ դեմքից ու մարմնից վերացել են բոլոր սպիները: Իշխանություններին սպասարկող բուժաշխատողներն այդ փոփոխությունը, բնականաբար, մեկնաբանում են, որ իրենց նախագահն ապաքինվել է: Բայց ահա նրան բժշկող Ռոստիսլավ ՎԱԼԻԽՈՎՍԿԻՆ «Խկ»-ին ասել է. - Անկասկած` նրա օրգանիզմում որոշակի քանակով թունավոր նյութեր դեռ մնացել են, սակայն ընդհանուր առմամբ նա բացարձակ առողջ է: Իսկ ռուսաստանցի բժիշկները, համեմատելով Վիկտոր Յուշչենկոյի 2004-2009 թթ. լուսանկարները, մեկնաբանել են. - Այդպիսի արդյունքի հնարավոր էր հասնել միայն մաշկը կոկելով: Մի քանի տարբերակ գոյություն ունի` մեխանիկական, երբ հատուկ սարքով հեռացնում են մաշկի մի քանի շերտերը, լազերային դիմահղկումը ավելի ժամանակակից, բայց ավելի բարդ վիրահատություն է, որը կարող է կատարվել միայն ստացիոնար բուժման ճանապարհով: Կարծում եմ` այս պարագայում համալիր վերականգ նում է կատարվել: Կարծիք է հայտնվում նաև, որ նման արդյունքի կարելի էր հասնել միայն պլաստիկ վիրահատության միջոցով: