ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՆԱԶԱՆՅԱՆ. «Արարատ» ֆուտբոլային թիմի ավագ, միջազգային կարգի սպորտի վարպետ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Երևանի ճարտարագիտության և շինարարական պետական համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչ, պատվավոր պրոֆեսոր, Երևանի պատվավոր քաղաքացի, «Բանանց» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ «Բոլորը մտովի թագավորներն են» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Երբ քեզ վստահելով ինչ-որ կարևոր բան են հանձնարարում, պետք է կարողանաս արդարացնել մարդկանց սպասելիքները: Ակամայից պատասխանատվության զգացումն իր գործն է անում, և դու անընդհատ ներքին ձայնիդ հսկողության տակ ես. հանկարծ այնպես չստացվի, որ մարդկանց հուսախաբ անես: Այդ հոգեվիճակը, ապրումները հեշտ չեն անցնում, խոստումիդ կշիռն է դրանից կախված: Կան մարդիկ, ովքեր առանց երկմտելու խաղում են իրենց խոսքի արժեքի հետ: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Խորհրդային միության տարածաշրջանից համակրում եմ ռուսներին: Շատ կիրթ ազգ է: Նրանց պես ընթերցասեր ժողովուրդ ոչ մի տեղ չեմ տեսել. տրանսպորտոմ, այգիներում էլ են կարդում, որովհետև տգիտության կոմպլեքսը իրենց չի կաշկանդում: Գիրքն ու թերթը նրանցից անբաժան են, և ինքնակրթությունն ինքնաբերաբար ամուր հիմքերի վրա է դրվում: Դրա համար էլ ռուսների մտահորիզոնը մեծ է, և պատահական չէ, որ աշխարհի ամենահզոր գրականություններից մեկի ստեղծողներն են: Այլ ազգերից իտալացիներին եմ սիրում: Երևի թե նրա համար, որ մի քիչ մեզ նման են: Փոքր տարիքում միշտ նրանց երգերն ենք լսել, ֆուտբոլը դիտել` հիանալով նրանց օժտվածությամբ: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչ այժմ կբարձրաձայնեիք: - Գաղտնիք չէ, պարզապես չեմ բարձրաձայնել իմ մարզական առաջընթացում եղած դեպքը: Ես յոթ տարի անընդմեջ թիմի ավագն եմ եղել, բայց Բավարիայի հետ խաղի ժամանակ ձեռքս կոտրվեց, և երկու ամիս թիմում չէի: Թիմի որոշ խաղացողներ` խառնակիչների մի խումբ, դավադրություն էր կազմակերպել իմ դեմ: Ժողովրդական խոսքը տեղին է նշում, թե դանակավորները երբ են շատանում: Մնացածներն էլ չէին կարողացել անարդարության դեմ պայքարել: Ոչ մեկին չէի ասում, որովհետև ինձ չէր էլ հետաքրքրում, թե ովքե՞ր, ի՞նչ և ինչո՞ւ են կազմակերպել, թեև անմիջապես մարզիչը եղելությունն ինձ պատմել էր: Ցավալի երևույթ էր… - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Այդքան խորը և փիլիսոփայական պատասխան չեմ կարող տալ, սակայն ինձ զարմացնում է, օրինակ` թեկուզ այն, որ միշտ ցանկացել ենք անկախ պետություն ունենալ. իրականացել է մեր երազանքը, բայց այս կարգավիճակով, հնարավորություններով հանդերձ` միմյանց հանդեպ սիրով չենք ապրում: Աշխարհում այդպիսի երկիր չկա, որտեղ ճնշող մեծամասնությունը բնիկներ լինեն: Մեր երկրի 98 %-ը հայ է, և իրար վիրավորելով, կռիվ անելով, միտինգներով չարացնում ենք հոգիներս: Իրար չենք հարգում, բոլորը մտովի թագավորներ են: Ում հարցնես, թե կուզենա՞ր ՀՀ նախագահ դառնալ` անվարան կպատասխանի` «այո»: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը: - Երբ չեմպիոն դարձանք, գավաթի երկու գոլերի հեղինակը Իշտոյանն էր և նա հերոսի հովերով էր տարված: Բայց դաշտում դիրքեր, աստիճաններ կան, և Լևոնը առաջատարներից չէր: Այն ժամանակ պետությունը ամեն տարի թիմին 2-3 ավտոմեքենա էր տալիս` պետական գնով: Թիմում ներքին կարգով հերթագրում էինք կատարել: Այդ անգամ Ալյոշա Աբրահամյանի, Նիկոլայ Ղազարյանի և Արկադի Անդրեասյանի հերթն էր. ինձ հարցնում են, թե ո՞նց կլինի` Իշտոյանին չտանք, ես էլ պնդում եմ, որ նրա հերթը չի: Մի խոսքով, Սպորտկոմիտեն թիմին կանչեց ժողովի, և հայտարարում են, թե ովքեր պետք է ստանան ավտոմեքենաները: Ինքնագոհ, սպասելիքներով լցված Իշտոյանը զարմանքից կարկամել էր: Չէր ընկալում, թե ինչ տեղի ունեցավ, ինձ է նայում: ՀԱՄԽ-ի նախագահին ասացի. «Բա այդ մարդը կնեղանա, մի հատ էլ ավելացնեիք, մեղք չի՞ տղան»: Վերջը մի հատ էլ ավելացրին, ու գնում ենք մեքենաները ստանալու: Այդ խանութի աշխատողները կատակում են. «Իշտոյան, գիտես չէ՞, իտալացիների նվիրած բարեկամության խորհրդանիշ ձեռքերի փոխարեն քո ոտքերն են դնելու», կամ «ասում են` աղջիկ ես ունեցել, անունը Կուբոկինա ես դրել»: Լևոնն ուրախանում է, ծիծաղում, մեկ էլ, թե` «Լավ էլի, հերիք է ինձ գովեք, մի քիչ էլ ընկերներիս գովեք»: Անդրեասյանն ասաց. «Ա°յ դմբո, քեզ ձեռ են առնում, է»: - Մանկության այն հուշը, որ մինչև հիմա ուղեկցում է Ձեզ: - Մանկությունս դժվար ժամանակներում է անցել: 1958-59 թթ. էին` սոցիալական ծանր պայմաններ: Դե, փողոցում շատ էինք ֆուտբոլ խաղում, իսկ ծնողներիս գնած կոշիկները մեկ օրում ծակվում էին: Ընդունվել էի Սպարտակի ֆուտբոլի դպրոցը ու սպորտային կոշիկներ չունեի: Երազում էի, թե երբ ֆուտբոլիստ կդառնամ, որ ֆուտբոլային կոշիկ հագնեմ: Իմ մարզիչ Փոլադյանը իր մարզակոշիկներն ինձ նվիրեց, որոնք 4-5 համար մեծ էին: Տանը հագնում էի, ինքս ինձ ուրախանում: Անմոռանալի ուրախություն էր նաև 1973-ին. գավաթը նվաճելուց հետո Երևան վերադարձանք: Օդանավակայանում սև գլուխների համատարած ծով էր: Նիկիտա Սիմոնյանն ասում է. «Հովան, գավաթն ամուր բռնիր, չընկնի, կոտրվի»: Անվտանգության աշխատակիցները մեզ շուտափույթ տեղավորեցին մեքենաներում: Արգավանդի խճուղում ամբողջ երկայնքով մարդկային հոծ բազմություն էր հավաքվել: Բոլորը փողոց էին դուրս եկել, սեղաններ գցել, ավտոմեքենաները կանգնեցնում էին ու հորդորում` «Եկեք, մի բաժակ մեզ հետ խփեք, նոր կգնաք»: Ստիպված մեզ տարան «Արարատ»-ի ամառանոց` Ձորաղբյուր և երկու օրից հետո միայն մեզ տուն թողեցին: Դա նաև հպարտություն էր, որ բառերով նկարագրել չի լինի:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ