Լևոն Տեր-Պետրոսյանը վերադառնում է. ումո՞վ


Նախագահի առաջիկա ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվելը, ինչը հստակ ուրվագծվեց տասնամյա լռությունից հետո նրա հայտնի ելույթում և ինչը նրա թիմակից ները համարում են այլևս անկասելի, առաջ է բերում հետ նայելու, ՀՀՇ իշխանության տարիները, այդ տարիների որոշ իրողություններ վերլուծելու, լրջորե°ն վերլուծելու անհրաժեշտություն: Սկզբից ևեթ ասենք, որ կուսակցության լիդերի հարցում եթե վերլուծելիք կամ ասելիք կա, ապա այն կարող է վերաբերել նրա լուրջ քաղաքական գործիչ և չափազանց կիրթ և մտավորական անձ լինելուն: Անցնենք առաջ: Ի՞նչ ասոցիացիաներ է առաջացնում ՀՀՇ-ի վերադարձը ժողովրդի մոտ. սա° է հարցերի հարցը: Ժողովրդի, եթե փորձենք մեղմացնել` հասարակության ստվար հատվածի մոտ հայտնի տարիներից ի վեր մերժումի տրամադրությունները, որոնք ժամանակի հետ այս քաղաքական ուժի «խելամիտ» քաղաքականության արդյունքում վերածվեցին ատելության, այսօր այսբերգի տեսքով ու այսբերգի ուժով նրան կտրել-հեռացրել է ժողովրդից: Ուրիշ ինչի՞ կարող էր հանգեցնել այն խորը հիասթափությունը, այն անտեսված -արհամարհված վիճակը, որի մեջ հայտնվեց ժողովուրդը այսօր կրկին քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացնող կուսակցության իշխանության տարիներին: Այդ տարիներին էր, որ կազմալուծվեց 88-ին մի բռունցք դարձած ժողովրդի միասնականությունը, մեր հավատի սարը շրջվեց: Վերջապես այդ կուսակցության ղեկավարման տարիներին էր, որ հիմնվեց -հիմնավորվեց և իր հաղթարշավն էր տոնում նորին մեծություն «բեսպրեդելը», որի պտուղները մենք այսօր էլ առատորեն «ճաշակում ենք»: «Մեր դեմ խաղ չկա» հոգեբանությունը իրենց իսկ գործիչների վարքով կարգախոսի կարգավիճակ ձեռք բերեց` երկիրը վերածելով քաոսի և վտանգի տակ դնելով բուն ժողովրդավարության գործընթացը: Բնավ էլ հաճելի ու շնորհակալ գործ չէ անցածը հիշելը, բայց հենց անցածի վերլուծությունն է, որ մշուշից պիտի ազատի ապագան, պիտի ստիպի լրջորեն խորհել թվարկված ու չթվարկված բոլոր սխալների մասին, որ գործվեցին ՀՀՇ-ի իշխանության տարիներին: Լավ է, որ ՀՀՇ-ն այսօր ընդունում է, որ սխալներ եղել են` «Սխալներ չեն գործում նրանք, ովքեր որևէ գործունեությամբ չեն զբաղվում» հիմնավորումով: «Այդ սխալների մասին շատ են խոսել, և մեզ խոսելու ոչինչ չի մնացել»,- ասում է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Իսկ մենք կարծում ենք, որ հիմա է, որ կուսակցությունը պիտի խոսի և խոսելու բան հենց ինքը` ՀՀՇ-ն ունի: Ի վերջո վերը նշվածի տհաճ, անցանկալի բեռով, ավելին` մերժելի բեռով ժողովուրդը չի կարող ողջունել, առավել ևս սատարել ՀՀՇ-ի վերադարձը: Ժողովուրդը պիտի° ստանա համոզիչ բացատրություն` ի՞նչ տեղի ունեցավ, ինչո՞ւ տեղի ունեցավ: Եվ ի՞նչ տեղի կունենա քաղաքական այս ուժի` մեծ քաղաքականություն, ապա և իշխանություն վերադարձի արդյունքում: Ժողովուրդը սպասո°ւմ է այսպիսի բացատրության: Ժողովուրդը երաշխիք է ուզում: Մենք չենք ուզում անգամ օգտագործել մեղանչել բառը: Մեղանչել հարկավոր չէ, ընդունել է պետք, բարձրաձայնել, պատասխանատվություն կրել դրանց համար: Ժողովրդի համար անպատասխան մնացած շատ հարցեր կան, որոնք պատասխան են պահանջում: Հիմնավորել է հարկավոր, թե ինչու պատեհապաշտ մարդկանց աթոռներ և պոստեր վստահվեցին: Անիրավությունների, կամայականությունների, ինքնիրավչության մթնոլորտ ստեղծողները, կոռուպցիային զարկ տվողներն իրենք էին` ՀՀՇ-ականները: Եթե նույնիսկ ընդունենք, որ այդպիսիք կուսակցության մեջ թափանցած պատահական մարդիկ էին կամ կուսակցության անունը շահարկողներ, նրանց ձեռքը բռնել էր պետք, նրանց ձգել-հետ պահել էր պետք, ժողովրդին մարդատեղ դնել և նրան այդ քաոսից պաշտպանել էր պետք: Կարո°ղ էին անել, պարտավո°ր էին անել, կոչված էին այս ամենին, վստահության քվե էին ստացել, որ արհամարհվեց, ոտքի տակ դրվեց: Ահա այս ամենի մասին պետք է խոսել, պարոնայք ՀՀՇ-ականներ: Սրանք հարցեր են, որ բուսած են որպես փուշ ու տատասկ ձեր ճանապարհին: Ձեր ցանածն է, Ձեր աճեցրածը. մաքրելո՞ւ եք: Բոլոր հարցերի պատասխանը հանգում է կարևոր մի խնդրի` ումո՞վ շրջապատված է քաղաքականություն վերադառնում էքս-նախագահը: Որքան մեծ է հարգանքը նրա անձի նկատմամբ, նույնքան մեծ է ատելությունը նրա թիմի նկատմամբ: Լևոն Տեր-Պետրոսյանի թիմից ժողովուրդը մի անգամ «խերվել է» և երկրորդ անգամ նույն ցեխաջուրը մտնել չի պատրաստվում: Եվ արդյո՞ք այս անգամ ևս Նախագահը չի դառնա իր շրջապատի և թիմակիցների պատանդը, ինչպես դա իննսունական թվականներին էր: Եվ, այնուամենայնիվ, ովքե՞ր կլինեն էքս-Նախագահի կողքին, եթե նա գա իշխանության: «Մարդիկ, ովքեր որևէ ձևով չեն կարող ստվերել վաղվա նախընտրական և հետընտրական մեր աշխատանքը»,- հայտարարել է ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Տեսական այս հավաստիացումը չի կարող հավատ ներշնչել ժողովրդին: Ժողովրդին պիտի հայտնի լինեն նրանց անունները, ժողովուրդը պիտի ճանաչի նրանց, քննի նրանց վարկն ու վարքը: 2008 թվականի փետրվարը յոթ սարի հետևում չէ, և եկել է խոսելու ժամանակը:

Ս. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ