ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՐԳԱՆՔԻ ԵՎ ՍԻՐՈ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ


Արժեքների վերագնահատման մեր ժամանակներում հասկանալի է, թե որքան ջանքեր են պահանջվում «տեղատվությունների և մակընթացությունների» պայքարում: Ու երբ ականջդ որսում է գոհունակության արձագանքները, ապա կրկնապատկված եռանդով փորձում ես ճանապարհ հարթել գալիք հաղթանակների համար: Օրախնդիր հարցերի լուծման նորանոր ճանապարհների որոնման ընթացքում էլ ձևավորվեց Արբակիր համայնքի թիվ 37 դպրոցի տնօրեն Մանուշակ Մանասերյանի գործելաոճը: 1978 թվականից ստանձնելով դաստիարակչական գծով փոխտնօրենի պարտականությունը, իսկ 1989-ից` տնօրենի պաշտոնը, դպրոցի կրթադաստիարակչական աշխատանքները տիկին Մանասերյանի ղեկավարությամբ ձեռք բերեցին նոր որակ: Նրա համոզմամբ, ուսումնական գործը գիտություն է, որը պահանջում է խոր մասնագիտական հմտություններ: Նման մոտեցման և որոնող մտքի շնորհիվ էր, որ դպրոցը հեղինակություն վայելեց, իսկ աշակերտների թվաքանակը կրկնապատկվեց: - Տնօրենը, լավ մանկավարժ և վարչական աշխատող լինելուց բացի, պետք է լինի նաև գործունյա: Անհրաժեշտ է քայլել ժամանակի հետ: Երբ նա, ում դիմում ես օգնության ակնկալիքով, տեսնում է, որ իրոք մտահոգված է դպրոցի հոգսերով, անպայման ձեռք է մեկնում: Այդ առումով անուրանալի է Արաբկիր համայնքի ղեկավար Հովիկ Շահինյանի աջակցությունը, ում շնորհիվ դպրոցը ներգրավվել է Սոցիալական ներդրումների ծրագրում: Տնտեսական բազմաթիվ խնդիրներ լուծվել են,- ասում է Մանուշակ Մանասերյանը: Կրթօջախում իշխող միաբանության, առողջ հոգեբանության, միմյանց հոգսերի հանդեպ սրտացավ վերաբերմունքը դպրոցը դարձրել է հարազատ օջախ, որտեղից ուսուցիչներն անգամ դասերի ավարտից հետո էլ չեն շտապում տուն: - Փոխադարձ սիրուց և հարգանքից շահում է գործը,- հավատացնում է տնօրենը, արտահայտելով նաև մանկավարժների հանդեպ ունեցած երախտագիրությունը: Չէ՞ որ նաև նրանց տքնաջան աշխատանքի շնորհիվ է աճում դպրոցի հեղինակությունը, նրանց կազմակերպած միջոցառումներով է հագենում դպրոցական առօրյան: Դպրոցի նպատակն, ինչ խոսք, միայն գիտելիքներով զինելը չէ, ոչ պակաս կարևոր է հայրենասիրական դաստիարակությունը, ինչին էլ նվիրված է մեր երկրի, հայոց բանակի անցյալն ու ներկան արտացոլող «Փառքի սրահը»: Հատկապես տպավորիչ է նույն հարկում գտնվող ռազմագիտության կաբինետը, որը զինղեկ, փոխգնդապետ Սամվել Գևորգյանի (ու նաև աշակերտների) ջանքերով դարձել է զինվորական զորամասի փոքրիկ մոդել: - Պատանին մեր վաղվա զինվորն է, այս առումով անչափ կարևորում եմ ռազմահայրենասիական դաստիարակությունը,- ասում է Սամվել Գևորգյանը,- ուստի, հենց դպրոցից նա պետք է պատրաստ լինի զինվորական ծառայությանը: Կաբինետից դուրս պարապմունքներն անցկացվում են նաև Քանաքեռի զորամասում, հրաձգարանում: Դպրոցն ունի գազապաստարան, իսկ մինչև տարեվերջ կունենա նաև սեփական հրաձգարան: Առանց հոգու հաց համարվող գեղագիտական դաստիարակության` գիտելիքներ ձեռք բերած աշակերտը նման է անավարտ ստեղծագործության: 1992 թ. Կերպարվեստի ուսուցչուհի Անուշ Հովհաննիսյանի ջանքերով ստեղծվել է աշակերտների ստեղծագործական երևակայության ու կարողությունները բացահայտող հրաշալի խմբակ: Ծղոտի, ցորենի հատիկի, ջրաներկի և զանազան այլ նյութերի կիրառումը ընդլայնում է երեխաների մտահորիզոնը, օգնում նրանց բացահայտելու ինքնուրույն ոճը: - Նկարելու շնորհքն, անշուշտ, պետք է զուգորդվի տրամաբանության և երևակայության հետ,- ասում է Անուշ Հովհաննիսյանը:- Երեխաների հետ քննարկում ենք յուրաքանչյուր ստեղծագործություն, որն օգնում է ոչ միայն նրանց մտքերի ճիշտ արտահայտմանը, այլև արվեստի սկզբունքների, արժեքների ճիշտ ընկալմանն ու գնահատմանը: Քաղաքային և հանրապետական ցուցահանդեսներին խմբակի անդամների մասնակցության ու ձեռք բերած նվաճումները հարստացնում են դպրոցի պատմությունը: Փորսուղյան Աննայի, Սուսանյան Գայանեի, Նոնայի, Արսենի, Էլմիրայի և այլոց աշխատանքներն այսօր էլ զարդարում են դպրոցի սրահները: Հ. Գ. Դպրոցի մանկավարժական, աշակերտական ու ծնողական ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է տնօրեն Մանուշակ Մանասերյանին` ծննդյան տոնի առթիվ, ցանկանում առողջություն և անսպառ եռանդ դպրոցի առաջ ծառացած խնդիրների լուծման համար:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ