ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է Ինքնաառաջադրում


Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրելու է իր թեկնածությունը: Վերջապես տրվեց երկար ծամծմված այս հարցի անսպասելի, բայց որոշակի պատասխանը: Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ամենակարևոր բացահայտումը, թերևս, հենց սա է: Մինչ այդ էլ դժվար չէր նկատել, որ առաջին Նախագահի առաջադրվել -չառաջադրվելու հարցը նրա ակտիվությանը զուգընթաց աստիճանաբար ավելի քիչ էր քննարկվում, իսկ արդեն հանրահավաքի կազմակերպման հայտարարության հրապարակումից հետո խնդիրը վերջնականապես հետին պլան մղվեց: Ավելին, երբ նշվում էր, թե էքս Նախագահը շուրջ մեկուկես ժամ տևողությամբ ելույթ է պատրաստում, ամեն ինչ գրեթե ավելի հստակ էր դառնում: Այսքանով հանդերձ, սա այն դեպքն էր, երբ ենթադրությունները հարյուր տոկոսանոց հավաստիություն կարող էին ստանալ թեմայի գլխավոր հերոսի ուղղակի հայտարարության պարագայում միայն: Այսուհանդերձ, խոստովանենք, որ առաջին Նախագահի առաջադրման հավանականությունը չափազանց փոքր էր թվում, քանի որ այն ուղղակիորեն հակասում էր դրա համար նպաստավոր քաղաքական իրավիճակի առկայությանը: Իր առաջ նման պայման դրել էր հենց Լ. Տ.-Պ.-ն ինքը: Իսկ այն, որ Ազատության հրապարակը սակավամարդ չէր, ամենևին էլ հաջողության երաշխիք չէ: Լ. Տեր-Պետրոսյանը պատահական մարդ չէ, և նրա ելույթի ունկնդրումը ոչ անձրևային եղանակի պայմաններում կարող էր էլի շատերին հրապարակ բերել: Ի վերջո, «հաշիվ պահանջելու ժամանակը» գրավիչ ենթավերնագրով ծավալուն տեքստեր երկրի նախկին նախագահները հաճախ չեն ներկայացնում: Եվ, օրինակ, այս պարագայում դրա համար «պահանջվել էր» տասը տարի: Ամեն դեպքում, իրերն իրենց անուններով կոչելու փորձը հաջողվեց կիսով չափ: Դժվար չէ կռահել, որ մոտեցումներն ու գնահատականները, ընդհանուր վերաբերմունքը ամենայն մանրամասնությամբ միտինգավորներին հրամցնելուց հետո, կազմակերպիչներին, համենայն դեպս, առաջիկայում հազիվ թե հաջողվի նույն քանակով ունկնդիրներ ժողովել հրապարակում: Ինչևէ, հետևություններն ու դրանից բխող որոշումներ ընդունելը ընդդիմության խնդիրն է: Անհերքելի է նաև, որ նոր շարժման արշալույսին անգամ եռյակն ինքը չի հավատում իր հաջողությանը: Ինչպես Արամ Սարգսյանը նշեց, քվեաթերթիկ ները հաշվելու գործընթացը բոլորովին կարևոր չէ, և առաջնայինը ոգու հաղթանակն է: Ասվածի երկրորդ հատվածը իրապես դրական գնահատականի է արժանի, բայց հատկապես տարօրինակ է, թե ինչու է իր անկշռելի քաղաքական կապիտալի թեմայով շարունակաբար բարձրաձայնող ՀՀՇ-ի սպասելիքներն այդչափ համեստ: Չէ՞ որ սպասվող հանրահավաքները և դրանց վերջնարդյունք հանդիսանալիք Նախագահի ընտրությունները իրապես կարող են արտացոլել անկասելի ներկայացվող հնարավո րությունների ավելի քան համոզիչ պատկերը: Այս մոտեցումն ինքնին ենթադրել է տալիս, որ Լ. Տեր-Պետրոսյանի գործերն այնքան էլ լավ չեն: Համենայն դեպս, նախկին Նախագահը ստեղծված իրավիճակն ընկալելու կարողություն լավագույնս ունի: Իսկ ինչ վերաբերում է առաջադրվելու նրա հաստատակամությանը, ապա դա Նախագահի ընտրություններին մասնակցելու միայն առաջին քայլն է, և սրանով ամեն ինչ ոչ թե ավարտվում, այլ նոր է միայն սկսվում: