ԺԱՄԱՆԱԿՆԵՐՆ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓՈԽՎԵԼ ԵՆ
Խոստովանեմ` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին ես ավելի բարձր կարծիքի էի: Ինձ` միամիտիս, թվում էր, թե ինչ-ինչ, սակայն նրա վերլուծական մտածողությունը, սթափ դատողությունը, ցանկացած քաղաքական խաղում մի քանի քայլ առաջ հաշվելու կարողությունները չի կորցրել: Սակայն հոկտեմբերի վերջին հանրահավաքում նրա արտասանած երկարաշունչ խոսքը ուշի ուշով կարդալուց, եկա ինձ համար էլ, նախկին Նախագահի համար էլ մի տխուր եզրակացության. Լևոն Տեր-Պետրոսյանը կատարելապես կորցրել է իրականության զգացումը, իսկ ես` կանխատեսելու կարողությունս: Այլապես Լևոն Տեր-Պետրոսյանին չէի վերագրի արժանիքներ, որ ինքը, ամենայն հավանականությամբ, երբեք էլ չի ունեցել, և այդ չեղած արժանիքների վրա չէի կառուցի իմ կանխատեսումն առ այն, թե նախկին Նախագահը առաջիկա ընտրություններին չի մասնակցի. այնքան իմաստություն կունենա, որ կլսի ոչ միայն իր մերձավոր շրջապատի օվսաննաները, այլև հարյուր-հազարավոր, անգամ միլիոնավոր մարդկանց նզովքներն ու անեծքները և կհասկանա, որ այս «խաղում» հաղթելու բացարձակապես ոչ մի շանս ինքը չունի: Սխալվեցի: Լևոն Տեր-Պետրոսյանը հոկտեմբերի 26-ի հանրահավաքում, հավանաբար ազդված հանրահավաքային մթնոլորտից, որն ինքն իսկ անվանեց «1988 թվականի հուժկու համաժողովրդական շարժման սկզբնավորումը հիշեցնող» մթնոլորտ, իր խոսքի վերջում, վկայակոչելով նաև հանրահավաքային «էներգետիկան», հայտարարեց. «Այս պահից ինձ հայտարարում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու»: Ի՞նչ կա որ: Սահմանադրորեն` լիովին իրավունք ունի: Մենք էլ, իբրև վաղվա ընտրողներ, նույնպիսի իրավունք ունենք ծանրութեթև անել, թե այս երկրին մատուցած ի՞նչ ծառայությունների բեռով է կրկին հրապարակ իջել նախկին Նախագահը, ի՞նչ բարոյական իրավունքից օգտվելով է կրկին պատրաստվում դիմել ժողովրդին` խնդրելով իրեն ձայն տալ, ի՞նչ է խոստանում, ի՞նչ է… խոստովանում, ինչի՞ համար է մեղա գալիս ու ներում խնդրում ժողովրդից և արդյո՞ք մեղա է գալիս ու ներում է խնդրում, թե՞ ոչ… Այս հարցերից և ոչ մեկի պատասխանները Նախագահի հերթական թեկնածուի հանրահավաքային ելույթում… չկար: Խոստացավ, որ նմանօրինակ բոլոր հարցերին, իրեն և իր վարչախմբին ուղղված բոլոր մեղադրանքներին կանդրադառնա հաջորդ ելույթներում: Իսկ այս առաջին ելույթը ծայրեծայր նվիրեց ներկա Նախագահի ու այդ պաշտոնի ամենահավանական թեկնածու Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, «քննադատությանը»: Չակերտներ եմ դրել, քանզի այդ ամբողջը, ավաղ, չափազանց հեռու էր քննադատություն լինելուց. ծայրից ծայր ժահրոտ մաղձ էր, զազրախոսություն, լեզվագարութ յուն, անվայել հայհոյաբանություն, անապացույց, բայց չարամիտ ակնարկներով հրեշավոր մեղքերի մեջ կասկածելու թույնի ներարկում հասարակական լսարանին… Այդ ամենի մեջ կա՞ր մի բան, որ մինչ այս` ներկա իշխանությունների ամենակատաղի հակառակորդները չէին ասել: Կա՞ր մի նորություն, որ մինչև իրեն` ոչ ոք չէր «հայտնաբերել»: Ավա¯ղ, չկար: Միակ նորությունը…չարության, ատելության, մաղձի ահռելի չափաբաժինն էր: 10 տարվա մաղձ էր, որ ժայթքում էր` բոլոր ամբարտակները խորտակելով, բոլոր զսպանակները ջարդելով: Կարծես խոսում էր ոչ թե իր, այլ օտար, թշնամի երկրի թշնամի ղեկավարների մասին: Ես ամենևին ցավ չզգացի նախկին Նախագահի բացարձակապես ոչ մի արտահայտության մեջ: Մինչդեռ այն ամենը, ինչ նա ասում էր, ում-ում, բայց այս երկրի հիմնադիր-Նախագահին պետք է որ անկեղծ ցավ տար, ոչ թե հարուցեր նրա անսանձ չարախնդությունը: Մի՞թե մարդը կարող է այնքան ոխակալ լինել, որ խոսելով երկրի ու ժողովրդի` իր պատկերացրած «աղետալի¯» վիճակի մասին` այդ ամենը հասարակական լսարանին հրամցնի…ակադեմիական սառնությամբ, ասես խոսքը վերաբերում էր ոչ թե այսօրվա Հայաստանին, այլ հազարավոր տարիներ առաջվա… Ասորեստանին, որի պատմության հմուտ մասնագետներից մեկն է նախկին Նախագահը, ինչպես նշում էին այլ մասնագետներ նրա վերջերս հրապարակված գիտական աշխատության մասին: Երկրորդ դիտարկումս. Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ներկա իշխանություններին հասցեագրված որևէ մեղադրանք կա՞ր, որ չէր կարելի հասցեագրել նախ և առաջ…իրե°ն: Խոսելով իր իսկ ձևակերպած «ավազակապետության» մասին, նախկին Նախագահն ամպագորգոռ կերպով բացատրում էր դրա էությունը. «Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանության բոլոր լծակներին տիրող մարդկանց սահմանափակ խմբի բարօրության ապահովում սեփական ժողովրդի անխնա հարստահարման և կեղեքման գնով»: Դուք, Ձեր իշխանությունն այդպիսին չէ՞ր, պարոն Տեր-Պետրոսյան: Ձեր ժամանակ «հանուն մարդկանց սահմանափա¯կ խմբի բարօրության» չէ՞ր իրականացվում սեփական ժողովրդի «անխնա հարստահարում ու կեղեքում»: Այն սև բարքերը, որն այսօր այդքան կրքոտ կերպով դատափետում եք, Դուք չե՞ք պատվաստել մեր հասարակական օրգանիզմի առողջ բնին, Դուք չե՞ք հիվանդացրել մեր կենաց ծառը, ապականել հնարավոր ամեն ինչ` սկսած բարոյականությունից, վերջացրած…մարդ կանց արժանապատվության ոտնահարումը` այս հողից ու հայրենիքից հազարավորներին դուրս մղելով, ընչազուրկ ու գործազուրկ դարձնելով… Վերցրու, հարգելի ընթերցող, Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների ընդդիմադիր մամուլը, և կտեսնես, որ այն ամենը, ինչ այսօր նա հասցեագրում է ներկա իշխանություններին, ժամանակին ընդդիմադիր լրագրողները, նրանց թվում նաև անձամբ ես, հասցեագրել եմ…անձամբ իրեն: Ու թեև գոնե իմ հրապարակումներում այն մաղձի մեկ հարյուրերորդն էլ չկար, որ հնչեցրեց ինքը հոկտեմբերի 26-ի հանրահավաքում, նախկին Նախագահը դրանք արհամարհել, բանի տեղ չի դրել, չի ընդունել… Հիմա հանել է այն ամենը, ինչ իրեն էր ուղղված, և վերահասցեագրում է…իր հաջորդներին: Ափսոս, որ 10-15 տարի առաջ գրածներս նախկին Նախագահին…ա°յս կերպ պետք եկան: Ասել կուզեմ, Լևոն Տեր-Պետրոսյանի այս հանրահավաքային ելույթը…սովորական պլագիատ էր, իր ժամանակի մամուլից կատարված գրագողութ յուն: Մինչդեռ ինչքա¯ն սխալներից ու հանցագործություններից կարելի կլիներ խուսափել, եթե նախկին Նախագահը ոչ թե այսքան ուշացումով, այլ ժամանակին կարդար ի°ր ընդդիմադիրների գրածները, լսեր նրանց խոսքը… Արժե՞ր այս «բագաժով» նորից հարթակ բարձրանալ: Չէ՞ որ սա 1988 թվականը չէ, երբ կոմունիստական իշխանություններին տեղի-անտեղի փնովելով, կաշառակե րության և այլ մեղքերի մեջ մերկացնելու սպառնալիքներով ահաբեկելով ու լռեցնելով` երեկվա բոլորին սիրելի «տղերքը» իշխանության եկան: Այն ժամանակ կայսրություն էր փլուզվում, և բախտն ուղղակի ժպտաց «տղերքին`» կոմունիստները կամովին զիջեցին իշխանությունը: Ու երբեմնի բոլորին սիրելի «տղերքը» շատ արագ դարձան բոլորին ատելի պարոններ… Հիմա 2007 թվականն է, կոմունիստական ժամանակների հոխորտանքներով ներկա իշխանություններին ու ներկա քաղաքացիների մեծ մասին ահաբեկել, լռեցնել ու այդ կերպ իշխանությունը նորից «հափռել» այլևս անհնար է: Մինչդեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մեջ շարունակվու՜մ էին 1988-ի հանրահավաքներից լավ հայտնի «սառը քամիները», «սև ցուցակներ» կազմելու սպառնալիքները, դատելու, հաշվեհարդար տեսնելու հոխորտանքները… Դերենիկ Դեմիրճյանը կասեր` «Զսպի°ր կատաղությունդ, ո¯վ Նազարեթ…»: