Հումոր չե՞ն անում
Նախագահի ընտրությունների չհայտարարված քարոզարշավը որոշ քաղաքական ուժերի երբեմն չափից ավելի համարձակ ու անկանխատեսելի է դարձնում, ինչը առաջիկա ամիսներին, իրականության զգացողության անխուսափելի վերականգնմանը զուգընթաց, հետզհետե վերափոխվելու է պարտվողականությունից բխող խուճապի: Այսպիսի անհարմար իրավիճակներում վերջին տարիներին ավելի հաճախ հայրենի արմատականներն են հայտնվում: Ու նրանց հետ էլ, զարմանալիորեն` քաղաքական փորձառության պակաս չունեցող Դաշնակցությունը: Կասկածից վեր է, որ նման պատկառելի տարիքում կատակելու կամ քաղաքական անցուդարձին հումորով վերաբերվելու տրամադրություն ՀՅԴ-ն հազիվ թե ունենա: Առավել ևս` երբ կուսակցությունը Նախագահի թեկնածու էլ է պատրաստվում առաջադրել, և, համաձայն վերնախավի պնդումների, ամենայն լրջությամբ է նախապատրաստվում սպասվող բոլոր գործընթացներին: Այսքանով հանդերձ, օրերս հայտնի դարձավ, որ ՀՅԴ-ն նախատեսում է առաջիկայում հանդես գալ մի շատ անսպասելի` ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները քվեարկությունից հետո տեղամասերում փակցնելու նախաձեռնությամբ: Մինչ առաջարկության խորհրդարանական քննարկումները, նկատենք, որ հրապարակային ելույթներում ընտրակեղծիքների դեմ անողոքաբար պայքարող դաշնակցականներն իրականում նոր «սողանցքներ» են բացում` թեկուզև դանաղ, բայց անուրանալիորեն կատարելագործվող ընտրական գործընթացները վերահսկելու պրակտիկայում: Այն, որ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը միմիայն տվյալ քաղաքացու իրավունքն է, դա թերևս նրանք էլ լավ գիտեն: Այլ հարց է, որ մասնակցության բարձր ցուցանիշը բոլոր դեպքերում ընտրակեղծիքների դեմն առնելու լավագույն տարբերակներից է: Այս մոտեցումն, ինչպես հայտնի է, բոլոր ուժերն են կարևորում: Սակայն նույնիսկ մասնակցության հնարավոր բարձր ցուցանիշը ի ցույց դնելը հետընտրական ցուցակներ փակցնելու ծրագիրը չի արդարացնում: Մի՞թե ընկերները չեն ընկալում, որ ընտրակաշառք բաժանողները «ընտրազանգվածի» հավատարմությունն ու պարտաճանաչությունը լավագույնս կարող են ճշտել հենց այդ խիստ հանրամատչելի ցուցակներին ծանոթանալով: Մինչդեռ մեր ընտրողներից շատերը կարողանում են հաճելին օգտակարի հետ զուգահեռել` երբեմն ընտրակաշառք ստանալով հանդերձ քվեարկել խղճի մտոք: Այս նախաձեռնության լիարժեքությունը կասկածելի դարձնող հիմնավորումներ էլի կան, բայց, առիթն օգտագործելով, անդրադառնանք ՀՅԴ-ի` վերջին օրերի մի քանի հայտարարությունների ևս: Դեռ մինչև վերջ Նախագահի սեփական թեկնածուի անունը չճշտած Դաշնակցությունը համոզված ասում է, թե մեր երկրի համար թիվ 1 հիմնախնդիրը արդարության վերականգնումն է, իսկ դրան հասնելու միակ ճանապարհը` ընտրություններում իրենց թեկնածուի հաղթանակը: Մինչև վերջերս ՀՅԴ-ի նմանօրինակ պնդումները վերագրվում էին ինչ-ինչ այլ ընկալումների: Սակայն, երբ նրանց համոզմունքն արդեն նախընտրական ուղղվածություն է ձեռք բերում, տարակուսելու առիթները բազմապատկվում են: Դաշնակցական նախարարների, մարզպետների, խորհրդարանական բազմանդամ խմբակցության և էլի նման շատ այլ հնարավորությունների ոչ նպատակային գործադրման մասին շատ է խոսվել: Այլ հարց է, որ քարոզարշավին համընթաց ցանկությունների շարքը հարստացնելով` դաշնակցականները հիմա էլ Նախագահ են ուզում ունենալ: Նրանք գտնում են, որ ամեն ինչ ունենալու դեպքում է միայն հնարավոր կոնկրետ գործերով տեսանելի դարձնել կատարած աշխատանքը: Իսկ միգուցե ընտրական օրենսգրքի «վերակառուցումն» է՞լ է դրան ուղղված: