Պայքարը` պայքար, բայց այս անգամ գոնե հանուն, այլ ոչ թե` ընդդեմ


Թեև արդեն հայտնի էր, որ կուսակցությունները, մասնավորապես, ԱԺՄ-ն, ՕԵԿ-ը, Դաշնակցությունը ՀՀ Նախագահի ընտրությանը մասնակցելու են սեփական թեկնածուով, բայց սպասվում էր, որ աշնանային ներքաղաքական անդորրը կխախտվի նոյեմբերին: Այդ ամսին են նախանշված կուսակցությունների` Հանրապետության նախագահի ընտրությանը նախորդող համագումարները: Ներքաղաքական անդորրի խախտման առաջին ակորդը հանդիսացավ անցած շաբաթ, հոկտեմբերի 26-ին կայացած հանրահավաքը, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շուրջ տասնամյա լռությունից հետո առաջին անգամ Ազատության հրապարակում հանդես եկավ հանրության առջև: Հանրապետության առաջին նախագահին Ազատության հրապարակի հարթակին դարձյալ տեսնելու հետաքրքրությունը շատերին էր գայթակղել… Սակայն ժամ ու կես տևած ելույթում հետաքրքիր որևէ նոր բան չասվեց: Հանրահավաքի միակ «ինտրիգը», ինչպես նկատեց ինքը` բանախոսը, որպես Հանրապետության նախագահի թեկնածու իր առաջադրվելու մասին հայտարարությունն էր: Ասել, թե հարթակում Տեր-Պետրոսյանի հայտնվելը, նրա ելույթը ոչինչ չտվեցին, ոչինչ չավելացրեցին ձմռանը նախապատրաստվելու առօրյա խնդիրներից հոգնած մարդկանց հոգիներում, սխալ կլինի: Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքին հատուկ հռետորական վարակիչ ոճը ունկնդիրների շրջանում 88-ի ազնիվ ու ռոմանտիզմով լեցուն ազատագրական պայքարի միասնականության հուշն ու կարոտն արթնացրեց, թերևս… Ու այդ կարոտով ոմանք մի պահ գուցե մոռացան այն տարիների դաժան ցրտի ու մթի և դրանցից շատ անգամ դաժան այն հիասթափության ու խաբվածության մասին, որ հաջորդեց ազգային-ազատագրական պատերազմում բազմաթիվ զոհերի գնով կռած հաղթանակին… Գուցե, իսկապես, մոռացան, բայց ընդամենը` մի պահ: Լ. Տ. Պ.-ն, ինքը հիշեցրեց` ասելով, թե իրեն ուղղված բոլոր մեղադրանքների պատասխանը կտա հաջորդ հանրահավաքներում ու դարձյալ` «Պայքար, պայքար` մինչև վերջ»: Ասել կուզի` Լ. Տ. Պ.-ն մտադիր է սկսել հանրահավա քային գործընթաց, հույս ունենալով վերականգնել 88-ի շարժման հզոր ալի՞քը: Հնարավո՞ր է դա և ինչի՞ կհանգեցնի, ի՞նչ արդյունք կունենա այն. այս հարցերի պատասխանը, թերևս, շատերն են սկսել որոնել: Նկատենք` Լ. Տ. Պ.-ն, ըստ էության, ոչ մի նոր բան չասաց` եթե չհաշվենք ընտրություններում` ժողովրդի համար զգայուն` ղարաբաղյան հարցի վերստին շահարկումը, ինչը վերջին տարիներին, կարելի է ասել, դադարել էր: Դա լա՞վ է, թե վատ և ո՞ւմ է ձեռնտու այդ հարցի շահարկումը. պատասխանը, կարծես, միանշանակ է: Ի՞նչ կշահի ընդդիմությունը, ի՞նչ կշահենք մենք բոլորս` Նախագահի ընտրությանն այս կերպ Լ. Տ.-Պ.-ի մասնակցությունից: Որ ընդդիմությունը միասնական թեկնածու չի ունենալու` այլևս տեսանելի է բոլորին: Լևոն Տեր-Պետրոսյանը կմիավորի ընդդիմության մի փոքր հատվածին: Թերևս այդ հատվածում կընդգրկվեն ներկա իշխանություններից, այսպես ասած, հեռացվածներ, իշխանություններից (միայն նրանցի՞ց) մերժվածներն ու նեղացածները. այդպիսիք, իհարկե, քիչ չեն: Ընդդիմության մյուս` ստվար հատվածը, դժվար թե մոռացության մատնի ՀՀՇ-ից իր վիրավորվածությունը. այն վիրավորանքը, որն ահագնացավ իր իսկ ընտրյալներից հուսախաբվելու արդյունքում: Այդպիսով, որպես ՀՀ նախագահի թեկնածու, Լ. Տ.-Պ.-ի առաջադրումը է°լ ավելի կարող է պառակտել ընդդիմությանը: Այս ամենով հանդերձ, դժվար է պնդել, թե ՀՀ առաջին նախագահի մասնակցությունը ոչնչով չի փոխի առաջիկա ընտրությունների ընթացքը: Դեռ ամիսներ առաջ Գալուստ Սահակյանն էլ ասել էր, թե Լ. Տ.- Պ.-ի մասնակցությունը կարող է փոփոխություն մտցնել ՀՀԿ մարտավարությունում: Թե ի՞նչ փոփոխության մասին է խոսքը, կերևա առաջիկայում: Սակայն մի բան արդեն այսօր զգալի է. Լևոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունն է°լ ավելի կբարձրացնի լարվածությունն ընտրական գործընթացում: Եվ, իհարկե, կմեծացնի սթափությունը` թե մյուս թեկնածուների և թե° ընտրողների:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ