7. Հայրենիքը արյան մորմոք է, ոգու կարոտ


(լրագրողի մտորումներ) Ժամանակին մի պատմվածք եմ կարդացել (հեղինակի անունը, դժբախտաբար, մոռացել եմ), ուր նկարագրվում է նախամարդու քարանձավի այն առաջին էգը, ով լաց լինող ձագին լռեցնելու համար իր դեռ խռպոտ, դեռ չմաքրված ու վայրենի կոկորդով…օրորոցայի¯ն է «երգում»: Ըստ հեղինակի` այդ առաջին, անարվե¯ստ «երգով» է բազմաթիվ էգերի մեջ «ծնվել» առաջին կինը մեր հողագնդում: Բայց այս դեպքում արդարացի կլիներ ասել` երգով է ծնվել ոչ միայն առաջին կինը, այլև առաջին Մարդը` ընդհանրապես: Որովհետև ոչինչ այնքան չի մարդեղենաց նում մարդուն, չի նրբացնում հոգին, չի ազնվացնում զգացմունքները, որքան` երգը, երաժշտությունը, մեղեդի°ն: Չգիտեմ, թե ինչպե՞ս են ստեղծվել աշխարհի ժողովուրդների լեզուները, սակայն վստահ եմ, որ տարբեր լեզուներով խոսող մարդանման էակներից առաջինը հենց նա° է ոտք դրել վայրենությունից Մարդ դառնալու ճանապարհին, ով իր դեռ նոր-նոր ձևավորվող մարդկային հոգու ամեն կարգի զգացմունքների արտահայտման համար առաջինն է ընտրել երգը` որպես… միջոց: Եվ մարդեղենացման ճանապարհին ոտք դրած այդ երգող էակներից 1-ին հայը նա° է եղել, ով երգել է…հայերե¯ն: Ահա ինչու Հայ երգը մայրենի լեզվին հավասար Ազգային Արժեք է, մեր ազգային դիմագիծը կազմող անգնահատելի գանձ: Ազգային երգը, երաժշտությունը, պարը, ազգային մեղեդին ընդհանրապես, մայրենի լեզվի նման` այս աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայերիս իրար շաղկապող, միացնող, ազգային ինքնության գիտակցություն ներշնչող զորե¯ղ շաղախ է: Երգն առհասարակ` մարտադաշտում վիրավոր ընկած զինվորին ոտքի կանգնեցնող ու թշնամու դեմ կրկին խոյանալու ուժ տվող հզո¯ր երևույթ է: Իսկ ազգայի°ն երգը, ի հավելումն, նաև մայրական կաթի հետ մարդու արյանը փոխանցված մի սրբազան սարսուռ, որ ընդունակ է արթնանալու նույնիսկ ա°յն անձի երակներում, ով, հանգամանքների բերումով, անգամ… խորթացե¯լ է իր արմատներին: Ազգային երգը հայրենի եզերքի կարոտի մրմուռն է, կորուսյալ Հայրենիքին երբևէ վերատիրանալու տիրական կանչի առհավատչյան` մեր ենթագիտակցության մեջ: Քանի դեռ մենք ազգովի երգում ենք «Էրգրի» երգերը, պարում ենք «Էրգրի» պարերը` Կարսից մինչև Վան, Անիից մինչև Սասուն, Մուշ ու Ադանա` «Էրգիրը» մե°րն է, մեր հոգու մեջ է, և վաղ թե ուշ մերն է դառնալու նաև…աշխարհագրորե¯ն: Որ օրը դադարեցինք երգել մեր ազգային երգերն ու պարել մեր ազգային պարերը` այդ օրն էլ, Աստված մի արասցե, վերջնականապես կկորցնենք մեզնից բիրտ ու բարբարոս կերպով խլված մեր Հայրենիքը: Ունենալ ազգային երգի, ազգային երաժշտության, ազգային պարի պաշտամունք` մեր ոսկեղենիկ լեզվի պաշտամունքին հավասար, նշանակում է ունենալ այս մոլորակում ինքն իրեն հայ ժողովրդի զավակ, հայ հավաքականության մասնիկ զգալու և հայ անհատ համարվելու հզորագույն կռվան: Դա ոչ միայն հայապահպա նության ու ազգային միասնության ապահովման, այլև երբևէ Ազատ, Անկախ ու Միացյալ Հայրենիքում ապրելու քաղաքական հեռանկարի խնդիր է` եթե ոչ մեր այսօրվա սերնդի, ապա` մեր շառավիղների համար: Աշխարհը հիմա շա¯տ է «փոքրացել»: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը աննախադեպ մեծացրել է այս մոլորակում ապրող հազարավոր ժողովուրդ ների վարք ու բարքերի, լավ ու վատ սովորությունների, նաև` մշակույթների ներթափանցման, միախառնման, միմյանցից ազդվելու հնարավորությունները: Սա բնորոշ է համահարթեցվող /գլոբալացվող/ աշխարհին, որի արտահայտություններից մեկն էլ այն է, որ բոլոր լեզուներում հիմա գործածվում են «համաշխարհային քաղաքակրթութ յուն», «համաշխարհային մշակույթ» բառակապակցությունները: Սակայն, իմ խորին համոզմամբ, եթե կարելի է հուսալ, թե գլոբալացվող աշխարհը երբևէ կապրի «համաշխարհային քաղաքակրթության» մշակած քաղաքական կատեգորիաներով, բոլորի համար ընդհանուր և ընդունելի ազատության, ժողովրդավարության, արդարության սկզբունքներով, ապա «համաշխարհային մշակույթ», որպես բոլորի համար հավասարապես ընդունելի ու հարազատ հոգևոր երևույթ, միևնույն է, երբեք չի գոյանա: Ամեն ժողովուրդ այդ ապագա «համաշխարհային մշակույթի» մեջ կներդնի իր ստեղծած գանձերը, համամոլորակային մշակույթը կհարստացնի իր կարողությունների, իր լավագույն Ազգային Արժեքների չափով: Ազգերի, ժողովուրդների, լեզուների, քաղաքակրթությունների միախառնման համընդհանուր քաոսում իր դիմագիծը, իր ինքնությունը չկորցնելու, այլոց չձուլվելու, համայն մարդկության երախտապարտ հիշողության մեջ հավերժ մնալու միջոցների միջո°ցն է մեր ազգային երգը, պարը, որ եղել ու մնում է ժողովրդի ինքնատիպ մշակույթի հիմքերի հիմքը: Ահա ինչու պահպանել ազգային երգն ու պարը` նշանակում է պահպանել ոչ միայն մեր Հայրենիքը, այլև մեր տեղը ապագա համամոլորակային քաղաքակրթության ու համաշխարհային մշակույթի մեջ: Եվ չափազանց կարևոր է, որ այս գիտակցությունն ամրագրվի ամեն մի նոր սերնդի հոգում: Ինչու՞: Որովհետև լինելով չափազանց ընդունակ ժողովուրդ` մենք բավական արագ ենք յուրացնում այլոց ոչ միայն լեզուները, այլև ամեն կարգի, այդ թվում` մշակութային արժեքները: Լինելով ոչ-արյունռուշտ, խաղաղասեր, բոլորի հետ հաշտ ու համերաշխ ապրելու հակված, շինարար ու աշխատասեր ազգային հավաքականություն, ուրիշներին, այդ թվում դարերով մեզ զանազան չարիքներ պատճառածներին բարությամբ, և ոչ թե թշնամանքով վերաբերվող և անգամ ավելորդ չափով ներողամիտ ժողովուրդ, մենք նաև ավելորդ չափով…այլասե¯ր ենք: Ուրիշ ո՞ր երկրի մայրաքաղաքում ձեր ականջը առավոտից երեկո կսղոցեն ամեն խաչմերուկում տեղադրված երաժշտական կրպակներից հնչող և ուղղակի ականջ խլացնող այլազան, միգուցե նույնիսկ` ամենևին էլ ոչ այնքան անարժեք կամ ցածրարժեք ու անճաշակ երգերն ու երաժշտությունը, բացի…մեր ազգային երգից ու մեղեդիներից: Ամեն ինչ կլսեք Երևանի փողոցներում, սկսած նեգրական կակաֆոնիայից, որ չգիտես ինչու` երգ են կոչվում, վերջացրած արևելաասիական ու անգամ թուրքական կլկլոցներով, բայց Կոմիտաս…չե¯ք լսի: Մի՞թե Կոմիտասի մշակած, դասական մակարդակի հասցված շուրջ 3 հազար ժողովրդական երգերն ու խաղիկները շա¯տ ավելի հոգեհարազատ չեն մեզ… Ասել, թե մեր ժողովուրդը այժմ հակված է ավելի շատ «ռաբիս» կոչվող անճաշակությունները լսելու, անգլո-ֆրանս-ռուսական և Աստված գիտե, թե է՞լ «ինչական», բայց ո°չ իր զուտ ազգային երգն ու երաժշտությունը, իր Կոմիտասի, Սայաթ Նովայի, Ջիվանու, Հավասու, Շերամի, Շահենի, Աշոտի, բազմաթիվ այլ մեծ զավակների ստեղծագործությունների հաճույքն ըմբոշխնելու` մեծագույն տխմարություն կլիներ: Ամեն տեսակի «ռաբիսները» անցողիկ, ոչ մնայուն մոդա են, թեթև քամի, որ միշտ եղել են, հիմա էլ կան, քամու պես եկել են ու քամու պես էլ կանհետանան: Սակայն Շնորհալու սրտահույզ, հոգեպարար շարականները, Արամ Խաչատրյանի ու Արմեն Տիգրանյանի, Ալեքսեյ Հեքիմյանի ու Առնո Բաբաջանյանի, Խաչատուր Ավետիսյանի ու Ռոբերտ Ամիրխանյանի, մեր ազգային երգարվեստի ակունքներից իրենց ստեղծագործական ներշնչումներն ստացած բոլո¯ր մյուս հին ու նոր կոմպոզիտորների ստեղծած դասական երգերը, արդեն նշածս մեր մեծ գուսանների զուտ ազգային երգերի հետ, հավերժորեն կմնան ժողովրդի սրտում: Հավերժորեն կմնան նաև նրանց երգերի սքանչելի կատարողների անունները, որոնց շարքը շա¯տ երկար է: Ինձ իրավունք չեմ վերապահում և չեմ էլ կարող բոլորին թվարկել, ի վերջո` երաժշտագետ չեմ, սակայն բացարձակապես վստահ եմ` եթե առնվազն վերջին մի քանի հարյուր տարիների, ու նաև այսօրվա մեր երգարվեստի պատմության մեջ իրենց հետքը թողած ստեղծագործողների ու նրանց ստեղծագործությունները կատարողների անունները մնան` էլի ա°յդ անուններն են մնալու: Ուստի ուղղակի խղճահարության էր արժանի այն երիտասարդ երգահանը, ով բոլորովին վերջերս հեռուստաէկրաններից մեկով հոխորտում էր, թե ինքը, բա չե¯ք ասի, երգեր է գրում ժամանակակիցների¯, 21-րդ դարում ապրողների¯ համար, ովքեր, պատկերացնու¯մ եք, «բարձրացե¯լ են» 18-րդ դարից, Սայաթ Նովայի մակարդակի¯ց…Ի՞նչ ասես այդ ինքնահավան նորելուկին, ով չի հասկանում, որ Սայաթ Նովան հավերժ ներկայություն է ժողովրդի հոգում, մշտապես նոր ու ժամանակակից, և համարձակվում է քա¯ր նետել երեք դար իր անմահ երգերով հային հայ պահած ու դեռ դարերո¯վ մեր մշակույթի պատմության մեջ իր տեղն ամրագրած ազգային հանճարի վրա: Նետում է` չգիտակցելով, որ իր նման փոքրիկ, առավել քան համեստ տաղանդի տեր տասնյակ հազարները դուրս են մղվել մեր երգարվեստի պատմությունից, անհետ կորե¯լ են ժողովրդի հիշողությունից, ինքն էլ, անկասկած, կորչելու է, իսկ Սայաթ Նովան, իբրև եզակի անհատականություն, կա ու մնալու¯ է: Որովհետև, ինչպես մեծ Չարենցն է բանաձևել` «Երգը հողի°ց է աճում, և ոչ թե հնչյուններից ու բառերից»: Չարենցը սա ասել է բանաստեղծության համար, բայց այս ճշմարտությունը տեղին է նաև ազգային երգի ու ազգային երաժշտության պարագայում: Նա, ով իր հոգում հողի, Հայրենիքի մեծ, շա¯տ մեծ զգացում չունի` չի կարող նրան տալ այնպիսի Երգ, որը ժողովրդին առաջնորդի դեպի…գալիք դարերը… Քչերին, հազվագյուտ օժտվածներին է տրված այդպիսի մեծատառ Երգ ստեղծելու դժվարին երջանկությունը: Բոլոր նրանք, հայտնի, թե անհայտ երգահաններ, գուսաններ ու տաղասացներ, ովքեր Աստծո օրհնությամբ կարողացել են այդ անել` դարձել են մեր ժողովրդի անմահության դրոշակակիրները, իրենց ստեղծագործութ յուններով, իբրև անհատներ, վերածվելով…Ազգային Արժեքների… (շարունակելի)

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ