ՍՊԱՍՎԱԾ ՎԵՐԱԴԱՐՁ


Եղավ մի ժամանակահատված, երբ ժողովրդական արվեստի անապակ ակունքից շատ հեռացավ հայը£ Հեռացավ այնքան, որ նրա հոգում նախկին հուզականությամբ ու ոգեղենությամբ այլևս չէին արձագանքում հայ դասականների կատարումները£ Ու երբ մեր ենթագիտակցական կարոտախտի մեջ հնչեց Գուրգեն Դաբաղյան հրաշամանուկի հոգեթով ձայնը, զարմանքի ու հիացումի ալեկոծում ապրեցինք£ Այո, հեռացել էինք գուցե հայ ժողովրդական երգարվեստի անեղծ արմատներից, բայց արմատները չէինք կտրել£ Հովհաննես Բադալյանի, Ռուբեն Մաթևոսյանի, Արաքսյա Գյուլզադյանի, Օֆելյա Համբարձումյանի, ժողովրդական երգի անդաստանի մյուս նվիրյալների արվեստը նորովի վերծանեց հայ երգի փոքրիկ իշխանը£ Ու թեև հորն ու հորեղբորն է համարում իր առաջին ուսուցիչները, այդուհանդերձ, հայ ժողովրդական երգի դասականների երախտիքն իր` որպես երգչի, կայացման գործում, գնահատանքով է վերարժևորում£ Գուրգեն Դաբաղյանը հիրավի լուսավոր մի կայծ էր ժամանակի արժեքային դատարկության մեջ, որ հետո դարձավ լույսի անսպառ աղբյուր ու ժողովրդական երգը դրեց նոր, մինչ այդ հայ մանկան համար չբացահայտված հարթության վրա£ Այո, մանկա°ն£ Չէ՞ որ առաջինը Գուրգեն Դաբաղյանի մանկական շուրթերից այնպես քաղցրալուր հորդեց հայ ժողովրդական, աշուղագուսանական արվեստը£ «Թամամ աշխարհ պտուտ եկա…», այս երգն էր կանխորոշիչ մեկնարկը նրա ընթացքի£ Ընթացք, որ կանխորոշեց նաև հայ ժողովրդական երգի վերազարթնումը£ Հետո տևական ժամանակ լռեց փոքրիկ իշխանը հայ երգի… Հնգամյա լռությունից հետո Երևանում կրկին մենահամերգով հանդես կգա Գուրգեն Դաբաղյանը, և նրա երգի երկրպագուները կրկին կունկնդրեն նրա հոգեթով երգի նորովի կատարումները£ Մենահամերգի ժամանակ նրան նվագակցելու են Սայաթ-Նովա աշուղական երաժշտախումբը` կոմպոզիտոր Արտեմ Խաչատուրի և դուդուկահար ների քառյակը` Գևորգ Դաբաղյանի ղեկավարությամբ£ Այսօր արդեն Կոմիտասի անվան կոնսերվատորիայի խմբավարական բաժնի երրորդ կուրսի ուսանողը փաստում է. ¬ Երկարատև երաժշտական դադարից հետո էլ չեն փոխվել իմ սիրո չափանիշները երգի հանդեպ£ Ունենալով ժողովրդի կողմից ինձ տրված պատվավոր տիտղոսը, առավել պատասխանատվությամբ եմ վերաբերվելու իմ կատարումներին£ Ես շատ ուրախ եմ, որ ժողովրդական երգն այսօր վերածնվել է և զարթոնք է ապրում£ Իմ երկրպագուները տարբեր տարիքի մարդիկ են, բայց ամենաուրախացնող փաստը նրանց սերն է ժողովրդական երգարվեստի հանդեպ£ Գուրգենի ստեղծագործական գործունեության սկզբից նրա լավագույն խորհրդատուն` դուդուհակար Գևորգ Դաբաղյանը, անթաքույց հպարտությամբ է խոսում եղբորորդու բնատուր շնորհի, նրա ձեռքբերումների և հաջողությունների մասին£ Եվ, իբրև հայ երգարվեստի նվիրյալ երախտավոր, կարևորում է ժողովրդական երգարվեստի հանդեպ հետաքրքրության ներկա ալիքը£ ¬ Որքան շատ լինեն հայ երգարվեստը ներկայացնող պատանիներն ու աղջիկները, այնքան մեծ զարգացում կապրի այն£ Գնահատելի է այն հեռուստաընկերություն ների աշխատանքը, որոնք նպաստում են ժողովրդական երգարվեստին£ Ես սիրով պատրաստակամություն եմ հայտնում աջակցել մեր այն հայ մանուկներին, ում հոգում առկայծում է երգի հանդեպ սերը£ Գուրգենը ևս այստեղ մեծ անելիքներ ունի, քանզի շատ ուշադիր և զգոն պետք է լինի իր կատարումներում£ Չէ՞ որ նաև իր ուսանելի օրինակով կարող է նպաստել հայ երգարվեստի զարգացմանը և հայ մանուկների հոգիներում ժողովրդական երգի արմատակալմանը£

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ, ՇԻՐԱԿՅԱՆ ՔՐՈՆԻԿՈՆ