ԱՇՆԱՆԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ
1. Փառատոնային «մրցավազք» Մեր մշակութային կյանքի աշնանային բնականոն աշխուժացմանը սրընթաց տեմպ հաղորդեց «Արմմոնո-5»-ով մեկնարկած փառատոնային «մրցավազքը»` հուժկու թափ առնելով հատկապես հոկտեմբեր ամսին: Կատարողական արվեստների «Հայֆեստ» և «Հեքիաթի օր» տիկնիկային միջազգային փառատոներից էստաֆետն ընդունեցին տիկնիկային թատերախմբերի III, երիտասարդ բեմադրիչների II և «Նռան հատիկ» մանկապատանեկան թատրոնների VII հանրապետական փառատոները: Գրեթե միաժամանակ: Տաուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Դիլիջան քաղաքներում և 20 գյուղերում տիկնիկային 19 թատերախմբեր ցուցադրեցին 50-ից ավելի ներկայացումներ: Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում իրենց լավագույն աշխատանքներով հանդես եկան 11 երիտասարդ բեմադրիչներ: Երևանյան պատանի հանդիսատեսին մինչև նոյեմբերի 2-ը կներկայացվեն «Նռան հատիկ»-ի մարզային և ճամբարային փուլերին հաղթական հաջողությամբ մասնակցած 19 թատերախմբեր: ՀՀ Մշակույթի նախարարության կազմակերպչական և ֆինանսական (հիմնականում` խորհրդանշական) աջակցությանն արժանանալն արդեն իսկ վկայում է թատերական մարաթոնում ընդգրկված փառատոների պաշտոնական ճանաչման ու կարևորող արժեքավորման մասին: Այս տեսակետից յուրաքանչյուրի ամբողջական վերլուծա կան գնահատությունը դրանց մշակութային բարձրարժեք հարատևության անհրաժեշտ նախապայմաններից է դառնում: 2. Կարո՞տ էր Գյումրին... Թե որքանով հագեցրեց Տաուշի մարզի միապաղաղ մշակութային առօրյան տիկնիկային թատերախմբերի III փառատոնը, դժվարանում եմ ճշգրիտ գնահատական տալ` հիմնվելով զանգվածային լրատվամիջոցների կցկտուր անդրադարձների վրա: Լինելով անմիջական մասնակիցը Գյումրիում անցկացված երիտասարդական փառատոնի` վերստին հաստատում եմ քանիցս արտահայտած համոզումս մարզերում մշակութային կյանքը աշխուժացնելուն միտված պետական քաղաքականության արդյունավետության մասին. ամենաբովանդակալից միջոցառումն անգամ (թեկուզ` մի ամբողջ շարան) զանգվածային հետաքրքրաշարժություն չի կարող առաջացնել, եթե տեղերում նախապես չտարվեն համապատասխան կազմակերպչական աշխատանքներ: Առաջնահերթ (արտահերթ) սրտացավ հետևողականություն պետք է հանդես բերեն մարզպետարանները: Մինչդեռ… Առայժմ նրանք (գրեթե բոլորը) կանխավ (իհարկե` բանավոր) պատրաստակամություն են հայտնում, համագործակցության վստահություն ներշնչում և, որպես կանոն, վճռական պահին դրժում որևէ կասկածի տեղիք չտվող նախնական պայմանավորվածությունը: ՀԹԳՄ և ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնած «Գյումրի-2007» հանրապետական երիտասարդական փառատոնին գործնականում աջակցելուց անսպասելիորեն ձեռնպահ մնաց Շիրակի մարզպետարանը: Գեթ հարգվեին վաղօրոք տրված խոստումների մի մասը` ոչ միայն հնարավոր կլիներ անփոփոխ ներկայացնել վերջին երկու օրերի խաղացանկը, այլև, բոլոր մասնակից ների մեկտեղմամբ, պատշաճ հանդիսավորություն հաղորդել փակման արարողությանը: Ակնկալվող համընդհանուր ուշադրության չարժանացան թատրոնի տնօրեն Էդուարդ Պողոսյանի և ողջ աշխատակազմի ջանքերով իրենց բեմին հարմարեցված ու մասնակից խմբերի բարձր արվեստով մատուցված ներկայացումների մի մասը: Ի պատիվ փառատոնի կազմակերպիչների պետք է ասել, որ ընտրված բոլոր տարաբնույթ աշխատանքներն էլ մի շարք հաջողված դերակատարումներով կենդանություն ստացած բեմադրական ուրույն գեղագիտության հասուն արտահայտություններ էին: Թատերական հնագույն ավանդներով հպարտացող Գյումրին կարո՞տ էր շնորհաշատ բեմադրիչների մատուցած նորաբույր արվեստի այդ ուշագրավ արտահայտությունների հետ անմիջական հաղորդակցությանը: Դատելով հակասական, պարզունակ, հաճախ` անկարծիք արձագանքների սահմանափակությունից և տեղի «մշակութապահպանների» պաշտոնական անտարբերությունից` հազիվ թե: 3. Վաղվա հանդիսատեսը Թատերապաշտ բարեկիրթ հանդիսատեսի կարիքից բարոյապես հյուծվում են գրեթե բոլոր գործող թատերախմբերը: Բեմի վրա կենդանի արարման օրինաչափ ընթացքը խաթարող բջջային միալար, տևական հեռախոսանվագը, ներկայացվող պատումի հատկապես հանգուցային դրվագների բուռն, անթաքույց թյուրընկալումը առայժմ առերևույթ չեն հանում հունից դերակատարներին` խլելով որոշակի կենսական էներգիա` այնքան անհրաժեշտ ստեղծագործական լիարժեքության հասնելու համար: Երբեմն նույնիսկ, ներքին ընդդիմություն հարուցելով, մղում են հերոսական ինքնակենտրոնացմամբ ծնվող աննախադեպ դերամարմնավորման: Օրինակները բազում են: Կենդանի արվեստի հոգևոր-բարոյական սպանդի շուտափույթ (արմատական) կանխարգելումը (կասեցումը) վաղուց օրվա հրամայականի արժեք է ձեռք բերել արդի մշակութային կյանքում: Եվ սրանով պետք է անհանգստանան ու լրջորեն զբաղվեն ներկայումս գործող կրթամշակութային համակարգի բոլոր օղակները: Հանրակրթարանները: Անհապաղ: Երիտասարդական փառատոնի բացմանը լեփ-լեցուն հանդիսասրահում ՀԹԳՄ նորընտիր նախագահ Հակոբ Ղազանչյանը չկարողացավ թաքցնել հրճվանքը` նկատելով վառվռուն հետաքրքրասեր հայացքը բեմին գամած մի փոքրիկ տղայի, ում թատրոն էին բերել հատուկ կոկված, նախապատրաստված: Ուրեմն վաղվա հանդիսատեսի ծնունդը ցնորամիտ երազանք չէ սոսկ: Այն միանգամայն հնարավոր է հասարակության նվազագույն օղակում` ընտանիքում: Շատանան հասարակական օրգանիզմում նրա լիարժեք կենագործունեությունը ապահովող այդ ընտանիքները` վաղվա օրվա հետ գեթ կարելի կլինի կոնկրետ հույսեր փայփայել: 4. Բեմադրիչների նոր սերունդը Փառատոնային ցուցադրությունների վարագույրը բացվեց Չեխովի «Արջ»-ը կատակերգությամբ` առաջին իսկ տեսարաններից շեշտադրելով երիտասարդ արվեստագետ Վահան Բադալյանի բեմադրական տեսիլքի իմաստուն ինքնատիպությունը, որով բազմիցս բեմ բարձրացված դասական երկը նորովի ուշագրավ էր դարձել` դյուրութ յամբ հաղթահարելով ժամանակի պատնեշը: Դասական գոհարների խորքերը պեղելու իր բացառիկ ունակություններով նա խանդավառել էր անցյալ փառատոնին ներկայացրած «Խելագարի հիշատակարան»-ով (ըստ Գոգոլի): Եվ չեխովյան կատակերգությունների նոր ընթերցումները` ներքին տրամաբանական-հոգեբանական շաղախով միավորված «Արջ»-ը և «Առաջարկություն»-ը, վերստին հավաստեցին Բադալյանի ստեղծագործական մտքի ու հստակվող ձեռագրի արժեքավորությունը հայ թատրոնի բարձրարվեստ շարունակության տեսակետից: Այդուհանդերձ, բեմադրական ցանկացած հրաշալի մտահղացում դատապարտված է ձախողման, եթե չի գտնում իր թատերական լիարյուն մարմնավորումն ապահովող դերասաններ: Այս դեպքում Վահան Բադալյանին բախտը կրկին ժպտացել էր: Կոմեդիայի թատրոնի առաջատար դերասաններ Արա Դեղտրիկյանը, Նարինե Ալեքսանյանն ու Վանիկ Մկրտչյանը բեմական արժանահավատ կյանք էին պարգևել խաղացած դերերին` առանձնահատուկ փայլով ներկայանալով «Առաջարկություն»-ում: Բեմադրիչի խելամիտ օժանդակությամբ նրանք հանդիսատեսին երևացին արտիստական ներուժի նորահայտ հնարավորություն ներով: Թատերական ներկայացման ընկալման համարժեք անմիջականությամբ հաճելիորեն զարմացրեց Գյումրիի մանուկ հանդիսատեսը: Նրա կայացնող աշխուժությունը դարձավ հաջողության երաշխիքը ռուսական թատրոնի «Արքայադստեր հարյուր համբույրը» (Ի. Եգորովա, Ե. Չուբարովա-բեմադրիչ` Իրինա Հարությունյան) և Եպհթ «Սովորական հրաշք» (Ե. Շվարց-բեմադրիչ` Դանիել Առագաստ) մանկապատանեկան ներկայացումների` խթանելով դերասանախմբերի կատարողական ներշնչանքը, հաստատելով լիակատար փոխըմբռնում հանդիսասրահի և բեմի միջև: Նաև` մոռացնել տալով մայրաքաղաքային թատրոնների դերասաններին իրենց բեմելին անմիջապես նախորդած երկար ճանապարհի հոգնությունն ու անծանոթ բեմին հարմարվելու ժամանակամիջոցի սղությունը: Մասնակից թատերախմբերի ներկայացումներից որևէ մեկում այդպես էլ չզգացվեց նոր բեմի խորթությունը: Ավելին` Գյումրիում ներկայացրած իրենց աշխատանքները (մինչև իսկ` «ամենադժվարամարսները») Երևանի թատրոնները մատուցեցին անմնացորդ ներքին կրակով ու մասնագիտական պատվախնդրությամբ: Նախապաշարող մտավախություն կար ավանդապաշտ գյումրեցի հանդիսատեսի կողմից բացահայտ հրապարակային քննարկման համար անհանդուժելի ինտիմ թեմայի ինչ-ինչ էական կողմերի խորքային, առաջին հայացքից` արտառոց մեկնաբանության թյուրըմբռնման նկատմամբ, որ հոգեբանական նուրբ անցումներով դրամատիկ համոզչականություն էր ստանում Սուրեն Շահվերդյանի բեմադրած «Մեր ծնողների նևրոզները» (Լ. Բերֆուս) ներկայացման մեջ: Նախապես փոքր-ինչ մեղմացնելով արգելված լինելու պատճառով անլուծելի մնացած, ողբերգական հետևանքներով հղի պրոբլեմների կարևորությունը շեշտադրող բեմապատումի թատերական արտահայտչամիջոցները` Շահվերդյանը դերասանախմբի համագործակցությամբ, բեմական շարժման ու երաժշտական հենքի ներդաշնակմամբ կարողացավ ճեղքել հանդիսասրահի ներքին դժկամ ընդդիմության ենթադրվող պատնեշը: Որոշ չափով նախապատրաստված լինելով` հանդիսատեսը ամենայն լրջությամբ խորամուխ եղավ ջանադրաբար կեղծ ամոթխածությամբ քողարկվող կենսական գորդյան հանգույցի բարդ ոլորաններում` անկեղծորեն վարակվելով հոգեմետ դեղորայքի մթագնող ազդեցությամբ լեթարգիական քնի տարիներ անցկացրած տարաբախտ Դորա-Լուսինե Կոստանյանի հանիրավի կործանման անխուսափելիության հարուցած դառնաթախիծ տրամադրությամբ, ակամա սևեռելով միտքը «նոր դրամային» բնորոշ արտասովոր, ավանդականից միանգամայն տարբեր «կաղապարում» ամփոփված, մինչ օրս էլ խնամքով ստվերվող ողբերգության ակունքների վրա: «Մարդասիրական» ռումբերով գրեթե անապատի վերածված Բալկաններում ծվարած մենաստանում ասես միտումնավոր մոռացված հոգեկան հիվանդների տարօրինակ կենսակերպի թատերայնացմամբ (Խ. Բոյչև. «Գնդապետ թռչունը») համամարդկային աղետների շուրջ իր խորհրդածություններն էր խառնամբոխ հանդիսատեսի հետ կիսում երիտասարդ բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանը : Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանախումբը, նախ, ներկայացնում է ամենատարրական ուշադրությունից զրկված հիվանդների կեցության անմարդկային պայմանները, որոնք բարելավելու անկարողության գիտակցությունից գրեթե խենթացած նորանշանակ բժիշկը (Հովհաննես Բաբախանյան) շուտով ինքն է կառչում շիզոֆրենիայով տառապող գնդապետ Ֆետիսովի (Հրաչյա Հարությունյան) անսպասելի աշխուժացմամբ իմաստավորված ապրելաոճի առողջացնող իմպուլսներից: Հիասթափված «նորմալ» մարդկանց անսիրտ բարքերից` ընդունում է ազատ ճախրանքի ապրեցնող պատրանքով դատապարտված մարդկանց ոգեշնչած (կյանք վերադարձրած) խաղի կանոններն, ու ինքն էլ միանում սեփական իրավունքները հաստատելու վճռականությամբ Ստրասբուրգ ճանապարհվող զինվորահանդերձ հիվանդների խմբին: Հարուստ ենթատեքստով ուշագրավ այս պատմությունը դինամիկ անցումներով է զարգացնում Խաչատրյանը` հնարավորություն ընձեռելով դերասաններին դրսևորելու ողջ բեմափորձն ու կերպավորման ներուժը խաղացած հերոսների մարդկային նկարագրերին կենսական գրավչություն ու համոզչականություն հաղորդելու և ներկայացման զարգացումը տրամաբանական ավարտին հասցնելու: «Համազգայինի» խաղացանկի լավագույն ներկայացումն է Ա. Հերնիի «Շան աղջիկը» («Սիլվիա») Սաթենիկ Խաչատրյանի բեմադրությամբ: Մարդկային կարծրացած հարաբերությունների հոգեբանական բացահայտումը կենդանական բնազդային անմիջականությամբ ուրույն հետաքրքրաշարժություն է հաղորդում թեթևասահ մելոդրամատիկ այս պատմությանը գլխավոր դերակատար Նարինե Գրիգորյանի անբռնազբոսիկ կերպարայնությամբ ներթափանցված բեմական վարքագծով: Գրիգորյանի բազմաշերտ արտիստական-արվեստագիտական նկարագրի մեկ այլ ցայտուն արտահայտությունն է «Երկնագույն երկրագունդ» բեմադրությունը ըստ Մարինա Ցվետաևայի «Վիպակ Սոնեչկայի մասին» ստեղծագործության: Մերօրյա աղերսներով հագեցած դրամատիկ մի բեմապատում, որում արտիստական իր անուրանալի հմայքով է երևում Զարուհի Անտոնյանը (Սոնեչկա): Մեր հասարակական կեցությունը գլխիվայր շրջած հեղաբեկումնային իրադարձությունների նկատմամբ իր վերաբերմունքը Զոհրաբ Բեկ-Գասպարենցը հնարավորինս հստակեցրել էր Սամվել Կոսյանի «Ուշացողները» աբսուրդ պիեսի («ինչ-որ բան մի քանի պատկերով») բեմադրությամբ` պահպանելով բնութագրական արտահայտչաձևե րը, Գուրգեն Անտոնյանի (Կյաժ) հետ ծավալած դերասանական երկխոսություններում, մյուս դերակատարների խմբակային ու առանձին կցկտուր խոսքում շեշտադրելով գլխավոր ասելիքի քաղաքական ենթաշերտերը` երբեմն հասնելով պամֆլետային սարկաստիկ հնչեղության հատկապես ռեֆրենային միջարկումներով: Հուսադրող էր Լիլի Էլբակյանի բեմադրական առաջին փորձի (Լ. Անդրեև. «Մարդու կյանք») զգացական ներգործուն ուժը, արտիստական վառվռուն անհատականութ յան` նոր ստեղծագործական եզերքներում իրեն գտնելու փորձ: Վերապահությամբ ընդունելով բեմադրիչ Լևոն Ուզունյանի երիտասարդ լինելը` Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայպետդրամայի «Փախիր կնոջից» (Ռ. Կուն) զավեշտական ներկայացման մեջ կրկին ու նորից ինձ հրապուրեց երիտասարդացած դերասանախմբի անմնացորդ նվիրումը Մելպումենայի դավանանքին: Հայտնություն դարձավ Սերգեյ Սաֆարյանի` ոստիկանության II բաժանմունքի տեսուչը, որին սկսնակ դերասանը կերպավորում էր որոշակի հմտություններ ցուցանելով: Հայտնի հանգամանքների բերումով չկարողացա նայել Ասպրամ Բաղդասարյանի բեմադրած «Չար ոգին» (Ալ. Շիրվանզադե): Հուսով եմ, Գյումրիի թատրոնի տնօրենի խոստման համաձայն, ի թիվս խաղացանկային մյուս ներկայացումների, առիթ կունենամ տեսնել ու արժեքավորել և, լրացնելով ու ամբողջացնելով մոտավոր պատկերացումն այս ստեղծագործական խմբի արարչագործության մասին, ծավալել մեկ այլ թատերական խոսակցություն: 5. «Բեռլին» հյուրերի տունը Գերմանական Կարմիր խաչի սոցիալական մոդել-ծրագրով որպես «Մոր և մանկան կենտրոն» մտահղացված այս համալիրի հյուրընկալ հարկը Երիտասարդ բեմադրիչների հանրապետական փառատոնին ներկայացված աշխատանքները գնահատելու կոչված յոթ հոգանոց մեր հանձնախմբի համար նորահայտ մշակութային օջախ դարձավ Գյումրիում: Թատրոնի սիրով հարազատանալով մեր մոսկովյան գործընկերներին` Թատերական միությունների միջազգային համադաշնության ներկայացուցիչ, Չեխովյան միջազգային թատերական փառատոնի կոորդինատոր Իրինա Տրոիցկայային, «Էկրան և բեմ» շաբաթաթերթի թատրոնի բաժնի վարիչ, պետերբուրգյան թատերագիտական քուրայում թրծված Եկատերինա Դմիտրիևսկայային և միմյանց` լրացուցիչ մշակութային իմպուլսներ ստացանք գյումրեցի արվեստագետների աննախադեպ այս հավաքատեղում: Ընթացիկ ներկայացումներից ստացած տպավորությունները հավաքագրելով ու քննարկելով, ըստ էության համակարծիք լինելով հայ երիտասարդ բեմադրիչների ցուցադրած աշխատանքների ընդհանուր հուսադրող (ապագայի հավատ ներշնչող), ինքնահատուկ գեղագիտության և բեմադրական ակնհայտ ունակութ յունների կոնկրետ դրսևորումների գնահատության աննշան տարբերակվող տեսակետներում, ուշի-ուշով զննեցինք միջանցքում ցուցադրված տարաոճ գեղանկարչական կտավները, նախասրահում տեղադրված հնագույն ժամանակների մասունք տարբեր իրերը, փորձեցինք վերծանել կանաչապատ բակում բազմեցված «Պուլսար» հուշարձանի գիպսե մոդելի (Ալբերտ Վարդանյանի` խաղաղությանը ձոնված այս քանդակի բրոնզաձույլ բնօրինակը անցյալ նոյեմբերին տեղադրվել է Գերմանիայի Բոխում քաղաքում, «Քրիստոս» եկեղեցու առջև) համամարդկային մշակույթը գովերգող և բռնությունն ու պատերազմը դատապարտող խորհրդանիշները: Համալիրի տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանն ամենևին նման չէր նորահայի: Արվեստի նկատմամբ սերը նրանում տեղ է գտել ժառանգաբար. պապը` Երկան Ալեքը, ժամանակին արվեստասերների հավաքատեղի է դարձրել Սոլոլակի իր հյուրանոցը, հորեղբայր Գևորգը Փափախանա թաղի «թատրոն պատմողն» է եղել… Արվեստապահպան ձգտումները ինքնաբուխ նրա շուրջն են համախմբել համաքաղաքացի արվեստագետներին, գիտնականներին£ Ծավալելով կոմերցիոն գործունեություն` «Բեռլին» հյուրերի տունը ստացված շահույթը տրամադրում է առողջապահական (մանուկներին և կանանց սպասարկում են 2 պոլիկլինիկա), գիտամշակութային ծրագրերի իրագործմանը£ Արվեստի նմուշների մոտ 10 ցուցահանդես է կազմակերպվել Գերմանիայում, Բելգիայում, ԱՄՆ¬ում£ Այս պահին Ֆրեզնոյում ցուցադրվում է մոտ 80 աշխատանք, հիմնականում` գրաֆիկական£ Մինչ ավարտվում էր Իտալիայի դեսպանատան հետ համատեղ անցկացվող տուրիզմի զարգացմանը նվիրված կոնֆերանսի նախապատրաստությունը, ես դիտեցի «Տիկնիկ Ամալյայի համար» կարճամետրաժ կինոժապավենը (սցենարը և բեմադրությունը` Գառնիկ Սարգսյանի), որի պրոդյուսերն է Տեր¬Մինասյանը£Գյումրիի հողում հանգրվանած գերմանական 369 ռազմագերիների հիշատակին նվիրված քնարաշունչ կինոնովելի անմիջական տպավորությամբ հրաժեշտ տվեցի անձրևող քաղաքին…Համակված Շիրակի մարզպետարանի հակամշակութային վարքագծից հորդացող դառը մտքերի տեղատարափով: