ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ


- Հիմարություններ մի ասա: - Մայրիկ, մայրիկ,-երեխայի նման թռչկոտելով ասաց Լենան,-դու ասացիր, որ նրա հետ երեք տարի ես հանդիպել, իսկ մյուս ծննդյանդ օրն ինչպե՞ս անցավ: - Հաջորդ տարի նա այդ օրը պիտի մեկներ Փարիզ: Խորհրդա-ֆրանսիական համատեղ անձնակազմը պատրաստվում էր տիեզերք թռչել, դե, այդ ծրագիրը սպասարկում էին շատ գիտահետազոտական ինստիտուտներ, այդ թվում և այն, որտեղ ինքն էր աշխատում: Դե, մտածեցի, այս անգամ առանց նրան կդիմավորեմ ծննդյանս տոնը, հիմա անգամ ծննդյան օրվա տորթը չի փրկի: Ու հանկարծ հնչում է դռան զանգը, բացում եմ... - Ինքն է, -ուրախ ճչաց Լենան: - Հա,-ժպտալով ասաց մայրը,-ինքն էր, վարդերի փառահեղ մի ծաղկեփունջ ձեռքին շնչակտուր ներս մտավ, մի բաժակ օղի խմեց, շրթունքներս համբուրեց, շնորհավորեց ծննդյանս օրը, նվերը հանձնեց ու պատրաստվեց դուրս գալ: «Այդ ու՞ր» հարցրի ես, իսկ նա գրկում է ինձ և մանկան անմիջականությամբ պատասխանում. «Ներքևում տաքսին սպասում է, մեկ ժամից ինքնաթիռիս թռիչքն է, պիտի վերադառնամ Մոսկվա, որ հասցնեմ Փարիզի ուղերթին: Ճիշտն ասած Փարիզ պիտի թռչեինք դեռ առավոտյան, բայց ինչ-որ մի ախմախ, չէ, չէ, կներես, դու ախմախին չէիր սիրի, հանճար, այսպես ասենք, համեստ լինենք, պարզելով, որ թռիչքն իրականացնողը ֆրանսիական ընկերություն է, համոզված լինելով, որ այդ դեպքում ահազանգը անհետևանք չեն թողնի, զանգահարեց Շերեմետևոյի միլիցիայի բաժանմունք և հայտնեց, որ Փարիզ թռչող ինքնաթիռի մեջ ռումբ կա, հետո, երբ թռիչքը հետաձգեցին, տոմսի արժեքի քառապատիկը վճարելով Կիևի տոմս գնեց ու եկավ Կիև, որ քեզ շնորհավորի ու գողանա, տանի իր հետ Փարիզ շրթունքներիդ համը ու մազերիդ բույրը»,- ասաց, հետո կրքոտ համբուրեց ու դուրս փախավ: - Խելագարվել կարելի է,-ծիծաղից խեղդվելով գոչեց Լենան: - Քեզ ինչ կա, դու ծիծաղում ես, իսկ այն ժամանակ ես սարսափից քարացել էի, այն ժամանակ այդպիսի կատակների համար շատ հանգիստ երկար տարիներով Սիբիրում կհայտնվեիր,-նույնպես ծիծաղելով ասաց մայրը,-այդպիսի կատակների համար գլուխը պիտի ջարդեի, բայց անգամ վրան բարկանալ չկարողացա: - Բարկանա՞լ, ես նրան ոտքից գլուխ համբույրներով կծածկեի,-երազկոտ ասաց Լենան: Մի կում վիսկի խմելով` նա ասաց. - Այ, դա կյանք է, այ, դա սեր է, մամ, իսկ երրո՞րդը... - Երրո՞րդը,-տխրեց մայրը,-այդ ժամանակ Հայաստանում արդեն սկսվել էր Ղարաբաղյան շարժումը, նա շարժման ակտիվիստներից էր, մասնակցել էր ցույցերին, գործադուլներին, մի քանի անգամ կալանավորվել... նրան ազատել էին աշխատանքից... մի խոսքով, երեկոյան հայտնվեց փառահեղ ծաղկեփնջով, թանկարժեք նվերներով, բայց ներս չմտավ: Հենց շեմին համբուրեց ինձ, շնորհավորեց, ասաց, որ շտապում է ու անհետացավ: Գունատ էր, շատ անհանգիստ: Ես նրան այդպիսին դեռ երբեք չէի տեսել: Այն ժամանակ, հիշում եմ, ես` հիմարս, նեղացա, մինչդեռ պետք էր զգուշանալ: Դա վերջի սկիզբն էր: Հոգոց հանելով նա բառերը դանդաղ արտասանելով շարունակեց: - Իմ ազգականների մեջ մի կին կար, ժամանակին ամուսնացած էր եղել հայի հետ, հետո բաժանվել էին: Նրան որդու պես սիրում էր, բայց մի անգամ ինձ ասաց. «Աղջիկս, զգույշ եղիր, տղամարդկանց մեջ կա մի տեսակ, որ կարողանում է կնոջը երկինք բարձրացնել ու այնտեղից անդունդն է նետում, նրանք դա ոչ թե չարությունից են անում, ոչ թե ստորությունից, ոչ էլ ցանկանում են մեզ ցավ պատճառել, ուղղակի ինքնաբերաբար, Արարիչը նրանց այդպես է ստեղծել, քո հերոսն էլ կարծես թե այդ տեսակից է, դրա դեմ հակաթույն չկա, զգույշ եղիր, մի թող, որ զգացմունքներդ կլանեն քեզ...»: Հիմար էի` չլսեցի նրան... - Իսկ հետո՞: - Հետո, հեքիաթը վերջացավ, գինովությունն անցավ, եկավ սթափության պահը, և նա ինձ լքեց...,-դառնացած ասաց մայրը: - Մայրիկ, բայց դու Իգորին ասացիր, որ դու ես լքել նրան,-կամացուկ ասաց Լենան: Մայրը քմծիծաղ տվեց. - Շատ բան ասացի, դրա համար էլ կին եմ, որ տղամարդուն ներշնչեմ այն, ինչ ես եմ ուզում: Դա ինձ հաջողվեց, բայց դրանից ճշմարտությունը չփոխվեց... - Մայրիկ, չեմ հասկանում` ինչպե՞ս ես կարողացել բաց թողնել նրան, ես քո փոխարեն կգնայի նրա հետևից, պետք լիներ` անգամ կսողայի... - Իսկ դու ի՞նչ գիտես, թե չեմ գնացել, չեմ սողացել, բայց նա...,-ձայնը բարձրացրեց մայրը,-մի խոսքով, Երևանից վերադառնալուցս երկու ամիս հետո հասկացա, որ հղի եմ... - Դու նրան չհայտնեցի՞ր այդ մասին... - Ոչ: - Ինչու՞: - Չէր հավատա... - Բայց... - Լենա,-բարկացած ասաց մայրը,- մենք այնպես բաժանվեցինք, որ նա չէր հավատա, ես էլ լինեի նրա տեղը չէի հավատա... վերջ, բավական է, էլ չեմ ուզում հիշել, ցավում է,-նա մատով ցույց տվեց սիրտը, -այ, այստեղ ցավում է, մինչև հիմա... - Մայրիկ... - Էլ ոչ մի մայրիկ, ուշ է արդեն,- ժամացույցին նայելով ասաց մայրը,- քեզ կարգի բեր, մի ժամից Անդրեյն ու հայրդ գալու են: Կհաշտվես ու, Աստծո սիրուն, քեզ շատ եմ խնդրում, էլ այդպիսի հիմարություններ չանես... - Լավ,-կոտրված ասաց Լենան, մի պահ լռեց, հետո հարցրեց,- մամ, իսկ նրա անունն ի՞նչ էր... - Ու՞մ անունը: - Դե, այն հայի... - Գագիկ, ասում էր, որ հայերը միջնադարում այդ անունով թագավորներ են ունեցել, իսկ ազգանունը չեմ հիշում, դժվարարտասանելի բառ էր,-անփույթ պատասխանեց մայրը: - Մամ, իսկ նրա լուսանկա՞րը... - Ինչի՞դ է պետք... - Դե, հետաքրքիր է, դու այնքան բան պատմեցիր, որ բնական է... (շարունակելի)

Թորգոմ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ