Գույների կախարդական աշխարհում


Գույներ, գույներ, գույներ… Գույներ, որոնք հորդում են հոգու խորքից, աստիճանաբար վերածվելով պատկերների: Աբովյանի քաղաքապետարանի գեղարվեստի դպրոցի սաներն առաջին անգամ չէ, որ հիացնում են իրենց աշխատանքներով: Երեկ, Թումանյանի տուն-թանգարանում կազմակերպված Հայկազ և Դավիթ Պողոսյանների անհատական ցուցահանդեսը վերստին փաստեց, որ աբովյանցի պատանիների բնատուր շնորհը յուրովի է արժևորվում: Քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Կարինե Կիրակոսյանը ընդգծում է. - Աբովյանի բոլոր շնորհաշատ և տաղանդավոր երեխաները հաճախում են քաղաքի մշակութային օջախները, ինչը հետագայում կանխորոշում է նրանց անցնելիք ուղին: Հպարտությամբ ուզում եմ փաստել, որ մեր քաղաքի Գեղարվեստի դպրոցի սաների թիվը 150 է, ինչը բավական բարձր ցուցանիշ է: Գեղարվեստի դպրոցի տնօրեն Արիս Կարապետյանը գնահատանքով է խոսում Պողոսյան եղբայրների մասին. - Հայկազն ու Դավիթը 2002 թվականից հաճախում են մեր դպրոց: Նրանց կտավներում կարելի է զգալ հայ վրձնի փոքրիկ վարպետներին: Ամռանը կազմակերպված Մինաս Ավետիսյանին նվիրված փառատոնում Հայկազն արժանացավ առաջին մրցանակի: Դա պատվաբեր և պարտավորեցնող մրցանակ է նաև մեր դպրոցի համար: Ի դեպ, շուտով Եգիպտոսում կազմակերպվելու է մանկապատանեկան փառատոն, որին դպրոցի մի քանի սաների հետ կմասնակցեն նաև Պողոսյան եղբայրները: Խոսելով մեր դպրոցի ձեռքբերումների և հաջողությունների մասին, ուզում եմ շնորհակալությամբ փաստել, որ այդտեղ անուրանալի է Աբովյանի քաղաքապետ Կարո Իսրայելյանի ներդրումը: Մարդ և պաշտոնյա, ով աջակցել ու աջակցում է դպրոցին` լուծելու իր առջև ծառացած բոլոր խնդիրները: Ի դեպ, նրա ջանքերով այս տարի իրականացվեց նաև դպրոցի ջեռուցումը:

Մ. ԾԱՌՈՒԿՅԱՆ