«Դոկտոր Մահի» գաղտնիքը


Ավելի քան 100 մարդ «այն աշխարհ» ուղարկած Ջեկ Կևորկյանն առաջին անգամ պատմում է ճշմարտությունն իր մասին Միացյալ Նահանգներում «Դոկտոր Մահ» մականունն ստացած Ջեկ Կևորկյանը մտադիր է համագործակցել հեռուստաընկերություններից մեկի հետ` իր իսկ մասին պատմող ֆիլմի նկարահանման աշխատանքներում: Իսկ այդ «հաջող առաջընթացի» տարիներին նա իր 130 խնամառուներին օգնել է` մաքրել հաշիվներն այս կյանքի հետ: Ամերիկյան իրավագիտության պատմության մեջ ամենաաղմկահարույցներից էր «Դոկտոր Մահի» դատավարությունը. ահա թե ինչու այսքան մեծ է շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետաքրքրությունը նրա անձի հանդեպ: Ապագա ֆիլմի պրոդյուսեր Ստիվ Ջոնսը, մի քանի տարի «դիմանալով» այս գաղափարն իրագործելու գայթակղությանը, արդեն իսկ վստահ է, որ Կևորկյանի կյանքը ինքնազոհաբերումի եզակի օրինակ է: - Համամիտ եք դուք նրա տեսակետի հետ, թե ոչ` միևնույնն է, այլևս կասկած չի հարուցում, որ այսօրինակ մոլուցքը իսկական սարսուռ է առաջացնում: Նա կյանքի ութ տարիները նվիրաբերել է իր գաղափարներին ծառայելուն,- ասում է Ջոնսը: Կինոնկարի հիմքում Ադամ Մեյզերայի սցենարն է` Նիլ Նիկոլի և Հարրի Ուայլիի` «Մեռնողների և մեռածների միջև. դոկտոր Ջեկ Կևորկյանի կյանքը և նրա պայքարը հանուն էվթանազիայի օրինականացման» գրքի մոտիվներով: Հիշեցնենք, որ միչիգանցի պաշտոնաթող դոկտորը, որոշելով գործնականորեն ապացուցել սեփական կյանքն իր ուզած ձևով տնօրինելու մարդկային իրավունքի անկապտելիության հանդեպ հավատը, սկսեց բացառիկ «օրինակներից»: Նա ցանկացողներին օգնում էր ինքնասպան լինել: Սակայն, համոզվելով, որ հատկապես անբուժելի հիվանդների և իրենց ավելորդ համարող մարդկանց շրջանում մեծանում է նման «ծառայության» պահանջարկը, Կևորկյանն արագորեն զարկ տվեց այդ գործին: Ինքնուրույն կերպով նա ստեղծեց «Մերսիտրոն» անունով սարքը` ընդամենը 30 դոլար արժողությամբ: Այն բաղկացած էր մահաբեր ներարկումների բաղադրությամբ մի քանի տարողություններից, «դեղորայքը» խառնուրդի վերածելու պարզագույն գործիքից և կաթիլակաթոցիկից: Կևորկյանն իրեն չէր ծանրաբեռնում` ինքնասպանությամբ իրենց կյանքին վերջ տալ ցանկացողների համար հատուկ պայմաններ ստեղծելու հոգսով: Որպես կանոն, էվթանազիայի գործընթացը կազմակերպվում էր կամ դոկտորի տան ետնամուտքի մոտ կամ նրան պատկանող միկրոավտոբուսում: «Բուժվող հիվանդը» պարտավոր էր անձամբ սեղմել սարքը գործի գցող կոճակը` որպեսզի հետագայում որևէ մեկը դոկտորին չկարողանա մեղադրել կանխամտածված սպանության մեջ: Ոմանց Կևորկյանը պարզապես հատուկ դիմակով շմոլ (ածխաթթու) գազ էր շնչել տալիս, ինչը ավելի էժան արժեր: Իհարկե` նա առանձին հարգանքով չէր վերաբերվում մեռածների մարմիններին. դրանք կամ թողնում էր մոթելների համարներում, կամ` հիվանդանոցների ընդունարաններում կամ էլ` ուղղակի փողոցում: Պետք է ասել, որ «դոկտոր Մահը» բնավ չէր թաքցնում իր դրական վերաբերմունքը էվթանազիայի հանդեպ: Իրավապաշտպան մարմինները բազմիցս փորձել են նրան պատասխանատվության ենթարկել: Սակայն` ապարդյուն, որովհետև ամեն անգամ չեն բավարարել ապացույցները: Իսկ Կևորկյանը դատարաններն հաջողությամբ օգտագործել է որպես իր հայացքների քարոզչության ամբիոն և բացահայտորեն իշխանություններին առաջարկել է կամ բռնել իրեն, կամ օրինականացնել էվթանազիան: Ինչ-որ պահի, սակայն, կամ տարիքն իրեն զգացնել տվեց, կամ, ինչպես հաճախ է պատահում «սերիական» մարդասպանների հետ` Կևորկյանն ինքը ցանկացավ բռնվել: 1998-ին նա տեսագրեց 52-ամյա Թոմաս Յուկի մահացման ամբողջ ընթացքը և տեսաերիզն ուղարկեց CBS հեռուստաալիք: Գրեթե անմիջապես նրան ձերբակալեցին, և երկարատև դատաքննությունից հետո նա դատապարտվեց բանտային կալանքի` 10-25 տարով` խիստ բանտային «Կինռոսս» ռեժիմով: Բայց 2007-ի հունիսի 1-ին, ութամյա ազատազրկումից հետո, նա ազատ արձակվեց` «օրինակելի վարքագծի և առողջության վատացման» պատճառով: Կալանավայրից դուրս գալուց հետո Ջեկ Կևորկյանը խոստացել է շարունակել իր պայքարը, սակայն` արդեն բացառապես օրինական եղանակով: