ԼԱՎ ՊԱՀԵՔ ՄԵՐ ՇԱՀԱԾ ԵՐԿԻՐԸ


Նախախնամությունը մեզ վատ հարևաններ է տվել, բայց և` քաջարի զավակներ: Դժվար հող է տվել` քարաստան, բայց` հենց այդ քարերից հաց քամող ժողովուրդ: Մեր փոքրիկ երկրի հետ հաշվի չեն նստում աշխարհի գերհզորները, բայց մեզանով են իրենց շատ խնդիրներ լուծում: Աշխարհաքաղաքական թատերաբեմում գուցեև հաճախ անտես, սակայն գլխավոր դերակատար է Հայաստանը:

Հակադրությունների միասնություն է Հայաստանը` իր նույնքան հակասական մարդկանցով. խենթ ու ծուռ` իր էպոսի զավակ Դավթի պես ու նրա չափ էլ ուժեղ ու բարի: Դարերի հոլովույթում միշտ չարի հարձակման թիրախ, կարճատև խաղաղություն պահերին սակայն` արարող: Ինքնանորոգվող, բռունցքվող նաև, բայց, դժբախտաբար` օրհասի պահին:

Անվերծանելի մի առեղծված ունի մեր պատմությունը. հազարամյակների հետ չընդհատվող զրույցը շարունակելով` հայը հիմնականում իր անցյալից է սնվում ու անցյալով հպարտանում: Մի պահ ուզում ես ասել` «Բա´վ է, մա´րդ Աստծո, դու բոլոր դարերում ներկա ես ունեցել, որով անցյալը ապագա է դառնում, բայց ներկադ երբեք քեզ չի գոհացրել, իսկ ապագադ ծրագրելու հավատդ տկար է եղել միշտ:

Ի՞նչն է ապրեցնում ազգն ու երկիրը. հայրենյաց սերը և անձնուրաց զավակները: Եվ, իհարկե, մեր «մեծ մեռելները», ում արյամբ ներկված հողի կանչը լսելի է մոլորակի բոլոր ծագերում: Այդ հողն իր զավակներին կանչում է նահատակների ձայնով, կոչնակ հնչեցնում վտանգի պահին: Այդժամ միայն միակամ ենք ու միասնական:

Իսկ հետո` նորից պառակտում, նորից` պանդխտություն: Մինչև ե՞րբ: Ժամանակը կների՞ մեզ, գալիք դարերը կմնա՞ն մեզ ուղեկից ու զրուցընկեր: Ախր, արտ սնուցող առվի նման պատեպատ զարկվելով` շա˜տ ենք բարակել: Ախր, էս ու էն բիրտ պատերին զարկվելով` քանի˜-քանի լավ ճակատներ են պակասել: Եվ, ի վերջո, չափից ավելի սրընթաց է դարձել ժամանակը, որը հևիհև վազք է պահանջում: Վազելու համար առողջ սիրտ ու հոգի է պետք. բավ չէ՞ ծվատվենք:

Նախախնամությունը մեզ արյունարբու դրկիցներով է շրջապատել և տոկալու կամք է տվել: Եվ մայր հողի գրկում ննջող մեր հերոսները` զինվոր ու զորական, մեզ ձայն են տալիս` «Լավ պահեք մեր շահած երկիրը, մեր պաշտպանած հայրենիքը»: Իսկ հայրենիքը ջերմ սրտեր ու խնամքոտ ձեռքեր է սիրում: