ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԱՆՈՐՈՇ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ…


Ապրիլի լույս 2-ի գիշերը անսպասելիորեն ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում սկսեց: Մեկ ժամվա ընթացքում հաջողվեց գրավել մեր մի քանի դիրքեր: Սակայն մեր սպաներն ու զինվորները, չնայած թշնամու զինուժի ու զինտեխնիկայի բացառիկ գերակշռությանը, օրվա երկրորդ կեսին հարձակումներ ձեռնարկեցին` խլված դիրքերը վերադարձնելու համար: Ապրիլի 4-ին Ադրբեջանը, ինչպես 1994 թ. մայիսին, դիմեց Մոսկվային` հայկական զինուժի առաջխաղացումը կանգնեցնելու համար: Ո՞ւմ թույլտվությամբ հարձակվեց, և ո՞վ ուղղորդեց` հանդես գալ կրակը դադարեցնելու նախաձեռնությամբ, ասես նախահարձակն ինքը չէր եղել: Ի՞նչ են նշանակում առայսօր շարունակվող կրակոցները ադրբեջանական կողմից: Ապրիլին և հիմա հայ զինվորն ու սպան պատրաստ են հետ վերցնել գրաված դիրքերը, վերականգնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար անհրաժեշտ անվտանգության գոտին և անհամբեր սպասում են հրամանի:

Ապրիլի սկզբին կատարվածը մեկնաբանողներն այն կոչում են Քառօրյա պատերազմ, ուրիշները` ծավալուն դիվերսիոն գործողություն: Սկզբում հատ-հատ հրապարակ վում էին թշնամու հզոր զինտեխնիկային դիմակայած, անօրինակ խիզախությամբ նահատակված հայ զինվորների ու սպաների անունները, հետո` միանգամից անունների շարք… Ներկայացվող դրվագները մեկը մյուսից տպավորիչ են ու անիրական լինելու չափ հերոսական: Ահա դրանցից մեկը. հրամանատարը որոշում է փչացած ականանետը թողնել, հեռանալ: Թշնամին անխնա արկակոծում է: Նռնականետից կրակող զինվորը հրամանատարին խնդրում է թույլատրել` գնա, թշնամու ականանետից վրայից հանի համապատասխան մասը, բերի, գործի գծի խափանված նռնակները: Հրամանատարն արգելում է, քանի որ այդպիսի արկակոծման տակ ողջ մնալն անհնար էր: Զինվորը կրկին թախանձում է, համառում: Կրակի տարափի տակ նրան հաջողվում է հասնել թշնամու կրակակետին, քանդել-հանել անհրաժեշտ սարքն ու բարեհաջող հետ վերադառնալ: Հրամանատարը զարմանքից կարկամում է: Հաջորդ օրը, երբ դրվատանքի խոսքեր է ասում, զինվորը համեստ ժպիտով պատասխանում է.

- Հրամանատա´ր ջան, պետք լինի` էսօր էլ կարամ գնամ-գամ:

Այդ օրերին մեր զինվորները խոցեցին անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռ, տասնյակ ու տասնյակ տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, հրետանային միջոցներ ու հարյուրավոր զինվորներ ոչնչացրին: Փոխանակման ժամանակ հայ սպան, ցույց տալով շուրջը թափված թշնամու տասնյակ դիակները, նախատինքով դիմում է նրանց ներկայացուցչին.

- Ձեր դիակներն անգամ չեք ուզում տանել. ահա թե ո´վ եք դուք:

Այդ խոսքերից հետո միայն ադրբեջանցիներն սկսում են հավաքել իրենց մեռելները:

Մեր ջահել զինվորների անօրինակ սխրանքները զարմացրին բոլորիս, հիացմունքով, գորովանքով փաստեցինք, որ նրանք Արցախյան ազատամարտում հաղթած հերոսներին արժանի սերունդ են: Հետո… համացանցում, տպագիր լրատվամիջոցներում ծայր առան մեղավորներ փնտրելու, մեղքեր բարդելու, քարկոծելու շարանները` մեր ոխերիմ թշնամուն ի լուր և ի տես: Մինչդեռ, առանց ի ցույց դնելու էլ, լավ գիտենք մեր ներքին կյանքի բոլոր ինչն ու ինչպեսը: Պետք էր պարզապես կատարվածից դասեր քաղել և ձեռնամուխ լինել թերությունների վերացմանը, Բանակի ու Երկրի հզորացմանը նպատակաուղղված հրատապ, բացառիկ քայլեր կատարել: Ապրիլյան Քառօրյան շատ էական մարտահրավեր է համայն հայությանը` վերանայելու մեզանում արմատացած ընչաքաղցության, եսապաշտության դրսևորումները, այսօր, վաղը և միշտ ամբողջ ներուժը նպատակաուղղելու Հայաստանի ու Արցախի հզորացմանը: Որ չամայանան մեր գյուղերը: Որ օրը բացվի բազմաթիվ ծնունդների բարի լուրերով: Որ հայ տղամարդն իր հողում աշխատանք ունենա, հանապազօրյա հաց վաստակելու համար ստիպված չլինի մեկնել օտար երկիր: Այս ամենն իրականություն դարձնելու համար ոչ թե պետք է վատաբանել միմյանց, այլ միասին արդյունավետ, նպատակասլաց գործեր ձեռնարկել…

…Ապրիլից հետո եկավ սիրելի մայիսը, որը խորհրդանշում է անցյալ և մերօրյա հաղթանակները` Ավարայր, Երկրորդ աշխարհամարտ, Սարդարապատ, Բաշ-Ապարան, Շուշի… Հայ ժողովրդի աննկուն ոգու ու անօրինակ խիզախության վառ օրինակներ:

Արցախյան ազատամարտի մասնակից սերնդի համար մի առանձին խորհուրդ ունի Շուշիի ազատագրումը: Այդ հերոսների զավակներն ու թոռներն ապրիլյան ահեղ օրերին փաստեցին, որ այսօրվա զինվորն ու սպան իրենց պապերի ու հայրերի արժանի ժառանգներն են, կարող են նույնքան և առավել անձնուրաց կռվել հայրենի հողի ազատության ու ապահովության համար:

Շուշիի ազատագրման տոնի օրերին հրապարակախոս, լրագրող Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ Արցախում էր: Արցախյան ազատամարտի բովով անցած կամավորական մարտիկների, նրանց օրինակով սահմանը պահող մեր զինվորներին օգնելու եկած երիտասարդների, առաջնագծում դիրքապահ զինվորների մասին է նրա ակնարկաշար-վավերագրությունը:

***

…Մայիսի 5-ի երեկոյան Հադրութում էի: Հյուրանոցը, որ արտաքուստ տպավորիչ տեսք ուներ, պարզվեց` չի գործում. ներքին հարդարման աշխատանքները դեռ չէին ավարտվել: Տեղացիներից մեկը հուշեց, որ քիչ այան կողմ գտնվող վարդագույն պատերով շինությունը հյուրանոց է, որտեղ սովորաբար իջևանում են զինվոր զավակներին այցելության եկած ծնողները, հարազատները: Այնտեղ միշտ էլ ազատ տեղ լինում է: Այդ օրը, սակայն, բոլոր սենյակներն զբաղված էին, և կենվորները ոչ թե զավակներին այցի եկած ծնողներն էին, այլ ազատամարտի բովով անցած կամավորականներ, որոնց Արցախ էր բերել սահմանագծի անհանգիստ կանչը: Այնուամենայնիվ, հյուրանո ցատերը ելքը գտավ` կարգի բերեց 2-րդ հարկի առանց սանհանգույցի սենյակը` վստահեցնելով, որ վաղը տաք ջրով, հեռուստացույցով սենյակներից մեկը կազատվի: Մի գիշեր կարելի էր հարմարվել. ընդհանուր օգտագործման սանհանգույցը, ցնցուղը միջանցքի ծայրում էին:

Խոսակցության ընթացքում տարեց մարդը դժգոհում էր, որ հյուրանոցից ստացված եկամուտը հազիվ է հերիքում էլեկտրականության ու ջրի վարձերը վճարել: Նրա` ակնհայտ չափազանցված դժգոհությունն ինձ ուրախացրեց` խաղաղ, սովորական կյանքին բնորոշ երանգ էր: Ոչ մի խոսք չասաց սահմանագծի, մերոնց դիրքերից հետ շպրտված թշնամուց, օդում զգացվող անորոշության մասին, միայն հյուրանոցից էր խոսում: Որքան էլ դժգոհեր, ակնհայտ երևում էր իր նախնական ձեռնարկման առաջընթացը. տարեցտարի ավելացրել էր սենյակների թիվը` ճարտարապետական առումով աններդաշնակ ու անհարմարվետ դասավորությամբ, և արդեն շենքին կից ուրվագծվող լողավազանն ու դրա վրա բարձրացող պատերը սպառնում էին իսպառ փակել առանց այն էլ անարև սենյակների վտիտ լույսը:

Առավոտ վաղ դուրս գալով փողոց` դիմացի անտառապատ կանաչ լանջերը ու արևի առաջին ջերմ շողերն իսկույն մոռացնել տվեցին սենյակի խոնավահոտը, և թեթև քայլերով ճամփա ընկա դեպի ԵԿՄ շտաբ:

Շտաբի բակում առաջինն ինձ ողջունեց երկնաձիգ չինարի ծառը, որի հաստ բնին փակցված ցուցանակն ավետում էր` 900 տարի շարունակ այդ ծառը բոլոր իրադարձությունների ականատեսն է եղել: Շտաբ ելումուտ անող զինվորական հագուստով տարեց, միջահասակ ու ջահել տղամարդկանց մեջ կային այնպիսիք, ովքեր հաշմված ոտքով էին, հաշմված ձեռքով, բայց ձիգ ու խրոխտ տեսք ունեին: Օրեր անց օպերատոր Ռոմանոս Ռոմանոսյանը «ստիպեց» չինարու շուրջ նստոտած Արցախյան ազատամարտի բովով անցած այդ մարտիկներին` հանել վերնաշապիկները և ցույց տալ բազմաթիվ սպիներով քարտեզված մարմինները: Ես լսում էի 1990-94 թթ. կռիվների մասին նրանց պատմությունները: Պատերազմական վերհուշը մտքումս միախառնվում էր ճանապարհին ինձ հետ զրույցի բռնված, աշխարհին, կյանքին զարմանքախառն ժպիտով ու հաշտ նայող հադրութցի տարեց կնոջ խոսքերը: Շատ դժվարություններ տեսած-ապրած, համեստ աշխատանքով իր հիվանդ դստեր ու թոռան ապրուստը վաստակող այդ կնոջ հայացքում հավատ կար, որ վաղն ամեն բան լավ է լինելու, որ ապրիլի կռիվներից հետո հասարակ մարդիկ ու բարձրաստիճան պաշտոնյաներ մի նպատակ ու ձգտում ունեն` հզորացնել պաշտպանությունը: Սահմանագծի ամբողջ երկայնքով դիրքերն են ամրացնում, տեխնիկա է աշխատում` առանց թշնամու կրակոցները բանի տեղ դնելու: Այս մեկ ամսում արվածը տարիների արվածի չափ է:

Չինարին խոսել չգիտեր, բայց ասես նրա ամուր կեղևի տակ արձագանքվում էին պատերազմի մասին հնչող բոլոր խոսքերը: Երբեմն մատներս հպում էի ամուր կեղևին` որպես հարազատ, կենդանի շնչող էակի: Զգացվում էր` կամավորական մարտիկներին նույնպես հարազատ է ժամանակի փորձությունները հաղթահարած զինվոր-չինարին:

ԻՐԵՆՑ ԴԱՍՏԻԱՐԱԿԱԾ ՏՂԱՆ ԵՄ...

Ապրիլի առաջին օրերին սահմանագիծ հասած կամավորականները եկել էին` երիտասարդներին ու դիրքապահ ժամկետային զինծառայողներին զորակցելու: Մայիսի 8-ի առավոտյան, վետերաններն ու առաջին անգամ սահմանագիծ եկած ջահել կամավորականները, գեներալ Մանվել Գրիգորյանի ղեկավարությամբ, ծաղիկներ խոնարհեցին Հադրութի ազատամարտի հաղթանակը խորհրդանշող հուշակոթողին:

Օպերատոր Ռոմանոս Ռոմանոսյանը, ով ամեն օր դիրքեր էր մեկնում նկարահանումներ կատարելու, ծաղկադրման արարողությունը նկարահանելիս մեկ-երկու խոսքով ներկայացնում էր վետերաններին.

- Արայիկ Գրիգորյանն է, նրան հոր անունով նաև Լաբերի Արո են ասում: Առաջին մահապարտներից է: Երբ սկսվեց Արցախյան շարժումը, խորհրդային բանակում էր: Արցախում կատարվածը չէր կարող չարձագանքել նրա հոգում: Ազգայնամոլության մեղադրանքով նրան բանտարկել են: Հայաստան տեղափոխելու ճանապարհին փախուստի է դիմել ու մի կերպ հասել Արցախ, մասնակցել բոլոր կռիվներին` մինչև հաղթական ավարտ: Ամբողջ մարմինը սպիներով է ծածկված, ասես պատերազմի քարտեզ լինի: Այսօր էլ նույն վճռականությամբ սահմանագծում է: Նրա համար հայրենիքը վեր է ամեն ինչից: Առաջիններից է ու հրաշալի կռվող է նաև Մանվել Ամալյանը: Նա և ազատամարտիկ, երգիչ Դավիթ Ամալյանը հորեղբոր թոռներ են:

Ազատամարտի վետերանների հայացքներում անցյալի վերհուշ կա. ահեղ մարտերում զոհվեցին լավագույն տղաները: Ջահել կամավորականներն ակնածանքով են նայում վետերաններին. զգացվում է ներքին մղումը` կանգնել նրանց կողքին` առանց տարանջատվելու:

Հարցնում եմ` որտեղացի՞ եք:

- Մասիսցիներ ենք: Արման Հարությունյանը, Ավետիս Նալբանդյանը Գետափից են, Արմեն Կարապետյանը` Արգավանդից, Դավիթ Առաքելյանը` Զորակից, Վահրամ Սարգսյանը` Դաշտավանից, Արմեն Գալստյանը` Մասիս քաղաքից: Գիշերն ենք եկել: Շուշիի ազատագրման օրը Արցախում ենք` Հադրութում, շատ հուզված ենք: Որպես հայ` մեր պարտքն է լինել այստեղ և կատարել այն, ինչ անհրաժեշտ է հայրենի հողի պաշտպանության համար:

Հաղթանակի օրվա ոգեղեն տրամադրությունը շարունակվեց Սուրբ Հարություն եկեղեցում, ու Շուշիի ազատագրման տոնի կապակցությամբ Սուրբ պատարագ մատուցվեց, այնուհետև կատարվեց հայրապետական մաղթանք:

Քսաներկուամյա հայր Մկրտիչ աբեղա Կարապետյանը, որ Մայրավանքից էր եկել Հադրութ` լինելու կամավորականների կողքին, տոնի ոգուն վայել հանդիսավորութ յամբ պատարագ մատուցեց: Երգի յուրաքանչյուր ելևէջում օրվա խորհուրդը կար, որը շարունակվեց սահմանագծից վերադարձած կամավորականների` չինարի ծառի շուրջ երեկոյան կիսաձայն զրույցներում: Նրանց խոսքերում զգացվում էր նաև տարածաշրջանին վերաբերող իրադարձությունների անհանգիստ շունչը...

Այդ երեկո ԵԿՄ շտաբի ճաշարանում մենակ նստած տաք թեյ էի խմում ու վայելում ջահել մատուցողուհիների հադրության բարբառի գունեղ երանգը, երբ ճաշարանի դուռը թափով բացվեց ու ներս մտավ մի բարետես երիտասարդ: Զինվորական համազգեստը, որ միանգամայն նոր էր, շատ էր վայելում ձիգ հասակին: Թիկունքամասում իրանը սեղմող բաճկոնի խոր ծալքն ավելի էր ընդգծում գրեթե պատանեկան իր կեցվածքը: Ավելի շատ ֆիլմի հերոսի էր նման: Անհամբեր հարցրի.

- Ծնողներդ թողե՞լ են, որ կամավոր գրվես...

Անսպասելի հարցից մի պահ շփոթվեց, ապա շիրակյան հումորին բնորոշ երանգով ասաց.

- Ո˜նց չէին թողնելու` իրենց դաստիարակածն եմ...

Աղջիկները, որ սրահի այն ծայրից սկսել էին հավաքել ափսեները, կողքից հետաքրքրված լսում էին տաք թեյի կումերով ընդմիջվող մեր զրույցը: Վռամ Անդրանիկի Ալեքսանյանը, ինչպես խոսվածքից ենթադրում էի, Արթիկ քաղաքից է: Ծնվել է 1994 թ. մայիսի 13-ին: Այսինքն` հրադադարի տարեկիցն է: 1994 թ. մայիսին հակառակորդը ջղաձիգ հարձակումներ էր ձեռնարկում ճակատագծի բոլոր հատվածներում, կորցնում մեծաթիվ զրահատեխնիկա ու կենդանի ուժ` առանց գեթ փոքրիկ հաջողության հասնելու: Այլևս ելք չունենալով` ամեն ջանք գործադրում էր զինադադարի համաձայնագիր կնքելու համար: Ի վերջո, Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության նախագահները, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Պավել Գրաչովի միջնորդական ջանքերով, համաձայնեցին մայիսի լույս 12-ի կեսգիշերին հայ-ադրբեջանական, արցախաադրբեջանական ռազմաճակատներում դադարեցնել կրակը, իսկ մայիսի 16-ին Մոսկվայում ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը: Կնքվեց մայիսյան հաղթական զինադադարը... Եվ ահա իմ առջև կանգնած էր կրակի դադարեցման հաջորդ օրը ծնված Վռամ անունով մանչուկը, ով հրադադարից 22 տարի անց կամավոր եկել է սահմանագիծ, որպեսզի վերահաստատի արդար հաղթանակով ձեռք բերված հրադադարը...

Վռամի հայրը` Անդրանիկը, աշխատում է Արթիկի քրեակատարողական հիմնարկում: Մայրը` Արմենուհին հացթուխ է: Երեք երեխա են: Առաջնեկն Աննան է, փոքրը` Ռոման եղբայրը, 13 տարեկան է: Վեց տարի ընտանիքով ապրել են Քաշաթաղի Սարատակ գյուղում: Մինչև 6-րդ դասարան այնտեղ է դպրոց հաճախել, այնուհետև վերադարձել են Արթիկ, որտեղ ավարտել է պետական քոլեջը: Հիմա Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մանկավարժության բաժնի 4-րդ կուրսի ուսանող է:

- Երեխան տան հայելին է,- խորագիտակ շեշտով ասում է Վռամը,- ընդանրապես հայրս է ինձ ներարկել տղամարդկային արժեքները: Ինչպես երկու եղբայր` քննարկում ենք խնդիրները և ի վերջո համատեղ որոշման հանգում: Մայրս իմ ոգեշնչման աղբյուրն է: Նա է անսահման սեր ներարկել հայրենիքի հանդեպ: Ինքը Արթիկում է, ես Երևանում եմ աշխատում: Երբ հեռախոսով հայտնեցի, որ սահման եմ գնում, սիրտը լցվեց... Բայց զգացի նաև, որ ոգևորվեց: Այստեղ ազատամարտի վետերանների հետ նույն օդն եմ շնչում: Այսօր տոնի առթիվ այցելեցինք սահմանային բուժկետ, գեներալը շնորհավորելով բժիշկներին` խրախուսեց նրանց և պարգևատրեց մեդալներով: Անհամբեր եմ, պահ առաջ ուզում եմ լինել առաջնագծում, բայց հրամայված է առայժմ շտաբում հերթապահել:

-Ի՞նչ գրքեր ես կարդում:

- Հիմնականում` Դեյլ Քարնեգիի հոգեբանական գրքերը:

Ուսումնասիրում եմ բիզնես դպրոցը, ժեստերի լեզուն: Սիրում եմ Վահան Տերյանի պոեզիան, հատկապես` աշնան երգերը: Շատ ծրագրեր ունեմ: Ուզում եմ, որ մեր քաղաքի երիտասարդության կյանքում հետաքրքրություն մտնի: Ստեփանավանը ճանաչվեց լավագույն երիտասարդական քաղաք, իսկ Արթիկում համապատասխան մարմիններն անտարբերությամբ են վերաբերվում այդ խնդրին:

Միացյալ առաջնորդների պալատում արտակարգ իրավիճակների բաժնի տնօրենն եմ: Համագործակցելով նախարարությունների հետ, կազմակերպել ենք ճամբար, որտեղ ուսուցվել է առաջին բուժօգնության ցուցաբերումն արտակարգ իրավիճակներում: Մեծ պլաններ ունեմ նաև այդ ուղղությամբ: Շատ երիտասարդներ են դրան սպասում: Մեր կյանքում նորոգելու, շտկելու, բարելավելու շատ բան ունենք, որ չենք անում...

- Քո մտապատկերում ի՞նչն է արտացոլվում, երբ լսում ես հայրենիք բառը:

- Հայտնվում է Արարատ լեռան պատկերը, նաև լեռնային մի բնանկար, որը շատ է ծանոթ, հարազատ, բայց որտեղ է` չգիտեմ, չեմ եղել... Հայրենիքն իմ ընտանիքն է: Ընտանիքիս, հայրենիքիս համար պատրաստ եմ անձնազոհության: Հայրենիքիս համար կյանքս կտամ, ուրեմն` Արցախի համար ու Արարատի: Արցախը երկար ժամանակ անց մեր ազատագրած հայոց հողն է, մեր հպարտությունը, Արարատը համայն հայության խորհրդանիշն է...

Չեմ ճամփորդել, աշխարհի լավն ու վատը չեմ տեսել, չեմ համեմատել մերն ու դրսինը, բայց շատ եմ ուզում, որ իմ ժողովուրդը լավ ապրի:

Մեկեն ոտքի է ելնում: Ասում է, որ գիշերը հերթապահելու է: Շտապում եմ մի հարց էլ տալ.

- Սիրած աղջիկ ունե՞ս...

- Ունեի˜... Չգիտեմ ինչ պատճառով սկսեց ինձ չհասկանալ: Որոշեցինք` ամեն մեկս իր ճամփով գնա: Ես երջանիկ կլինեմ իրեն երջանիկ տեսնելով:

Տխրում եմ: Չտեսնելու է տալիս:

- Հա˜, մի հարց էլ,- շեղում եմ խոսքս,- ասացիր` մորական տատդ Պերմ քաղաքի մոտ գտնվող Պեժմա գյուղից է, որ պապդ 18 տարեկան հասակում արտագնա աշխատանքի է մեկնել, հանդիպել է նրան, սիրահարվել: Ռուսական ոգին ե՞րբ ես զգում քո մեջ...

- Ա˜յ քեզ բան,- շփոթվում է,- այսքան ապրել եմ ու երբեք այդ մասին չեմ մտածել,- մի պահ լռում է, ապա փնտրածը գտածի ուրախությամբ վրա բերում, - գիտե´ք, երբ տատս ռուսերեն է խոսում, հա´ ուզում եմ լսել, ոնց որ երգի պես...

Հաջորդ առավոտ շտաբ գալով` կրկին հանդիպեցի Վռամին: Մի քիչ մրսած էր, հազում էր:

Գիշերվա հերթապահությունից հետո վաղ առավոտյան բակի աղբյուրի ջրով գլուխը լվացել էր ու մրսել:

- Քեզ լավ պահիր, - ասացի, - չհիվանդանաս, մայրդ չտխրի...

Չինարի ծառի ճյուղերը մեղմ խշշացին` հաստատելով իմ խոսքերը:

Հաջորդ օրը մեկնել էր Արա լեռ: Չկարողացա հրաժեշտ տալ: Այդ օրերին, հետո Երևանում հիշում էի Վռամի` հայրենիքին նվիրումի երբևէ լսածս ամենաանկեղծ ու հոգեբուխ խոսքերը: Թող կատարվեն երազանքներդ, ազնի´վ հայորդի, դու և քո պես տղաներն են Հայաստանի հույսը: Միայն զենքը չէ, որ որոշում է կռվի ելքը...

ԳԱԼԻՍ ԵՆՔ ՁԵԶ ԱՄՈՔԵԼՈՒ, ԲԱՅՑ

ԴՈՒՔ ԵՔ ՄԵԶ ՈԳԵՇՆՉՈՒՄ

Հայր Մկրտիչ աբեղա Կարապետյանը ծնվել է 1984 թ. դեկտեմբերի 10-ին: 2001 թ. ավարտել է Կոնսերվատորիան: Ծառայել է հայոց բանակում: Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Պետական ֆիլհարմոնիայում: 2011-2014 թթ. սովորել է Էջմիածնի ճեմարանում: Օծվելուց հետո աշխատանքի է անցել Մայրավանքում` որպես վարչատնտեսական բաժնի փոխտնօրեն:

Շուշիի ազատագրման տոնի կապակցությամբ Սուրբ Հարություն եկեղեցում մատուցված Պատարագից հետո մեծ էր ցանկությունս` հանդիպելու հայր Մկրտիչ աբեղա Կարապետյանին, հաղորդակցվելու ապրիլյան բախումններին վերաբերող նրա մտորումներին: Դեռևս մանկության կայտառ մի երանգ պահած, թեթևոտն, խարտյաշավուն գանգուրներով երիտասարդ հոգևորականն ավելի շուտ նման էր գիտությամբ տարված փութաջան ուսանողի և կոշտ, խստատես կամավորական այրերի համապատկերում շեշտակիորեն առանձնանում էր ասես հեռավոր մի տիրույթից բխող իր խաղաղ երևույթով: Դիրքերին, սար ու ձորերի ճամփեքի փոշուն սովոր մարտիկների համար առանձնապես անսովոր էր հայր Մկրտիչի չափազանց մաքրակենցաղությունը. նրա խարտյաշ գանգուրները միշտ թարմությամբ էին շողում: Եվ այնուամենայնիվ, գնահատական ներում ժլատ, կյանքի դժվարություններից կոշտացած մարդիկ Շուշիի ազատագրման տոնը խորհրդանշող Պատարագից հետո չէին թաքցնում իրենց անկեղծ հիացմունքը հայր Մկրտիչի հանդեպ:

Տեսա հայր Մկրտիչին` նստած շտաբի մուտքի դիմաց դրված սեղանի մոտ: Աչքը շտաբ ելումուտ անող տղաների կողմը` մտքով հեռուներում էր, ժամանակի խճճված մի հանգույցում: Ինձ տեսնելով` պարզ ժպտաց, և մթնշաղի քողի տակ ծայր առավ ապրիլյան օրերին մահն անտեսող հայ զինվորի խիզախության ու հոգու զորության մասին նրա ներբող-զրույցը.

- Անհավասար կռվում հայ զինվորն ապացուցեց, որ ինքը ճշմարիտ ժառանգն է իր նախնիների` Հայկ Նահապետի, Մուշեղ Մամիկոնյանի, Վարդան Մամիկոնյանի... Հայ ազգային-ազատագրական պայքարի բոլոր մեծ հերոսների: Թշնամու ահեղ զենքերի դեմ ելավ հոգով զինավառ ու հետ շպրտեց նրան, պատերազմեց հայրենիքի և հավատքի ուժով:

Գրեթե ամբողջ շփման գծով պտտվել եմ. չկար մի դիրք, մի հենակետ, որտեղ ինքնաշեն մատուռ չլիներ, որ ամենավառ առհավատչյան էր զինվորի հավատքի` ճշմարիտ քրիստոնյային վայել ընթացքով: Ոչ թե սին հավատքով` միայն խոսքով, այլ հավատքի գործերով: Տեսա հոգևորականի ներկայությունը կրող հայ զինվորին և տեսա հոգևորականի աշխատանքի արդյունքը:

Մեր զինվորների հոգիներում տեսա խոնարհություն, նաև չարածների համար ափսոսանք ու պատրաստականություն` որ հաջորդ անգամ ավելի ցասկոտ պիտի մարտնչեն և հաղթանակ տանեն:

Պատերազմն այսքանով չի ավարտվել: Որպես հայ, որպես ազգ` առաքելություն ունենք հաղթելու չարին: Ես փորձում եմ զինվորին տանել դեպի Հայկ Նահապետ ու Գրիգոր Լուսավորիչ, ովքեր եղան հայր` Հայի ծնողը: Հայկ Նահապետը գալիս էր դեպի մեր բուն առաքելությունը: Գրիգոր Լուսավորիչն սկսեց բուն առաքելության շրջանը: ԵՎ խորհուրդ կա, որ պայքարը պիտի շարունակվի: Հայը ամենուր պիտի լինի չարահաղթ, պայքարի քրիստոնեական գործիքներով:

Այս պատերազմի շարունակությունը պետք է լինի պայքարը ընտանիքի համար. ստեղծել այնպիսի ընտանիք, որ շարունակաբար, սերնդեսերունդ փոխանցի զենքով, մշակույթով, աղոթքով հաղթելու պատգամը: Պետք է ծնել ու կրթել այնպիսի սերունդ, որը կարողանա անել այն, ինչ մենք չարեցինք:

Արտագաղթը կարելի է կասեցնել միայն սերնդափոխությամբ: Դեռ մանկությունից պետք է սերմանել հարենիքի հանդեպ սերը, չարի դեմ պայքարի գիտակցումը: Հեռուստացույցը կործանարար դեր է խաղում սերնդի դաստիարակության գործում: Սերիալներով մեծացած երեխան վաղն ի˜նչ պետք է անի: Շատ մտահոգիչ է այն, ինչ քարոզվում է հեռուստաեթերից, միտում ունի աղճատելու հայի կերպարը, և միայն պատմության ընթացքում կարելի է քննել, ճշտել մեր բուն անելիքը:

- Այսօր գուշակություններ են արվում գերտերությունների տալ-առնելիքի համատեքստում Արցախի հիմնախնդրի հետագայի առումով: Այսօր ամենուր լարված է, խելահեղ, անկանխատեսելի իրավիճակներ են: Եվ դրանից ադրբեջանական կողմն իրեն ավելի անկաշկանդ է զգում...

- Ինչքան էլ թուրքը, ազերին ուժեղ լինի, զորքի մեծ կուտակումններ ունենա, վստահ եղեք` միայն զենքը չի որոշում: Որքան էլ զինավառվի` ազերին կռվող չէ: Բանակում վարձկանների ներկայությունն է այդ վկայում: Իսկ վարձկանը դժվար ժամանակ փախչելու է: Չորսօրյա պատերազմը դրա վառ ապացույցն է: Մենք մեր հայրենի հողը, հավատը, մշակույթն էինք պաշտպանում: Շրջելով առաջնագծում` հայ զինվորի հոգում տեսա ազնվություն, իսկ ազնիվ մարդը նաև զենքով է ազնիվ կռվում: Ապրիլին կատարած նրանց գործերից զգացինք ո´վ է իսկական հայը: Մեր զինվորները հոյակապ տղաներ են` իրենց լռությամբ, իրենց խոնարհությամբ: Նրանց հետ զրուցելիս` անընդհատ հիշատակում էի. «Գալիս ենք, որ ձեզ ամոքենք, բայց դուք եք մեզ ոգեշնչում, ապրեցնում ձեր սխրանքով»: Նրանց գործողությունները մեզ կյանքը շարունակելու հիմնավորում են տալիս:

Մայիսի 8-ին Սուրբ Հարություն եկեղեցում պատարագ մատուցեցի, հետո կատարվեց հայրապետական մաղթանք: Մեր աղոթքը խաղաղության մասին էր, որ Աստված խաղաղության մեջ պահի Հայաստանն ու Արցախ աշխարհը և իր ամենազոր Խաչի ներքո` աշխարհասփյուռ հայ ժողովուրդը: Մենք վկայեցինք, որ այս բախտորոշ պահին հայ ժողովուրդն ի մի եկավ իր առաքելության շուրջ, հասկացավ, թե ինչ ընթացքով պետք է գնա` պիտի փախչի՞, պիտի փորձի անմասն մնալ, ամեն գնով կաշին փրկե՞լ, թե՞ պետք է մնա և թեկուզ հեռվից օգնի հայ մարտիկներին:

Մենք ուրախությամբ նշեցինք, որ թե´ Հայաստանը, թե´ Արցախը, թե´ Սփյուռքը միացան և իբրև եռամիավորում` հաղթանակ տարան ընդդեմ չարի: Սակայն այս պատերազմը դեռ չի ավարտվել: Այն բարու և չարի պատերազմ է: Որտեղ կա լույս, այնտեղ չի կարող լինել խավար: Վստահաբար հայը մեր մոլորակի վրա առաքելություն ունեցող մեկն է` ոչ թե մասամբ, այլ գլոբալ, հիմնավոր: Ոչ թե Հայաստանի և մեր հարևանների առումով, այլ` ընդհանուր քրիստոնեության չարահալածության:

-Ո՞վ է ձեր սիրելի հայ պատմիչը:

- Ագաթանգեղոսը: Նա ներկայացրել է Գրիգոր Լուսավորչի վարքը և հայ ժողովրդին` որպես քրիստոնյա ծնունդ, ուրեմն` նաև նրա առաջիկա ճամփան ու ապագան: Սիրելի է և Եղիշեն: Նա մեծ պատմիչ է, քանի որ անմիջապես եկավ Ավարայր և եղավ կերտողը այդ ճակատամարտի, պարտաճանաչորեն ներկայացրեց, թե ով է հայը:

...Մութը թանձրացել էր, օդը` ցրտել: Կամավորական մարտիկների ելումուտը դադարել էր: Մթան մեջ սղա-գրածս չէի տեսնում: Չինարին մեղմ խշշյունով բարի գիշեր էր մաղթում խորը լռության մեջ վաղվա անելիքը մտմտացող հադրութցիներին: Լռության մեջ ավելի հստակ էր հնչում չինարու հնօրյա ընկեր գետակի խոխոջյունը:

Հրաժեշտին հարազատորեն հետաքրքրվում եմ` քանի՞ երեխա են, ո՞վ է հայրը, ինչպե՞ս է վերաբերվել որդու առաջնագիծ գալուն:

- Երեք երեխա ենք, երկու քույր ունեմ: Հայրս` Հովսեփ Կարապետյանը, ծառայել է խորհրդային բանակում, ինժեներ է: Ապրիլին նա էլ շտապեց հասնել առաջնագիծ` իր մասնագիտությամբ օգտակար լինելու դիրքապահներին: Մարտունու պաշտպանական շրջանում է...

Այո´, ապրիլյան քառօրյան նաև զինվոր որդիներին օգնության փութացող հայրերի պատերազմն էր:

Բարի գիշեր, Հադրութ, խաղաղ լուսաբաց:

Առավոտյան մեկնում եմ առաջնագիծ...

ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ` ԳԵՐԱԶԱՆՑ ԵՎ ՄԱՐՏԱԿԱՆ

Զորամասի «Ուազիկ»-ը սովոր, սահուն, տեղ-տեղ ճանապարհի փոսորակներից խուսափելով` շտապում է հասնել Հադրութի պաշտպանական գոտու առաջնագիծ, ուր մեկնող սպաները, զորամասի շտաբի պետի հանձնարարությամբ, ինձ պետք է հասցնեն ընդհանուր հրամանատարական դիտակետ և իրենց առաջադրանքը կատարելուց հետո երեկոյան նույն տեղից ինձ վերցնելով` վերադառնան Հադրութ:

Ամպի ծվեններով զարդարուն բիլ երկինքը, ցոլցլուն արևը, կենսատու թավիշ կանաչով պատված դաշտ ու բլրալանջերը, կանաչի գրկից դեպի ճանապարհ ցատկող ու իսկույնևեթ անհետացող աղվեսները, երբեմն-երբեմն համատարած լռությունը խախտող թռչունների ծլվլոցը մի պահ մոռացնել են տալիս միտք ու հոգի տանջող ցավն ու աղետը: Մոռանում ես կիլոմետրեր այն կողմ դարանակալած պատերազմի շունչը, ոսոխին, որն ո´ւմ կամքով թև առած` կփորձի կրկին հանկածահաս գրոհով մխրճվել մեր պաշտպանական դիրքերը: Նախանձով ես նայում արծվի սրընթաց ճախրանքին, ուզում ես նրա պես սուրալ դեպի երկնի անհունը, դեպի հեռու հեռավոր անխաթար անդորրը, որը զերծ է մարդկային տառապանքից...

Ապրիլի լույս 2-ի գիշերը թուրքը հզոր զինտեխնիկայով և մեծաթիվ ուժով լայնածավալ հարձակում սկսեց` վստահ իր կայծակնային գրոհի հաջողությանը: Սակայն, զարնվելով հայ զինվորի ոգու զորությանը, ջարդվեց, ջախջախվեց և իր մեռելները թողած` քաշվեց որջը` արդեն կրակի միակողմանի դադարեցման հայտարարություններ հնչեցնելով, որպես թե ինքը չէր եղել նախահարձակը:

Իսկ մենք, առնելով կատարվածի լուրը` ապշեցինք, տագնապեցինք: Ու նաև զմայլվեցինք մեր 19-20 տարեկան դիրքապահ զինվորների առասպելական խիզախութ յամբ` թե ինչպես անհավասար կռվում մահն արհամարհելով` ոչնչացրին թշնամու զինտեխնիկան և ասկյարներին: Ցավոք, այսպես կոչված, այդ Քառօրյա պատերազմում նաև զոհեր տվեցինք: Հրամանատարներից մեկի բնորոշմամբ` այդ տղաները մահն իրարից խլող անահ քաջեր էին… Հպարտություն ու ցավ միախառնվեցին մեր հոգում. ապրում, որը դժվար է բառերի վերածել: Հարձակման լուրն առնելով` շուտափույթ ճակատագիծ հասած Արցախյան ազատամարտի բովով անցած կամավորականները հիացած փաստում էին, որ մեր ջահել զինվորներն ազատամարտի հերոսներից ավելի խիզախ են, նրանց գործի արժանի շարունակողները…

Բնության ծաղկումով տարված` չզգացի, թե ինչպես տեղ հասանք: Կանաչի տիրույթից առանձնացող մի քանի ծառերի տակ ինչ-որ բան քննարկող սպաները մեր մեքենան նկատելով` ընդառաջ եկան: Ծանոթության ձեռքսեղմումից հետո ինձ ուղեկցող սպաները զորամասի հրամանատար, գնդապետ Սերգեյ Շաքարյանի հետ պայմանավորվեցին աշխատանքն ավարտելուց հետո իմ վերադարձի մասին, և քիչ անց նրանց մեքենան ճանապարհի ոլորանից հետո աներևութացավ տեսադաշտից: Զորամասի հրամանատարն ինձ հրավիրեց նստել ջահել ծառերի վտիտ ստվերում դրված փոքրիկ սեղանի մոտ, սուրճ առաջարկեց: Նրա ժպտուն աչքերի խորքում հոգնություն էր նշմարվում, երևի այդ էր պատճառը, որ ինձ համար էլ անսպասելի, հարցս Քառօրյա պատերազմի մասին չէր:

- Պարոն Շաքարյան, քանի՞ տարեկան էիք, որ սկսվեց Արցախյան պատերազմը:

Հայացքից երևում էր, որ մտովի ջանում է վերծանել երկու տասնամյակ առաջ կատարված իրադարձությունները:

- Ծնվել եմ 1974 թ., Հադրութում: Միքայել Մանվելյանի անվան դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկում: Մեկուկես տարի սովորեցի ու զգացի, որ խրամատում` հորս կողքին պիտի լինեմ: 17 տարիս դեռ չէր լրացել: Մանկուց տեխնիկա շատ եմ սիրել: Որպես հզոր տեխնիկա` ընտրեցի տանկը: Մի քանի ամիս անց արդեն տանկիստ էի ու… տանկով անցա պատերազմի ամբողջ ուղին` մինչև հրադադար: Քայլ առ քայլ աճեցի, հմտացա: 1994 թ. արդեն դասակի հրամանատար էի, 1996-ին` տանկային վաշտի հրամանատար: 1999 թ. ամուսնացա: Անդրանիկ որդուս ազատամարտում զոհված հորս անունով կոչեցի: Հետո ծնվեցին Սևակը, Մանեն: Սլավան արդեն 16 տարեկան է: Կինս` Զարինեն, լավ իմանալով զինվորական գործի բնույթը, միշտ ձգտել է տան առօրյա խնդիրներով ինձ հոգս չպատճառել: Ապրիլի այդ լարված օրերին, երբ հրամանատարական կետից չէի հեռանում, տան մասին չէի մտածում, գիտեի` խնդիրներ չեն ծագի:

Արցախյան ազատամարտի մասնակից շատ երիտասարդների պես Սերգեյ Շաքարյանն էլ ընտրել է զինվորական ուղին: 1996-97 թթ. սովորել է ՌԴ բարձրագույն սպայական դասընթացում` որպես տանկային վաշտի հրամանատար: Ավարտելուց հետո նշանակվել է վաշտի հրամանատար: 2000 թ. ավարտել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայական դասընթացները և նշանակվել գումարտակի հրամանատար: 2006-2008 թթ. սովորել է Ֆրունզեի անվան ակադեմիայում, ավարտել կարմիր դիպլոմով և նշանակվել գնդի հրամանատարի տեղակալ, այնուհետև` շտաբի պետ: 2014 թ. դեկտեմբերից զորամասի հրամանատար է:

Միտքս դեռ կառչած է ազատամարտից.

- Այն օրերից ի՞նչն եք հաճախ հիշում:

- Շատ բան... Հիշում եմ ընկերներիս, որոնց հետ, որպես մի բռունցք, համերաշխ կոլեկտիվ, մասնակցել ենք մեր բնակավայրերի ազատագրմանը: Այդ պայքարում թանկ կորուստներ եղան, մտերիմ ընկերներ կորցրի: 1993 թ. Ջաբրայիլի տակ` Մահմուդլու բնակավայրի մոտ զոհվեց հայրս. նրա միակ զավակն էի:

Ապրիլի Քառօրյա պատերազմում ազատամարտի ոգով ու հոգեբանությամբ ենք կռվել: Հունվարից մինչև հիմա 4-5 անգամ դիվերսիոն խմբեր են մխրճվել մեր պաշտպանության տարածք և կորուստներ տալով` նահանջել: Այսինքն` միշտ էլ լարվածություն եղել է: Տարբերությունն այն է, որ մինչև ապրիլի 1-ը ոչ բոլոր ուժերն էին կանգնում հերթապահության: Հիմա ամբողջ ուժերով ու միջոցներով ենք կանգնած:

- Ապրիլյան այդ դեպքերից հետո ինչ-որ բան ավելացա՞վ ունեցած միջոցներին…

Հրամանատարի դեմքին գոհունակ ժպիտ է բացվում:

- Առանձնապես գոհ ու ուրախ եմ գիշերային տեսանելիության սարքի համար. 6 կմ շառավղով, անգամ մկան փոսերը երևում են` ինչպես ափիդ մեջ: Հրաշալի է...

- Ո՞վ է հրամանատարի, զորավարի ձեր իդեալ կերպարը:

- Հեռուն պիտի գնամ` Հայկ Նահապետը, նաև` Զորավար Անդրանիկը, Երկրորդ աշխարհամարտի հերոսներից` մարշալներ Հովհաննես Բաղրամյանն ու Համազասպ Բաբաջանյանը: Բաբաջանյանի հանդեպ առանձնակի վերաբերմունք ունեմ, քանի որ նա էլ տանկիստ է եղել: Արցախյան ազատամարտից ամենահոգեհարազատը Մոնթեի կերպարն է: Ինչպես Վազգեն Սարգսյանն է բնորոշել` Մոնթեն ենթարկեցրեց, իշխեց բանակը իր ազնվությամբ: Սիրում եմ հայ մարտիկի կերպարը: Ապրիլյան պատերազմում նա բարձր պահեց հայ ազգի պատիվն ու արժանապատվությունը: Անհավասար բախումներում, ցավոք, զոհեր տվեցինք: Գիտեմ` ինչ ցավ է մայրերի համար, բոլորի համար: Մաղթում եմ, որ մեր մայրերը պատերազմի բոթ այլևս չլսեն, աչքերը թաց չլինեն: Վերջապես` ամբողջ Հայոց աշխարհում խաղաղություն լինի: Երազում եմ, որ ազգովի համերաշխ լինենք` հայկական մեծ ընտանիքի պես: Մեր թերություններն ի ցույց չդնենք չարակամ հարևանին, որն ուզում է զավթել Արցախն ու Հայաստանը: Դրանից թշնամին իրեն ուժեղ է զգում, նոր պլաններ կազմում: Օրինակ վերցնեք, սովորենք ապրիլին թշնամուն դիմագրաված մեր ջահել զինվորներից: Այստեղ` առաջնագծում, զգում ես սպայի ու զինվորի համատեղ շնչառությունը, միմյանց ու հայրենիքին նվիրվածությունը: Ես ինձ ուժեղ եմ զգում նրանցով: Տեղակալս` փոխգնդապետ Էմին Օհանյանը, այն սպան է, ում անվերապահորեն հավատում եմ, հուսալի է, նեցուկ: Շատ անուններ կարող եմ տալ: Առաջնագծում առանց միմյանց վստահելու, նվիրվելու անհնար է: Խրամատներում մեծ համերաշխություն է: Մի բաժակ ջուրը հավասար են կիսում: Ապրիլի 2-ին, օրը ցերեկով` ժամը 12-ին, 30-35 հոգանոց խմբով հարձակվեցին: Չթողեցինք:

- Այսօր ինչպե՞ս կբնորոշեք իրավիճակը:

- Կայուն - լարված: Մեր զինվորի ոգին տեղն է: Դեմքերին ժպիտ կա: Հարցնում են` ե՞րբ ենք առաջ գնում, հրամանատա´ր:

Քիչ հեռու նոր կտրատված գերանի կտորներ են դասավորված:

Հարցնում եմ` ինչի՞ համար են:

- Որ խրամատում զինվորը հողի վրայով չքայլի:

- Դուք հադրութցի եք: Ինչպիսի՞ն է հադրութցին, ինչո՞վ է տարբերվում, ասենք, մարտունեցուց, մարտակերտցուց:

Մանկան պարզությամբ ժպտում է.

- Ինչո՞վ է տարբերվում` չեմ կարող ասել: Կողքից պիտի ասեն:

Գիտեմ, որ ասում են` կողները մի քիչ հաստ է, իրասածին են: Ընդհանրապես մարդկային են, շիտակ, ամենակարևորը` թշնամու հանդեպ անհանդուրժող. ապրիլյան Քառօրյան վերստին հաստատեց դա:

Քիչ հեռու զինվորներ են հայտնվում, աշխույժ խոսակցություն է: Դիրքապահ են, նոր են վերադարձել: Արևահար դեմքեր, կայծկլտուն հայացքներ, կարծես դիրքերից, հերթապահությունից չեն եկել: Բացօթյա, արևի շողերի հետ խաղալով` ջուր են ցայտում միմյանց վրա ու երբեմն հետաքրքրված հայացք գցում մեր ուղղությամբ:

Մեր զրույցն ընդհատվում է ԶՈՒ գլխավոր շտաբի բարձրաստիճան երկու սպաների այցելությամբ: Գեներալ Արիս Բրուտյանին լավ եմ ճանաչում, 1996-ից:

Զգալով հետաքրքրությունս` գեներալն անդրադարձավ իրենց այցին.

- Շրջում ենք սահմանագծի երկայնքով, տեսնում` պատերազմն ի՞նչ թերություններ է վերհանել: Վերացնելու համար ժամանակ ենք տալիս, կրկին այցելում, ստուգում` վիճակը կարգավորվե՞լ է: Մեկ ամսում շատ բան է արվել: Զինվորների համար լավ պայմաններ են ստեղծվել: Էլի´ անելիքներ կան, չմանրամասնեմ: Տիրող վիճակը ոգևորիչ է: Չհաշված փոքր թերությունները` բոլորը հերոսներ են: Հինգերորդ գումարտակից փոխգնդապետ Աղասի Գալստյանի անունը հիշատակեմ, չնայած առողջական խնդիրներին, զինվորի կողքին է:

Չուզենալով խանգարել նրանց աշխատանքային քննարկումը` առանձնանում եմ և քիչ անց զրուցում զորամասի ԱՀՏԱ գծով սպա, կապիտան Գևորգ Պողոսյանի հետ: Նրա ասածները հրամանատարի խոսքի լրացում-շարունակությունն են.

- Սահմանագծի 15 կմ հատվածի պաշտպանությունն իրականացնում ենք ինչպես պետք է: Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձր է, տրամադրությունը` գերազանց և մարտական: Ապրիլի այն օրերին կրկին համոզվեցի, որ մեր զինվորներն իրենց պապերի գործի արժանի շարունակողներն են: Սպա, ենթասպա, թե շարքային` բոլորը պատրաստ են պաշտպանել հայրենիքը: Եվ եթե պետք լինի` կյանքը զոհել հանուն իրենց դիրքի, հանուն հայրենիքի: Յուրաքանչյուր ոք պատրաստ է քանի օր, քանի ամիս պետք լինի` մնալ առաջնագծում` մինչև հարցը հիմնական լուծում ստանա:

Ապրիլին առաջնագծի այս ուղղությամբ թշնամին առաջխաղացման 3 փորձ կատարեց: Տանկերի, մեքենաների մեծ կուտակումներ էին: Նրանց և´ հրետանին, և´ մյուս զինատեսակները ինտենսիվորեն էին գործում: Առաջին հուժկու հարվածը մեր տղաների վրա էր: Մեր հրամանատարի ճիշտ, համարձակ հրամանների շնորհիվ կարողացանք հետ շպրտել նրանց: Մեր հրետանին հրաշալի կատարեց իր անելիքը` 3 անգամն էլ ջարդեց նրանց խմբավորումները: Այդ օրերին ամբողջ ճակատագծով չի եղել դեպք, որ զինվորը թուլակամության դրսևորի: Վախի զգացում չի եղել: Թուրքը հարձակվեց ու հենց ինքն էլ միակողմանի հրադադար հայտարարեց: Խելոքացել են: Մեկ-մեկ նրանց դիպուկահարներն են գործում: Մենք պահպանում ենք անվտանգության կանոնները:

Քառօրյա պատերազմը փաստեց, որ երեք սերունդ պատվով կատարեց հայրենիքի հանդեպ իր պարտքը, բարձր պահեց հայ զինվորի անունը: Նոր սերունդը ոչնչով չի զիջում ազատամարտի հերոսներին: Ամուր ու աներեր սահմանագծում կանգնած են: Ուժեղացված հերթապահությունը դիրքերում շարունակվում է: Բոլորը տրամադրված են մարտականորեն: Տեղյակ են ընդհանուր իրավիճակին. դիրքերում ցուցադրում ենք «Գոյամարտի», «Զինուժի» հերթական հաղորդումները:

***

Ծանր, լարված իրավիճակներում նաև հումորային, ժպտալու պահեր են լինում: Զինվորներից մեկը կորել էր: Երբ գտնվեց, զորամասի հրամանատարն ասաց.

- Երեք երեխա եմ ունեցել` այդքան չեմ ուրախացել, որքան քեզ տեսնելիս:

Երբ մեկը համազգեստ է ստանում, բոլորը շնորհավորում են` հազա´րը մաշես: Համազգեստը 6 ամիսը մեկ է տրվում: Պատկերացրեք հազար հատ համազգեստ մաշելու համար քանի˜ տարի պիտի ծառայես…

ԱՀՏԱ գծով սպա Գ. Պողոսյանը շատ տպավորիչ է ներկայացնում Շուշիի ազատագրման տոնին նվիրված միջոցառումը: Մոտավորապես 60 զինվոր ու սպա պարգևատրվել են ՊՆ գերատեսչական մեդալներով, 7-ը` ԼՂՀ պետական կառավարական մեդալներով, 250 հոգի արժանացան զորամասի հրամանատարի շնորհակալագրերի, պատվոգրերի: Զինվորները կրծքանշաններ, շնորհակալական նամակներ են ստացել:

Իմ խնդրանքով կապիտան Պողոսյանը զինծառայող Գարիկ Բերբերյանին հանձնարարում է լուսանկարել արևից բորբացած դեմքերով դիրքապահներին, ով-քեր ջրի զովությունը վայելելուց հետո, սանրվածքներն են կարգի բերում: Գարիկը լուսանկարում է, իսկ ես նշում եմ անունները` ձախից աջ` Վարազդատ Մանուկյան, Սուրեն Այվազյան, Մհեր Առուստամյան… Շլացնող արև, զինվորի ժպիտ ու ծիծաղ: Հորիզոնից հորիզոն ամեն ինչ շնչում է անդորրությամբ. ուզում ես, որ այն չխաթարվի երբեք…

ՎԱՐԴԵՐ ԵՎ ԱՐԵՎԱԺՊԻՏ ԿԱՆԱՅՔ

Կապիտան Գևորգ Պողոսյանն առաջարկում է մտնել բունկեր, ծանոթանալ կապավոր կանանց հետ, ովքեր ոչ միայն հարմարվել են դաշտային պայմաններին, այլև ընդգետնյա աշխատավայրում նույնքան հարմարավետ են տեղավորվել, որքան զորամասի կապի բաժնում:

Նոր էի մտել գետնուղի, որ անհանգիստ թևաբախյունով ու գրեթե գլխիս դիպչելով` դուրս սլացան ծիծեռնակները:

- Մի´ անհանգստացեք, յուրայիններ են, սովորել ենք նրանց ներկայությանը:

Բետոնե հաստ պատերի ներսի զովությունն է երևի ձգում նրանց, կամ` մարդկային շունչը: Այստեղ մի ամբողջ շտաբ է գործում: Աշխատաբաժիններից մեկում կապավորուհիներն են: Բազմագույն վարդերի փնջերն ու նրանց սրտաբուխ ժպիտները մի պահ մոռացնել են տալիս, որ արևի լույսից հեռու, հողի խորունկ տիրույթում եմ:

- Ալիսա Մուրադյան` ԱԿՀ կենտրոնի տեխնիկ-օպերատոր, ենթասպա:

- Լուչիա Ղարիբյան` նույնպես տեխնիկ-օպերատոր, սերժանտ:

Հադրութեցի են: 1992-93 թթ. Լուչիան ծառայել է բանակում: Երկար ընդմիջումից հետո վերադարձել, շարունակում է կապավորի իր գործը: Երկու որդի ունի: Հունանը ծառայել է բանակում, զորացրվել: Այսօր դիվիզիայի սանիտարական մեքենան է վարում: Հարութը ծառայում է Ասկերանում:

Ալիսան 14 տարի է, որ այս զորամասում է: Ամուսինը` Ասլանը, հրետանային գնդի դասակի հրամանատար է, ավագ ենթասպա: Երկու զավակ ունեն:

- Սահմանագծին այսքան մոտ լինելը ի՞նչ զգացողությամբ է համակում:

Ներողամտորեն ժպտում են.

- Որ եկել, հասել ենք այստեղ, ուրեմն վախ չունենք: Բոլորին չէ, որ բախտ է վիճակվում լինել հրամանատարական դիտակետում: Զորամասում ավելի լարված, անհանգիստ էինք, քան այստեղ: Այստեղ այդպիսի ապրումներ չկան:

Ամրոցի երևույթով շինության ներսում, էլեկտրական լամպերի լույսի ներքո գեղեցիկ, ժպտադեմ կանայք լուսատուներ են, որ ջերմացնում են շրջապատը: Հավանաբար հեշտ չէ զօրուգիշեր պատերազմական այս տիրույթում լինելը: Ասես հաղորդակից իմ մտքերին, ասում են.

- Երբ երկու օրով գնում ենք Հադրութ` հանգստանալու, մտածում ենք վերադառնալու մասին: Շատ հետաքրքիր անցավ Շուշիի ազատագրման տոնին նվիրված միջոցառումը, հաճելի անակնկալ մատուցեց մեզ մեր հրամանատարը: Երկուսս էլ պարգևատրվեցինք «Վազգեն Սարգսյան» մեդալով: Շնորհակալություն հայտնեցինք իրեն, ինքն էլ մեզ:

Շուրջբոլոր բուրող շքեղ վարդերը այդ ուրախության խոսուն վկաներն էին:

Հանկարծ դռան շեմին հայտնվեց 5-6 տարեկան մի սիրուն մանչուկ: Զինվորական հագուստը ճիշտ

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ