Հայրենիքին ծառայելը պատիվ է
Հայրենիքում է քո անցյալն ու ապագան, իսկ օտար երկրում միայն ներկան է 1985 թվականից Հայաստանից մեկնած և Աբխազիայում բնակություն հաստատած Մարտիկյանների ընտանիքը, հավանաբար, չէր ենթադրում, որ հայրենիքի օրհասական պահին երկու որդիների հոգում ահագնացող կարոտն ու հայրենասիրությունը պիտի բռնեին ետդարձի ուղին: Վերադառնալով Հայաստան` Մհեր Մարտիկյանը եղբոր հետ կամավորական ջոկատներից մեկում մասնակցում է Ղարաբաղյան պատերազմին: 1993 թվականից երկու եղբայրները ծառայության են անցնում նորաստեղծ հատուկ նշանակության գնդում: Հետագա տարիներին նույն զորամասում նրանք ծառայում են տարբեր պաշտոններում: Այսօր Մհերը զորամասի հրամանատա րի տեղակալ է, իսկ եղբայրը Հայկական բանակի ներկայացուցիչն է ՌԴ-ում: Մհեր Մարտիկյանի համար զինվորական ծառայությունն այլընտրանք չուներ: - Ուրախ եմ և հպարտ, որ առիթ ունեցա մասնակցելու բանակաշինության գործին, որ տարիների ընթացքում ձեռք բերած գիտելիքներս և հմտությունս ծառայում են նպատակին: Բանակում գիտելիքը քիչ է, հարկավոր է նաև կամք, ինչը դրսևորվում է ծառայության ողջ ընթացքում: Մհեր Մարտիկյանը համոզված է, որ սրտով ընտրած գործը տաղտկալի չի կարող լինել: Թվում է, թե զինվորական կյանքի բոլոր օրերը նման են միմյանց: Սակայն դա միայն արտաքնապես է: Միակ նմանությունը թերևս ամենօրյա պարտականությունները ժամանակին կատարելն է, իսկ առօրյան հագեցած է. նորություններ, հետաքրքիր ժամանց` որքան ասեք: - Հատկապես զինակոչիկներ ընդունելու օրը եռուզեռ է: Նրանք տարբեր ընտանիքներից են, տարբեր բնավորությամբ: Համակերպ վելու համար ժամանակ է պետք, դա հասկանում ենք: Նրանց բացատրում ենք իրենց պարտականությունները, զրուցում մարդկային, ընկերական փոխհարաբերությունների շուրջ: Անշուշտ, մի տեղում հավաքված տղաների միջև անախորժություններն անխուսավելի են, սակայն հրամանատարի աչալրջությունը պետք է սահմանափակի անկարգությունները և հասնի նրան, որ դրանք բացառվեն այլևս: Զինվորական բարձր կարգապահությամբ աչքի ընկած զորամասի անունը հաճախ է հիշատակվում այլ զորամասերում, որտեղ էլ կիրառվում են այդ զորամասի սպաների գործնական գիտելիքները: - Զորամասի պատերից դուրս, բնության մեջ մեր զինվորներն ավելի շուտ են մերվում, ճանաչում միմյանց, բացահայտում սեփական բնավորության գծերը: Հայկական բանակում զինվորի համար նախատեսված օրինավոր պայմանները նպաստում են բարձրակարգ ծառայությանը, ֆիզիկական ուժի և ոգու ամրությանը: Մհեր Մարտիկյանը համոզված է, որ անձնական հիգիենայի հանդեպ խստապահանջությունը, տոկոնությունն ու կարգապահութ յունը, որպես բնավորություն, դառնում են զինվորի հավերժ ուղեկիցները նրա ողջ կյանքում: Զորամասում երաշխավորված են զինվորի սննդի որակն ու կալորիականությունը: Բանակում զինվորական առօրյայի «շնչառությունը բացում են» մշակութային և սպորտային զանազան միջոցառումները: - Մեր զինվորները հաճախում են թատերական ներկայացումների: Ունենք շնորհալիներ, ովքեր արվեստի այս կամ այն բնագավառում իրենց դրսևորելու հնարավորություն ունեն: Ունենք երգչախումբ, նկարչական, սպորտային խմբակներ, հնարամիտների ակումբ: Նման միջոցառումներն ու զբաղմունքը աննկատ են դարձնում ծառայության դժվարությունները: Արդյո՞ք զինվորական հոր համազգեստը զարդարող շքանշաններով հպարտացող Մհեր Մարտիկյանի երկու դպրոցահասակ որդիները կնախընտրեն հոր ուղին` ցույց կտա ժամանակը: - Իհարկե, կցանկանայի, որ որդիներս ընտրեին զինվորականի մասնագիտությունը, սակայն նրանք ազատ են իրենց ընտրության հարցում: Ես միայն կարող եմ օգնել նրանց իմ խորհուրդներով` լինեն ազնիվ ու նվիրված թե հայրենիքին և թե աշխատանքին: Անշուշտ, այս հատկանիշների ու նաև զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ունեցած ներդրման և ցուցաբերած անձնական խիզախության ու արիության համար էր, որ ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից զորամասի հրամանատար, մայոր Մհեր Մարտիկյանը պարգևատրվեց մարտական ծառայության մեդալով: