Անցում նոր համակարգի
Ս.թ. հունիսի 1-ից առաջին անգամ կիրառվելիք միասնական քննական համակարգի հետ կապված հարցերի շուրջ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը կառավարությունում հրավիրել է խորհրդակ ցություն, որին մասնակցել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարը, փոխնախարարները, Երեւանի քաղաքապետը, հանրապետության մարզպետները, քաղաքապետարանի եւ մարզպետարանների կրթության վարչության ղեկավարները, ԿԳՆ գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենը, կառավարության աշխատակազմի համապատասխան վարչության պետեր: Վարչապետը նշել է, որ կառավարությունը խնդիր է դրել մինչեւ 2009թ. հասնել ընդունելության քննությունների հարյուր տոկոսանոց օբյեկտիվության: Այդ նպատակին հասնելու միջոցներից մեկը, ըստ վարչապետի, կենտրոնացված քննությունների անցկացումն է, որն ամբողջությամբ լինելու է հրապարակային` տեսագրվելու է եւ ցանկացած մեկն, այդպիսով, հնարավորություն է ունենալու հետեւել քննությունների ընթացքին ու Գնահատման եւ թեստավորման կենտրոնի աշխատանքին, իսկ թեստերի նմուշները պահվելու են չբացվող պոլիէթիլենային փաթեթների մեջ: Սերժ Սարգսյանը, միաժամանակ, ընդգծել է, որ որքան էլ կատարելագործված լինեն տեխնիկական միջոցները, այնուամենայնիվ, ոչ պակաս կարեւոր է, թե պատասխանատուներից յուրաքանչյուրն ինչպիսի ճշտությամբ է կատարում իր պարտականությունները: Անգամ փոքրիկ շեղում թույլ տվողը, Վարչապետի վստահեցմամբ, համարվելու է կառավարության որդեգրած քաղաքականության հակառակորդը: Նա հանձնարարել է մարզպետներին` տեղերում բոլոր պատասխանատուներին փոխանցել, որ լինեն հնարավորինս հետեւողական` շեշտելով, որ սա կառավարության համար սկզբունքային խնդիր է: Վարչապետն ասել է նաեւ, որ ավարտական քննությունների հետ կապված կարեւորագույն այս խնդիրը լուծելուց հետո, առաջիկայում ուշադրությունը կենտրոնացվելու է բուհական քննությունների վրա: Վարչապետը տեղեկացրել է, որ հաջորդ հանդիպումը կհրավիրվի քննությունների ավարտից հետո: Գլոբալիզացիայի մանրապատկեր կամ հայկական կրթությունը` եվրոպական հանդերձով Անկախացումից հետո Հայաստանի կրթական համակարգը բազում փորձությունների ենթարկվեց` գրեթե հայտնվելով փորձագիտական քննություն անցնող ճագարի կարգավիճակում: Որքան էլ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հավաստիացնում է, թե այսուհետ բարեփոխում կոչվածը իրականացվելու է առանց ցնցումների, հարթ ու ընկալելի, այնուամենայնիվ, դրան հավատալու հիմքեր առայժմ չկան: Ինչ կերպ է «եվրոպական համազգեստ» սազեցվելու հայ աշակերտին` դժվար է ասել, քանզի խորհրդային շրջանի իսկական նվաճում բարձրակարգ կրթելաձևին վարժված հասարակությունը, եվրոպական ձևախեղված ուսման մեթոդոլոգիաները հաստատապես դժվար է մարսելու: Ավելին` յուրաքանչյուր նորամուծություն, առավել ևս` արևմտյան (և ոչ միայն կրթական համակարգում) ուղեկցվում է տարիմաստ ըմբռնումներով և արտահայտվում հակասական դրսևորումներով: Վերջնարդյունքում պարզվում է, որ նորույթն ավելի շատ բացասաբար է անդրադառնում հատկապես ազգային դիմագծի պահպանման և ընդհանրապես` կոնկրետ տվյալ ոլորտի առաջընթացին և բարելավմանը: - Այն, ինչ անվանում ենք «Հայոց լեզվի և գրականության» թեստ, կարևոր է նրանով, որ դա ոչ միայն մեր երեխաների քննությունն է, այլև` Կրթության նախարարության և դպրոցների տնօրենների,- ասում է Լ. Մկրտչյանը: Հարգարժան նախարարը թերևս տեղյակ չէ, թե այս օրերին ինչ խառնաշփոթ է տիրում հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում: Շրջանավարտներից շատերին հայտնի չէ, թե որ կենտրոնում են իրենք «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն հանձնելու: Հաստատապես տեղյակ չէ, այլապես կհասկանար, որ ակնհայտ անկազմակերպվածության համար պատասխանատուների «2»-ը ապահովված է: Ի դեպ, ԿԳ նախարարն ընդգծում է, որ Գնահատման և թեստավորման կենտրոնին ֆինանսավորել է Համաշխարհային բանկը: Ասել է, թե նորամուծության արդյունավետության մասին հուսալը բացառվում է: Քանզի վաղուց ենք համոզվել, որ առհասարակ Համաշխարհային բանկի կողմից վարկավորված ցանկացած ծրագիր ենթադրում է «գլոբալիզացիոն» որևէ երևույթի մանրապատկերը: Այս պարագայում` ուղղագրություն, ոճաբանություն և, ընդհանրապես, քերականական գիտելիքներ քեզ պետք չեն, շրջանավարտ: Դե, իսկ գրականություն չընթերցել դու արդեն վարժվել ես` դարձյալ հերթական «բարեփոխման» արդյունքում: