Անհանգիստ Կովկաս


Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի ամենամյա միջազգային գիտաժողովի այս տարվա թեման էր «2006 թվականի հիմնական մոտիվները Կովկասում»: Տարածաշրջանով հետաքրքրվող շահագրգիռ բևեռների քաղաքականության վերաբերյալ Հայաստանի, Վրաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փորձագետներն իրենց վերլուծություններով և մեկնաբանություններով ունկնդիրներին օգնեցին պատկերացում կազմել տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին: Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության և միջազգային բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովը «Ադրբեջան. 2006 թ. որոշ արդյունքներ» զեկուցման մեջ, խոսելով ԼՂ հարցի շուրջ ընթացող բանակցությունների մասին, նշեց, որ դրանք կրում են իմիտացիոն բնույթ: Ըստ նրա, Բաքվին պատերազմից ետ է պահում նավթային պաշարների կորստի վախը: Ադրբեջանի երիտասարդությանը Յունուսովը օծեց բարձր արժանիքներով, մոռանալով, որ կրոնական ֆանատիզմով ներարկված երիտասարդությանը իշխանություններն առաջնորդում են ռադիկալ ճանապարհով: Իրանում հնարավոր պատերազմը լուրջ ցնցում կլինի նաև Ադրբեջանի համար: Արիֆ Յունուսովի մտահոգությունը իրանաբնակ ադրբեջանցի փախստականների խնդիրն է, որոնց ներգաղթով է պայմանավորված անշարժ գույքի թանկացումը, ինչն այսօր էլ նկատելի է: Իրանի ադրբեջանցիներն այսօր տեղափոխվում են հիմնականում Նախիջևան, մասամբ` Բաքու: Նրանց հետ ներգաղթում են նաև ոչ մեծ թվով քրդեր: Ա. Յունուսովն իր զեկուցման մեջ շրջանցեց ԼՂ առաջիկա նախագահական ընտրությունների թեման, ակնհայտ ցույց տալով, թե դա նրանց չի մտահոգում և որ ԼՂ-ում հաստատված դեմոկրատիան նույնպես իմիտացիա է: Ադրբեջանցի փորձագետը դիվանագիտորեն խուսափեց հայ լրագրողների հարցերին պատասխանելուց` հավանաբար կռահելով հարցերի ուղղվածությունը: ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում կովկասյան փորձագետների կարծիքները հակասական են: Եթե Թբիլիսիի «Հասարակական հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Մարինա Մուսխելիշվիլու կարծիքով այս հարցում առաջընթաց չի գրանցվել, ապա հայ վերլուծաբան Գագիկ Հարությունյանը միանգամայն լավատես է, որովհետև «չեմ տեսնում այն հիմնախնդիրները, որոնք կարող են խանգարել խնդրի խաղաղ կարգավորմանը»: Այնինչ ռուս փորձագետ Սերգեյ Մարկեդոնովի համար մերժելի է այն տեսակետը, թե ԼՂ-ի հարցը շատ շուտ կլուծվի, քանի որ դրական տեղաշարժ չի տեսնում: «Եթե Աբխազիայի հետ կապված կա թեկուզ հարցի լուծման բացասական դինամիկա, ապա ԼՂ-ի հարցում պարզապես սառեցված է: Նոր գաղափարներ, նոր ծրագրեր են հարկավոր»: Սերգեյ Մարկեդոնովը նշեց նաև, որ 2006 թ. Ռուսաստանը Կովկասում բավականաչափ ակտիվ է եղել և առաջինը փորձեց ինչ-որ կերպ ակտիվացնել իր գաղափարական կեցվածքը ղարաբաղյան գործընթացում: Սերգեյ Իվանովը երկու անգամ հայտարարեց ԼՂ հակամարտության գոտի ՌԴ-ի խաղաղապահներին ուղարկելու պատրաստակամության մասին, որն, ի դեպ, չէին խնդրել: «Ջեյնս» տեղեկատվական կազմակերպության վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի` կարծիքով Կովկասին առնչվող շատ հարցերի վերաբերյալ եվրոպական և ամերիկյան քաղաքականությունը մոտենում է, բայց միաժամանակ կա նաև անհամաձայնություն ռազմավարական ծրագրերի իմաստով: Վաշինգտոնի տեսանկյունից Կովկասյան տարածաշրջանը շատ ավելի կարևոր է, ուստի Ռ. Կիրակոսյանը կարծում է, որ Հայաստանի համար առավել կարևոր է ԱՄՆ-ՌԴ կապը, քան Եվրամիությունը, «Արևմուտքի համար կայունությունը անհրաժեշտություն է, իսկ տարածաշրջանում այն ապահովողը հիրավի կայուն Հայաստանն է»:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ