ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԻՆ


Մեր խառնակ ժամանակներում հազվադեպ է լինում, որ պետական բարձր պաշտոնյայի կորուստը համատարած ցավ ու ափսոսանք արթնացնի: Այս առումով բացառիկերից է Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հանկարծահաս վաղաժամ մահը: Սգում են կուսակցական ու պետական գործընկերները, ընդդիմադիր ու կառավարամետ քաղաքական այրերը, կյանքին ու գործին քիչ թե շատ իրազեկ աշխարհասփյուռ հայերը, նաև` օտարները: Մորմոքում են` կիսելով անմիջական հարազատների անչափելի վիշտը: Առօրյա կյանքում կամ գործի բերումով Նրա հետ այս կամ այն կերպ առնչված, հասարակության տարբեր շերտերն ու բնագավառները ներկայացնող բյուրավոր մարդիկ: Գնահատում Անդրանիկ Մարգարյանի լայնամասշտաբ մտածողությունն ու անձնվեր գործունեությունը` ի նպաստ Մայր Հայաստանի ինքնուրույն, հաստատուն բարգավաճման: Իր անհողդողդ կամքով, ազգօգուտ տքնանքով, ընդօրինակման արժանի նպատակասլաց ապրելակերպով Նա դարձավ մեր ժողովրդի նորագույն պատմության կերտողներից մեկը` արժանանալով համընդհանուր սիրո և հարգանքի, վստահության ու ակնածանքի: Վայելելով Նրա ծանրակշիռ ավանդի նորահաս պտուղները` հազիվ թե երբևէ ստվերվի Նրա դերն ու նշանակությունը ներկա հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային հուսադրող տեղաշարժերի առաջընթացում: Ինչպես Իր հեռավոր նախնիներին չեն մոռացել Մուշի նրանց տանն այսօր ապրող քրդերը: Ի նշան երախտագիտության, յուրաքանչյուրս չխնայենք մեր հոգևոր-մտավոր-ֆիզիկական ներուժը` համազգային հարստության պահպանման ու ավելացման համար: Դա կլինի լավագույն հուշարձանը` սերունդների համար հավերժի այս Ճամփորդի անունն ու վաստակը հաստատող... «Խորապես վշտացած եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, ակնառու պետական գործիչ և սիրելի բարեկամ Անդրանիկ Նահապետի Մարգարյանի անժամանակ մահվան գույժով: Նրա մահը ծանր կորուստ է ոչ միայն Մարգարյանների ընտանիքի, այլև ողջ հայ ժողովրդի համար: Հայտնում եմ ձեզ իմ խորին ցավակցությունը, մաղթում եմ ձեզ համբերություն և ոգու կորով: Անդրանիկ Մարգարյանի հիշատակը վառ է մնալու մեր ժողովրդի սրտում»: ՀՀ նախագահ Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ «Խոր ցավով սգում ենք անսպասելի մահը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի: Մեծ է կորուստը հայրենի մեր պետության, ժողովրդի և Մարգարյան ողբացյալ ընտանիքի: Վաղաժամ ավարտվեց երկրային կյանքը մեր ժողովրդի նվիրյալ զավակ, հայրենասեր ու ազգանվեր պետական-քաղաքական գործիչ հոգելույս Անդրանիկ Մարգարյանի: Բարեհիշատակ Վարչապետը առանձնակի նախանձախնդրությամբ իր կարևոր ներդրումը բերեց հայրենի պետականության զորացման, հայոց նոր կյանքի կերտման և մեր ժողովրդի վաղվա լուսավոր օրը կառուցելու շնորհակալ գործին: Երախտարժան է վաստակը հանգուցյալ վարչապետի նաև եկեղեցի-պետություն հարաբերությունների ամրապնդման ու արդյունավորման գործում: Վշտալի այս պահին հանուն Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանության` աղոթքով սրտակից ենք հանգուցյալի սգակիր այրուն և զավակներին, ՀՀ նախագահին, հայոց պետական ավագանուն, ննջեցյալի մերձավորներին ու կուսակիցներին և համայն մեր ժողովրդին: Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երկնից երանավետ հանգրվաններում լույսերի և խաղաղության մեջ ընդունի հանգուցյալի հոգին և Իր Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը պարգևի վշտացյալ բոլոր սրտերին: Խունկ, աղոթք և օրհնություն հոգելույս Անդրանիկ Մարգարյանի բարի հիշատակին: «Զննջեցեալս մեր արժանի արա, Տէր, ընդունիլ ի կեանսդ յաւիտենից. Ամէն»: Վշտակից սիրով և օրհնությամբ` ԳԱՐԵԳԻՆ Բ Ամենայն հայոց կաթողիկոս Հանրապետական կուսակցությունը և երկիրն ու ժողովուրդը, շատ մեծ կորուստ կրեցին, անփոխարինելի կորուստ, որովհետև Անդրանիկ Մարգարյանի ներդրումը հսկայական էր և° կուսակցության լիարժեք կայացմանը վերջին տարիների հաջողությունների մեջ, և° երկրի հաջողությունների մեջ: Մի մարդ, որը կարող էր միշտ շատ հանգիստ ու մեղմ խոսել անգամ այն քաղաքական ուժերի հետ, որոնք երբեք չեն կարողանում գտնել հանդուրժողականության բանալին: Իսկ դա չափազանց կարևոր էր երկրի համար, երկրի կայունության, առաջընթացի համար: Վստահ եմ, որ հիմա դժվար է հատկապես մի քանի խոսքով ամփոփ ներկայացնել այն մեծ ավանդը, որ պարոն Մարգարյանն ունեցավ մեր երկրի կյանքում, մեր հաջողություններում: Կանցնեն տարիներ, և ինքն իսկապես կգնահատվի որպես մեր երկրի այս 15 տարվա պատմության մեջ չափազանց կարևոր դերակատարություն ունեցած մարդ և խոշոր պետական-քաղաքական գործիչ, նաև` պարզապես մարդ, որովհետև դա էլ չափազանց կարևոր է: Երկրի ամենածանր պահերին պարոն Մարգարյանը հաճախ կարողացել է միմյանցից ամենահեռու եզրերն իրար մոտ բերել, և դրա շնորհիվ երկիրը հեռու է մնացել ցնցումներից: Իսկապես շատ ծանր է այդ կորուստը, բայց նաև հանուն երկրի, հանուն կուսակցության, հանուն նրա հիշատակի մենք պիտի կարողանանք հաղթահարել այս դժվարությունը: Վստահ եմ, որ որևէ ցնցում կամ անկայունություն չի առաջանա երկրում` երկու կարևոր պատճառով: Նախ, որովհետև մեր բոլոր գործընկերները` անկախ այն բանից, թե քաղաքական ասպարեզի ո°ր հատվածում էին գտնվում, շատ մեծ հարգանք ունեին իր նկատմամբ, և հիմա վստահաբար պիտի ունենան իր հիշատակի նկատմամբ: Սա ինքը զսպող հանգամանք է: Մյուս կողմից, կուսակցությունն անցյալում ունեցել է նման դժվար պահեր, ես վստահ եմ, որ այս անգամ ևս մենք կկարողանանք մեր մեջ ուժ գտնել` հաղթահարել այս անսահման ցավը: Հակառակ դեպքում ներելի չի լինի Անդրանիկ Մարգարյանի հիշատակի առաջ, որովհետև իր ամբողջ կյանքը նա նվիրել է մեր երկրի անկախության կայացմանը: Հետևաբար ամեն մի կարևոր առաջընթաց հարգանքի տուրք կլինի իր հիշատակի նկատմամբ: Տիգրան ԹՈՐՈՍՅԱՆ ՀՀ ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Լավ Մարդ, բոլորանվեր Հոգի. Աստվածաշնչյան Ոսկե Կանոնը և Նժդեհյան հայրենապաշտությունը կենսակերպ դարձրած` քանի¯- քանի¯ հոգնած սրտեր ամոքեցիր ինքնայրումիդ ջերմությամբ: Ամենադժվարին` ՄԱՐԴ լինելու արվեստի հմուտ մասնագետ, սիրելի Անդրանիկ ՄԱՐԳԱՐՅԱՆ: Քեզ անձամբ չճանաչող հայրենակիցներիդ հոգին անգամ մորմոքում է կորստյանդ ցավից: Հանձին Քեզ Երկնային Արքայությունն անեղծ մի հոգի շահեց: Ավա¯ղ, երկրավորներիս կորուստը մեծացնելու հաշվին... «ԱՎԱՆԳԱՐԴ»