Հաջորդ հանդիպումը... պատմության դասագրքերում և մեր հիշողության մեջ
Հեշտ է ասել, թե մահվանը պետք է փիլիսոփայորեն վերաբերվել: Միևնույն է, մարդու երկրային ուղու ավարտը բոլոր մահկանացուներիս համար եղել և մնալու է ամենացնցող երևույթը: Առավել ևս, եթե մահը անակնկալ ու ժամանակավրեպ «այցելել» է վառ անհատականության, երկրի ու ժողովրդի կյանքում խոր հետագիծ թողած մարդու: Իսկ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հենց այդպիսին էր: Դժվար է նրա մասին խոսել անցյալ ժամանակով, սթափվել ու պատկերացնել, որ նա այլևս չկա: Անհնար է թվում խույս տալ նաև այն խիստ բնական պաթետիզմից, որ ինքնաբուխ հորդում է, և միաժամանակ զերծ մնալ միայն թվացյալ վերամբարձ խոսքերից` երբ փորձում ես ամբողջացնել ու ամփոփել մարդ, քաղաքական, պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի կյանքի անցած ուղին: Սակայն որքան էլ ինքնաբուխ ու բնական լինեն կոնկրետ այս պարագայում թե բարձրագոչ խոսքերը, թե պաթետիզմը, դրանց գայթակղությանը չպետք է հանձնվել, քանզի ինքը դրանք չէր ընդունում, տանել չէր կարողանում էությունից չբխող վարք ու բարքը, ճոռոմ խոսքերը: Բնականությունը, պարզ, անպաճույճ, շիտակ կեցվածքը, ուղղամտությունը ի ծնե նրան տրված հատկանիշներն էին: Այդպիսին էր նա թե ընտանիքում, թե շատ պատասխանատու իր աշխատանքային գործունեությունում: Արտաքին էֆեկտների «տպավորիչ կերպարի» հանդեպ Վարչապետի հակակրանքն ու խորթությունը հաճախ նրա իրական կերպարի թյուրըմբռնման տեղիք էր տալիս: Ցավով պետք է արձանագրել, որ նա այդպես էլ շատերի համար մնաց անհասկանալի, անըմբռնելի, անվերծանելի: Թերևս, բացառությամբ իր մտերիմների, այդ հասարակ թվացող մարդու մեջ ոմանք չկարողացան տեսնել նրա հոգու և մտածողության խորքը: Բայց չէ՞ որ Ա. Մարգարյանին իրապես ճանաչելու համար դա անհրաժեշտ պայման էր: Հոգեկերտ վածքով, մտածելակերպով բազմաշերտ էր, խորքային: Առհասարակ մեր հասարակությանը բնորոշ հատկանիշ է. մարդուն որպես անհատ, քաղաքական գործիչ ընկալում են ավելի շատ ինտուիտիվ, կանխակալ ենթագիտակցական մակարդակում` «շտամպ»-ային կերպար ստեղծելով: Մինչդեռ Վարչապետը ոչ մի «շտամպի» մեջ տեղավորվել չէր կարող: Կարծրատիպային մոտեցումներով Ա. Մարգարյանին բնութագրելն անհնարին է. այն, ինչ անցյալ տարիներին փորձել են անել վերլուծաբանների ու քաղագետների մեծ մասը: Եվ պատահական չէ, որ իրենց գնահատականներում ու կանխատեսումներում, որպես կանոն, սխալվել են: Իր վարչապետության յոթ տարիների ընթացքում, առաջնորդվելով իշխանության թևերի սերտ համագործակցության սկզբունքով, նա խառնեց քաղաքական ուժերի բավական լայն շրջանակի բոլոր հաշվարկները առ այն, թե տասներորդ Վարչապետը պաշտոնանկ կարվի նշանակումից 2-3 ամիս հետո: Անհամբեր սպասումները աստիճանաբար փոխարինվեցին նյարդայնության, դրան հաջորդեց փսիխոզի տարրեր պարունակող անզուսպ չարությունը, ինչը տարիներ շարունակ դուրս էր ժայթքում պատվերներ կատարող մեր որոշ լրատվամիջոցներից: Ու նույնիսկ համազգային սուգը այսպիսիներին ետ չպահեց բարոյական նորմերի ոտնահարմամբ լուտանքներ տեղալ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ինչ-որ հանդիպում հոգու ցավից մերժողների հասցեին: ՀՀԿ հակառակորդները ոչ մի չարախոսության առջև չէին ընկրկում, Կառավարության հանդեպ ցեխ ու մուր շպրտելուց սկսած, բազմաբնույթ խարդավանքներով վերջացրած: Այս առիթով տեղին է մեջբերել Ա. Մարգարյանի հինգ տարվա վաղեմություն ունեցող հետևյալ բնութագրական խոսքերը` հնչած ՀՀԿ 6-րդ համագումարում. «Կառավարությունը անգամ մի փոքր տեղաշարժի հասնելու համար ստիպված էր հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ, մեծ մասը` արհեստականորեն ստեղծված: Ստիպված էր անընդհատ զգոն լինել` թիկունքից հարված չստանալու համար, թեպետ, այնուամենայնիվ, դրանք լինում էին այնտեղից, որտեղից քիչ սպասելի էին: Պատերազմում գոնե գիտես` ում հետ գործ ունես և ինչպես վարվես, ներքին թշնամու դեմ կռիվը շատ ավելի ծանր է` առաջին հերթին հոգեբանական առումով»: Այո°, երկրի տնտեսական վիճակը շտկելու ծանր աշխատանքին զուգահեռ, ՀՀ վարչապետը պետք է դիմակայեր նաև հոգեբանական այն հարվածներին, որոնք հասցվում էին յոթ տարի շարունակ: Ամբողջ յոթ տարի Ա. Մարգարյանը մաքառելով դիմացավ, պատվով կատարեց իր վրա դրված առաքելությունը, բայց նրա սիրտը շատ փխրուն էր. տեղի տվեց... Ասում են` ժամանակը իմաստուն է. ամեն ինչ իր տեղն է դնում: Չենք կասկածում: Ավելին` համոզված ենք: Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ. ՀՀ նախկին վարչապետ - Ես Անդրանիկ Մարգարյանին ճանաչել եմ որպես բարի, համբերատար մարդու: Բարեկիրթ անձնավորություն էր և ուներ լսելու կարողություն: Կարողանում էր տարբերել կարևորը անկարևորից: Նրա հետ շփումից հարգանքի զգացում էիր ապրում: Նա այն մարդն էր, ով ավելի շատ լսում էր, քան խոսում: Քիչ կան կյանքում նման մարդիկ: Ստեփան ԴԵՄԻՐՃՅԱՆ. ՀԺԿ նախագահ. - Նախևառաջ ես ցավակցում եմ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին, հարազատներին, կուսակիցներին և զինակիցներին: Նա մեր հիշողության մեջ միշտ կմնա իբրև հայրենասեր պետական, քաղաքական գործիչ և մարդկային բարձր արժեքներով օժտված մարդ: Պատահական չէր, որ նա ընդունված էր ոչ միայն իր թիմակիցների, այլև իր ընդդիմախոսների կողմից: Նա իր արժանի ավանդն ունի մեր պետականության կայացման գործում: Նրա անժամանակ մահը մեծ կորուստ էր մեր երկրի և մեր ժողովրդի համար: Մկրտիչ ՄԻՆԱՍՅԱՆ. ԱԺ պատգամավոր. - Անդրանիկ Մարգարյանը, երկար տարիներ պաշտոնավարելով երկրի Վարչապետի պաշտոնում, երբեք չփոխվեց: Երբևէ չկորցրեց մարդկանց լսելու կարողությունը, հանդուրժողականությունը, ցավակից դառնալու պատրաստակամությունը: Նրա էությունը ամբողջությամբ ներծծված էր մեր ժողովրդի ոգեղենությամբ: Իմ կարծիքով` քաղաքական դաշտում իսկապես պակասեց մի մարդ, ով իր ամբողջ էությամբ, իր ներկայությամբ հնարավորություն էր ընձեռում բոլոր ուժերին երկխոսության հրավիրել: Իբրև քաղաքական գործիչ, իբրև պետական այր, նա երբեք չդավաճանեց իր արմատներին: Միշտ մնաց ազնիվ մշեցի: Մնաց իր հողի, իր երկրի հարազատ զավակը: Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ. ՀՀԿ խորհրդի անդամ - Անդրանիկ Մարգարյանը մարդկային բոլոր արժանիքների կրողն էր: Բոլոր այն մարդիկ, ովքեր առիթ են ունեցել ճանաչել նրան, նրա լուսավոր կերպարից ջերմ հուշեր են տարել: Իսկ նրա զինակիցներն ու կուսակիցները, ընդօրինակելով Անդրանիկ Մարգարյանին, այսուհետ ևս կառաջնորդվեն նրա պատգամներով: Նա մեծ Մարդ էր, բառի ամենաընդգրկուն իմաստով: Խաչիկ ԱՍՐՅԱՆ. «Սյունյաց արծիվներ» երիտասարդական կազմակերպության հիմնադիր նախագահ, Սյունիքի մարզային Հանրապետական կուսակցության երիտասարդական կառույցի ղեկավար. - Վարչապետի մահը ողբերգություն էր ոչ միայն Հանրապետական կուսակցության «Սյունյաց արծիվների» կազմակերպության, այլև համայն հայության համար: Անդրանիկ Մարգարյանը այն հայրենասեր հայորդիներից էր, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հանուն Հայաստանի անկախության, երկրի հզորացման: Վստահ եմ, որ Անդրանիկ Մարգարյանի պես ցեղակրոն մարդիկ միշտ մեր սրտերում են մնալու: Մենք շատ դեպքերում ենք ընդօրինակել նրա պահվածքը, որովհետև նրա ապրելակերպը Վարչապետին վայել չէր, չինովնիկի ապրելաձև չէր, դրա համար էլ այսօր ամբողջ ազգը սգում է նրա կորուստը և ամեն մեկը իրենն է համարում ողբերգությունը: Ալբերտ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. քաղաքացի. - Ցավակցում եմ Վարչապետի ընտանիքին և մեր ողջ ժողովրդին: Ես անձամբ եմ զգացել նրա հոգատար ձեռքի ջերմությունը: Բառիս բուն իմաստով իսկական մարդ էր: Սասուն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ. ԱԺ պատգամավոր. - Անդրանիկ Մարգարյանը միակ մարդն էր, որ թերևս երբեք չի չարաշահել իր պաշտոնը: Եղել է բարի, սրտացավ, մարդկային բարձր նկարագրի տեր մարդ: Նրան կարելի է համարել մեր պետականության կայացման հիմնասյուներից մեկը: Ռաֆիկ ՄԱԴԱԹՅԱՆ. ուսանող. - Անդրանիկ Մարգարյանի մահը հուզել է մեզ բոլորիս: Նա քաղաքական գործիչ էր, ում աշխատաոճից սովորելու շատ բան ունենք նաև մենք` երիտասարդներս: Հուսով եմ, որ Հանրապետական կուսակցությունը կշարունակի նրա անկատար մնացած նպատակներն ու ծրագրերը: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ n ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի պարտականությունները Ս.թ. մարտի 26-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, համաձայն Հայաստանի Հանրապետական կուսակցության կանոնադրության 10.7 հոդվածի, ստանձնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի պարտականությունները: n ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն ընդհատեց պաշտոնական այցը Չինաստան Ս.թ. մարտի 25-ին ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան կապակցությամբ ընդհատեց պաշտոնական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Նույն օրը նախարարը Մոսկվայից վերադարձավ Երևան: Անվիճարկելի փաստ է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների սրումը անմիջականորեն անդրադառնում է նաև մեր տարածաշրջանի պետությունների նկատմամբ երկու գերտերությունների վերաբերմունքի, մարտավարության վրա` հաճախ կտրուկ փոփոխություններ մտցնելու և հաստատված փխրուն ստատուս- քվոն խախտելու տրամադրվածության առումով: Ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացումը հատկապես վտանգավոր ու սպառնալից հետևանքներով հղի է Հայաստանի համար, քանի որ թե° ԱՄՆ-ը, թե° Ռուսաստանը այլևս չեն բավարարվելու ՀՀ իշխանությունների որդեգրած կոմպլեմենտար քաղաքականությամբ: Նրանք պահանջելու են ավելին, ինչը նշանակում է հստակ ու միանշանակ կողմնորոշում կամ դեպի Արևմուտք, կամ` Ռուսաստան: Եթե Վրաստանի և Ադրբեջանի միանշանակ կողմնորոշումը այդ երկրների աշխարհագրական դիրքի, բնական պաշարների ու այլ գործոնների հետ կապված` կարող է համեմատաբար չափավոր հիմնախնդիրների առջև կանգնեցնել վերջիններիս, ապա Հայաստանի համար, առանց չափազանցության, կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ: