Ժողովրդի վստահությունն անչափ կարևոր է


Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը օրերս հանդիպեց Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչների հետ, որի ընթացքում տրված հարցերի սպառիչ պատասխաններում արտացոլված է տարածաշրջանի, Հայոց բանակի և ներքաղաքական իրավիճակի պատկերը: Հայաստանի Հանրապետական կուսակցության գերխնդիրն է ապահովել երկրի շարունակական զարգացումը: Երեւանի Քանաքեռ—Զեյթուն համայնքում երեկ ՀՀԿ ակտիվի եւ զինծառայողների հարազատների հետ հանդիպմանը նման հավաստիացում արեց ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով` անհրաժեշտ է հասնել նրան, որ տնտեսական աճը գերազանցի մինչ այժմ արձանագրված ցուցանիշները: «Անելու ենք ամեն ինչ, որ երեխաները մեծանան առողջ, ընտանիքները կարողանան դիմակայել առկա դժվարություններին, եւ աճի բնակչության թիվը», _ ասաց Ս. Սարգսյանը: Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն ձգտում է ուժերի գերլարումով եւ միմիայն օրինական ճանապարհով հասնել հաղթանակի, ստանալ ժողովրդի առավելագույն քվեն: Դրա համար կուսակցությունն ունի մարդկային եւ նյութական ներուժ, որին պետք է գումարվի աշխատանքը: Ս. Սարգսյանի հավաստիացմամբ` պետության ուշադրության կենտրոնում գտնվող ամենակարեւոր հիմնախնդիրներից է աշխատատեղերի հարցը: Առաջիկա ժամանակահատվածում աշխատանքները հենց այդ ուղղությամբ են տարվելու: Համայնքային խնդիրներով մտահոգ բնակիչներն ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները: Լուծվում են Քանաքեռ-Զեյթուն համայնքի ճանապարհային բարեկարգման խնդիրները, կապիտալ հիմնանորոգվել է Դրոյի փողոցը, այս տարվա ծրագրում են Ազատության պողոտան եւ Ուլնեցու փողոցը: Հարցեր էին բարձրացվում ապօրինի կառուցված բնակարանների օրինականացման, բնակարանային ապահովվածության տարաբնույթ հարցերի մասին: Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանը նշեց, որ նախարարի հոգածությամբ համայնքի 13 ընտանիքներ ապրիլի 25-ին նոր բնակարաններ կունենան: Պատասխանելով մայրաքաղաքի կարգավիճակին եւ Երեւանի քաղաքապետի ընտրովի լինելու մասին հարցին` Ս. Սարգսյանը նշեց, որ կողմ է քաղաքապետի ընտրովի լինելուն, ուղղակի թե միջնորդավորված` միեւնույնն է, հարցը պետք է լուծվի քննարկումների արդյունքում: Ըստ Ս. Սարգսյանի` քաղաքապետը պետք է ընտրվի, իսկ թաղային համայնքների ղեկավարները նշանակվեն նրա կողմից: Դա առավել կառավարելի, վերահսկելի կդարձնի թաղապետերի գործունեութ յունը, քաղաքապետը պատասխանատվություն կստանձնի նրանց գործունեության նկատմամբ: Իսկ այսօր քաղաքապետարանը խորհրդակցական մարմին է թաղապետարանների համար: Պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին հարցին ի պատասխան նա նշեց, որ դրա համար մեծ միջոցներ են անհրաժեշտ: Փոքրաթիվ բնակչությամբ պետություններում դա դժվար խնդիր է, քանի որ պահեստազորի հարցը բարդություն է առաջացնում: «Հարցը միայն երկու տարի ծառայելն ու սահմանը պահելը չէ, ծառայությունից հետո զինվորը ձեռք է բերում կոնկրետ զինվորական մասնագիտություն եւ հաշվառվելով պահեստազորում` ռազմական գործողությունների ժամանակ զորակոչվում է: Մոտակա ժամանակներս Հայաստանը չի կարող ամբողջությամբ անցնել պրոֆեսիոնալ բանակի սկզբունքներին, մեր երկրի ճանապարհն է համադրել պրոֆեսիոնալներին եւ ժամկետային զինծառայողներին» ,_ասաց նա` տեղեկացնելով, որ ՀՀ զինված ուժերում այսօր 8 հազարից ավելի շարքային եւ սերժանտական կազմի պայմանագրային զինծառայողներ կան, 10 հազարից ավելի սպայական, 5 հազարից ավելի ենթասպայական կազմ: Համայնքի ազատամարտիկներին մտահոգում էին բնակարանային ապահովության եւ բնակարանային պայմանների բարելավման խնդիրները: Նախարարը տեղեկացրեց, որ այդ աշխատանքները կավարտվեն 2008թ. վերջին: Ի դեպ, համայնքի ազատամարտիկները նշեցին, որ խորհրդարանական ընտրություններում սատարելու են ՀՀԿ-ին: Ս. Սարգսյանի խոսքերով` մի բան հստակ է` նախընտրական շրջանում եւ ընդհանրապես բանակը պետք է զերծ լինի ցանկացած, այդ թվում` քաղաքական ազդեցությունից: