Ռուսաստանի հերթական կեռմանները


Անցնող շաբաթ մենք ականատես եղանք մեծ տերությունների քաղաքական հերթական կտրուկ շրջադարձին. Ռուսաստանը ՄԱԿ-ում կողմ քվեարկեց Մերձավոր Արևելքում իր դաշնակցի` Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: Առաջին հայացքից` կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը ևս համամիտ է ԱՄՆ-ի հետ այն հարցում, որ ուրանի հարստացման Իրանի ծրագրերում նաև ռազմական նպատակներ կան թաքնված: Սակայն հաշվի առնելով, որ Ռուսաստանը երկար ժամանակ համառորեն դիմադրում էր Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, կարելի է ենթադրել, որ ՌԴ դիրքորոշման անսպասելի կտրուկ փոփոխությունը, թերևս, վկայում է ԱՄՆ-ՌԴ քաղաքական ինչ-ինչ գործարքի մասին: Բայց թե հատկապես ինչի՞ դիմաց է Ռուսաստանը 180 աստիճանով փոխել դիրքորոշումը, այսօր դժվար է կռահել: Այնուամենայնիվ, դրա դիմաց Ռուսաստանին ԱՄՆ-ի վճարած կամ խոստացած գինը պետք է որ շատ բարձր լինի, չէ՞ որ կշեռքի մյուս նժարին ՌԴ կարևոր դաշնակիցն է: Իրադարձությունների զարգացման նման համապատկերում ՌԴ-Իրան հարաբերություններում կարող է ավելանալ կամ ավելանալու հնարավորություն է ստանում ՀՀ դերն ու նշանակությունը. վերջիվերջո, Հայաստանը, ըստ էության, միակ երկիրն է, որին հիշյալ պատժամիջոցների շրջանակներում արգելված չէ Իրանի հետ տնտեսական-առևտրական կապեր զարգացնել: Դրա շնորհիվ Հայաստանը կարող է կամրջի դեր ստանձնել ՌԴ-ԻԻՀ` խնդրո առարկա պատժամիջոցների շրջանակներում առերես ընդհատված առևտրատնտեսական հարաբերություններում: Իհարկե, միամտություն կլինի կարծելը, թե միջազգային հանրությունը, մասնավորապես ԱՄՆ-ը, չեն տեսնում ՌԴ-ՀՀ-ԻԻՀ այս խաղը. անկասկած` նկատում են: Այնուամենայնիվ, գործարքը կայացել է, և մոտ ժամանակներում հնարավոր է` ականատես լինենք նոր անակնկալների. չմոռանանք` Իրանը Իրաք չէ, Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են տխուր հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար: Մանավանդ` բոլորովին վերջերս Իրանի ռազմական արսենալը համալրվեց ռուսական C-300 հակահրթիռային համակարգով: