ԳՈՎԱԶԴՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ ԲԱՐՁՐ ՎԱՐԿԱՆԻՇԻ ԵՐԱՇԽԻՔ ՉԷ
Քաղաքական ուժերը մեծամասամբ օրենք ներ չեն սիրում: Այ, օրինակ, վաղուց հրապարակի վրա է բազմիցս լրամշակված նոր Ընտրական օրենսգիրքը, բայց վստահաբար կարելի է պնդել, որ հայրենի քաղգործիչներն այնքան էլ չեն շտապում ծանոթանալ դրա նոր պահանջներին: Իսկ այն, որ մինչ այժմ տեղի ունեցած բոլոր ընտրություններին հրեշավոր ընտրակեղծիքներ են վերագրվում, իր հերթին ասվածի լավագույն ապացույցներից է: Իրավիճակը կտրուկ փոխվում է, երբ քաղգործիչներն իրենք են ընտրակեղծիքների «զոհեր» դառնում: Եվ արդյունքում ստացվում է, որ եթե օրենսգրքի անկատարությունը կամ մրցակից քաղաքական ուժի խորամանկությունները տվյալ կուսակցության համար խոչընդոտներ չառաջացնեին, դրա գոյության մասին ընդհանրապես կարելի էր մոռանալ: Թե որքանով է հրատապ մեր ենթադրությունը, հավաստում է նաև այն, որ ընտրություններին մասնակցող ուժերի մի մասի վաղաժամ և, բնականաբար, նույն ընտրական օրենսգրքի խախտմամբ սկսված քարոզարշավը չի մտահոգում ու անհանգստացնում առավել «համբերատարներին»: Վերջիններս նման ընթացքի հիմնական գործոն են համարում մրցակիցների ունեցած խոշոր դրամական միջոցները և դժգոհում սեփական հնարավորությունների անբավարարությունից: Այսինքն, խանգարողը միայն նյութական ռեսուրսների պակասությունն է... Հակառակ պարագայում նույն հետևողականությամբ կարելի էր սկսել սեփական քարոզարշավը: Այսպիսով, հայրենի քաղգործիչներին զսպում է ոչ այնքան ընտրական օրենսգրքի պահանջը, այլ փողի ավել-պակասը: Որքան հայտնի է, օրենքը գումարների մասով մի այլ պահանջ էլ ունի. վատնվող ֆինանսները պետք է տեղական ծագում ունենան և չգերազանցեն սահմանված չափը: Ասել է թե` դրանք պետք է գոյանան հավատավոր կուսակցականների անդամավճարներից ու նվիրատվություններից: Բայց էլի օրենքին հակառակ` անդամավճարների` մի քանի տարիների հսկայական թվացող չափաբաժինը, դատելով նմանօրինակ մրցավազքի ընթացքից, կբավարարի մեկ-երկու ժամվա քարոզարշավի համար միայն: Ուստիև անհեթեթություն է կարծել, թե դժվարությամբ ժողովվող հարյուրական դրամներով կարելի ու հնարավոր է կուսակցություն պահել ու դեռ մի բան էլ խոշոր ներդրումներ պահանջող նախընտրական գործընթացներ կազմակերպել: Ամենաշարքային ընտրողն էլ տեղյակ է և կռահում է, թե ինչու շատ ու շատ կուսակցությունների լիդերներ հաճախակիացրել են այցերը մեր ընտրություններով «մտահոգ» երկրներ, որտեղից ներմուծվող ֆինանսներով հենց նրանց պատվերները, այլ ոչ ժողովրդի պատգամներն են կատարելու: Իսկ բացի վերոգրյալից, քաղաքական ուժերի հանդարտությունը, անտաբերությունը մի շատ լուրջ ու կարևոր առանձնահատկություն ևս ունի: Արդեն իսկ ակտիվ քարոզարշավ նախաձեռնածները դեռևս չեն ասում այն և չեն գործում այնպես, որ արդեն իսկ ընդգծվող առաջատարությունն է°լ ավելի համոզիչ դարձնեն: Մեծադիր ու շքեղ պաստառներով էլ վաղուց արդեն որևէ մեկին չես զարմացնի... Ի վերջո, ընդամենը մի քանի շաբաթ առաջ նույն այդ վահանակներին կարելի էր դարձյալ մեզ ինչ-որ բան առաջարկող տարբեր ընկերությունների գովազդների հանդիպել: Ինչևէ, կանխատեսումները` թե գոնե այս անգամ իրատեսական ծրագրերը կփոխարինեն քաղաքական մշտառկա ռոմանտիզմին, ըստ ամենայնի, դարձյալ չեն իրականանա: Մինչդեռ առաջադրումների փուլում թվում էր, թե ընտրվելու հայտ ներկայացրած ուժերի թվական աճը մրցակցությանը նոր լիցք հաղորդելուց բացի կլուծի նաև վերոնշյալ խնդիրը, ինչը գոնե այս պահին նվազ հավանական կարելի է համարել: Իսկ ինքնածանուցող որոշ ուժերի ասելիքի ակնհայտ բացակայությունը այս առումով ոչ մի լավ բան չի խոստանում: Հակառակ դեպքում գովազդային պաստառները շատ ավելի հետաքրքիր քարոզչական հնարքներով կփոխարինվեին, թեկուզ դարձյալ օրենքը խախտելու գնով: Հիվանդության համար մտահոգ է հիվանդության հարուցիչը Մարտի 25-ին տեղի է ունեցել ՀՀՇ համագումարը, որը սակայն կիսատ է մնացել: Առնելով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան լուրը` համագումարը դադարեցրել է աշխատանքները: Վարչության նախագահ է վերընտրվել Արարատ Զուրաբյանը: Այսօր կարող ենք արձանագրել, որ Հայաստանում նախընտրական իրարանցումն սկսել է թափ հավաքել: Հատկանշական է, որ կուսակցությունները մրցակցության մեջ են մտել` թե ով ավելի շատ ու ավելի սուր կքննադատի գործադրվող ընտրական տեխնոլոգիաներն ու դեռևս չկայացած խորհրդարանական ընտրությունները: ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության, վարկի առումով կարևորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների` արևմտյան չափանիշներին համապատասխանությունը, այնուամենայնիվ, չբացառեց ընտրություններում օրինականությունից շեղումների հնարավորությունը: Իսկ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց որոշ կուսակցությունների կողմից մարդկանց անձնագրերի տվյալները հավաքելու մասին: Դեռ չկայացած ընտրությունների անօրինական ընթացքի, քվեարկության արդյունքները վարչախմբի կողմից կեղծվելու հնարավորության մասին ահազանգում են ընդդիմադիր, հատկապես արտախորհրդարանական կուսակցությունները: Հնարավոր և անհնար ընտրախախտումների մասին քաղաքական որոշ ուժերի նախօրոք խոսելը, թերևս, կարելի է բացատրել նրանով, որ վերջիններս գիտակցում են հասարակության վստահության ու համակրանքի անհրաժեշտ ռեսուրսի բացակայությամբ պայմանավորված` ընտրություններում իրենց առաջիկա պարտությունը և այն արդարացնելու համար պարզապես աղմկում են վաղաժամ: Քվեի դիմաց դրամի տեսքով խոստացվող ընտրակաշառքի առումով, թերևս կարելի է նկատել, որ այսօր արդեն ընտրողները կարող են առերես համաձայնել առաջարկին, վերցնել ընտրակաշառքը, բայց ձայնը տալ իրենց համար նախընտրելի թեկնածուին: Ընտրախախտումների վերաբերյալ ավանսային հայտարարությունների համատեքստում հասարակության և պետության համար լուրջ վտանգ են պարունակում այն պնդումները, թե ընտրությունների ելքը կանխապես որոշված է` անկախ այն բանից, թե ո՞ր թեկնածուի, քաղաքական ո՞ր ուժի օգտին են քվեարկելու ընտրողները: Վտանգավոր են այն հայտարարությունները, թե միևնույնն է` անհրաժեշտության դեպքում վարչախումբը կկեղծի քվեարկության արդյունքները: Ըստ էության, չարագուշակ նման հայտարարությունների ու պնդումների հեղինակ քաղաքական ուժերը ժողովրդի մեջ մեռցնում, սպանում են ազատորեն կամքն արտահայտելու, երկրում իշխանություն ձևավորելու իր իրավունքի գիտակցումը, այդպիսով խոչընդոտելով մեզանում քաղաքացիական հասարակության կայացումը, ինչը ժողովրդավարության հաստատման ամենակարևոր նախապայմանն է: Այս ամենի համատեքստում թերևս ամենազավեշտալի՞ն, թե՞ ողբերգականն այն է, որ խոստացվող ընտրակաշառքների մասին շտապեց ահազանգել ՀՀՇ-ն: Կուսակցության վարչության անդամ Արամ Մանուկյանը նույնիսկ նշեց խոստացվող ընտրակաշառքի չափը` 10 հազարից մինչև 30 հազար դրամ: Հետաքրքիր է, ավելի ճիշտ` տրագիկոմեդիա կարելի է համարել ընտրակեղծիքների, ընտրախախտումների ու կեղծարարների համար ՀՀՇ-ի մտահոգվելը: Այստեղ ՀՀՇ-ն, թերևս, հույսը դրել է հասարակության հիշողության հնարավոր կորստի վրա: Այն, որ մեզանում ընտրակեղծիքների պաթոլոգիա կա, անժխտելի է: Բայց նույնքան էլ անժխտելի է, որ ընտրություններում զեղծարարությունները և, որ ավելի վատ է` ընտրությունների ընթացքում ընտրողների նկատմամբ բռնություններ կիրառելը ծնունդ առան խորհրդարանական 1995 թ. ընտրությունների ընթացքում, երբ իշխանությունն ամբողջությամբ ՀՀՇ-ի ձեռքում էր: Այն ժամանակ միջազգային հանրությունը մեր ընտրությունները գնահատեց ազատ, բայց ոչ արդար: Ինչևէ: Ընտրակեղծիքների, ընտրական բռնությունների հիվանդության բացիլը մեզանում սերմանել է ՀՀՇ-ն` սկսած 1995-ից: Հայտնի ճշմարտություն է. հիվանդությունը բուժելու համար ժամանակ է պահանջվում: Վերջին շրջանում մեզանում եղած ընտրություններն իդեալական չես համարի, բայց ընտրությունից ընտրություն ինչ-որ դրական տեղաշարժ չնկատելն էլ արդարացի չի լինի: Բայց նաև անարդարացի է, երբ ընտրությունների ոչ արդարացի ընթացքի մասին է նախօրոք չարախոսում «կեղծարարություն» հիվանդության հարուցիչը: