Գործը մնաց հիշատակող
Երևանի կայարանամերձ հրապարակին հարող թաղամասում ծնված (1958 թ.) Սիմոն Խաչատրյանին բոլորն էին ճանաչում: Բարեհամբույր, պատրաստակամ էր, իսկույն կատարում էր ամեն խնդրանք կամ հանձնարարություն: Դեռ մանկուց Սիմոնը մշեցի Գրիգոր պապի ու էրզրումցի Մարիամ տատի պատմություններն էր լսում` տեղահանության, գաղթի և ֆիդայիների մղած ինքնապաշտպանական մարտերի վերաբերյալ: Ինքնուս նկարիչ Ս. Խաչատրյանը հաճախ էր նկարում ֆիդայիների, բայց անմիջապես ոչնչացնում էր այդ նկարները: Նրա պատկերացմամբ` ֆիդային անհամեմատ հանդուգն ու վճռական էր, քան կարողանում էր ներկայացնել իր նկարներում: Սկսվեցին 1988-ի փետրվարյան հանրահավաքները, և հարություն առան տատի ու պապի պատմությունները: Անիրականանալի պատրանքն ու ցնորքը դարձան ծրագիր ու նպատակ: Սիմոն Խաչատրյանն առաջին կամավորականներից էր, և Օպերայի հրապարակից էլ միացավ Գորիս մեկնողներին` դառնալով երկրի հարավային սահմանը պաշտպանող ջոկատի անդամ: 1988-ից սկիզբ առած ազգային-ազատագրական պայքարը փոխեց քանդակագործ-նկարչի ծրագրերը, անավարտ մնացին նրա կտավները. վրձինը փոխարինվեց զենքով: Մարտերը դաժան էին, անողոք: Սիմոնի աչքի առաջ զոհվում էին հայրենիքի պաշտպանները, իր մարտընկերները` խնդրելով. «Տղերք, դիրքերը լավ պահեք, կռվեք` մինչև հաղթեք»: Խնձորեսկում վիրավորվեց նաև Սիմոնը: Չնայած ձեռքն ու ոտքը վիրակապված էին, այնուամենայնիվ, նա շարունակում էր մտածել առաջիկա մարտերի մասին: Ապաքինվելուց հետո Սիմոնը կռվել է տարբեր ջոկատներում` Վայքից հասել Զանգեզուր, Զանգեզուրից` Տավուշ: Հետո Արցախ անցել, Մարտակերտի գյուղերն ու քաղաքներն ազատագրելով` Թալիշ է մտել հաղթանակով: 1992-ին, երբ կազմավորվեց Ազգային բանակն, ու կամավորական խմբերը լուծարվեցին, մայրը` տիկին Արևհատը, թեթևացած շունչ քաշեց: Մտածեց, որ որդին վերջապես օջախ կմտնի և, ստիպելով թե համոզելով, 34 տարեկանում կամուսնացնի նրան: Սիմոնն իսկապես տուն եկավ, բայց հենց իմացավ, որ նախկին հավաքակայանում բանակային գունդ է կազմավորվում, անմիջապես ներկայացավ: Կրկին մարտադաշտ գնաց քաջակորով ու անձնազոհ ազատամարտիկը: 1994-ին Մատաղիս գյուղի համար մղվող մարտերից մեկի ժամանակ հերոսաբար ընկավ Սիմոն Խաչատրյանը: Հայրենիքի մասին խոսելիս վերամբարձ բառերն այլևս ավելորդ են դառնում, քանզի բարձր արժեքները պահելու, հող հայրենին պաշտպանելու համար գործել է պետք, հայրենիքին զինվորագրվելով` կյանքի գնով այն փրկել: