ՎԱՍՏԱԿԱԾ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ


Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սևադա ԱՎԱԳՅԱՆԻ կարծիքով` աշխարհի ամենագեղեցիկ գյուղը իր ծննդավայր Սալվարդն է, ամենաբարի մարդիկ` սալվարդցիները, հայ ընտանիքի կատարելատիպը` իր հոր ընտանիքը, իսկ տղամարդու առաջին գործը` սահման պահելը: - Մեծերից մեկն ասել է, թե մարդն իր մանկության արձագանքն է: Ի՞նչ հուշեր են արձագանքում Ձեր մանկությունից: - Հորս ընտանիքը հայ ընտանիքի կատարելատիպ էր, մի հարկի տակ 14 հոգի էին ապրում, բոլորն էլ` համերաշխ, սիրով, կարգուկանոնով: Տան գլուխը Սառա տատս էր` ուժեղ, սկզբունքային, խստապահանջ, բայց միևնույն ժամանակ շատ բարեսիրտ, հյուրընկալ, ազնվաբարո ու արդար մի կին, որին ամբողջ գյուղը Սառա մամա անունով էր պատվում, քանի որ մայրություն էր անում յուրաքանչ յուր նեղյալի, կարիքավորի: Հարսները սիրում էին տատիս, բայց միևնույն ժամանակ քաշվում էին ու հնազանդվում: Տպավորիչ ու անմոռաց հիշողություններ են կապված հորս հետ: Նա մասնակցել էր երկու պատերազմների, վիրավորվել էր: Ազգասեր մարդ էր, Հայաստանի պատմության, ազատագրական պայքարի, Եղեռնի մասին խոսելիս աչքերը կրակով էին լցվում, միշտ պատմական գրքեր էր կարդում, ստիպում էր, որ ես էլ կարդամ: Ասում էր. «Թուրքը, որ կարմիր խնձոր դառնա, գրպանդ մի գցի. հենց տաքանա, օձի նման կխայթի»: Ես շատ էի տպավորվում հորս զրույցներից, պատմական գրքերից, ինձ պատկերացնում էի ազատագրական կռիվների կիզակետում: Զենք էի սիրում: Երբ առաջին անգամ կրակեցի «ՏՈԶ» հրացանով, անմիջապես որոշեցի զինվորական դառնալ: Մի օր էլ զինկոմիսարիատի աշխատակիցներ եկան դպրոց և հարցրին, թե ո՞վ է ուզում ընդունվել ռազմական բուհ: Ես առաջինը ձեռք բարձրացրի, սակայն բժշկական քննության ժամանակ «պարզվեց», որ ձախ աչքս լավ չի տեսնում, ու այդ պատճառով էլ չեմ կարող զինվորական դառնալ: Շատ տխրեցի: Արդեն միևնույն էր, թե ինչ մասնագետ կդառնամ, դպրոցը բարձր գնահատականներով էի ավարտել, բայց այնքան կոտրվեցի, որ նույնիսկ բուհ չդիմեցի: Ժամկետային զինածառայության ժամանակ պարզվեց, որ ձախ աչքս չի խանգարում զորակոչվելուն: Ես ծառայության անցա Լենինգրադի շինարարական զորամասում, ուր 250 հայ էր ծառայում: Օրինակելի վարքի համար 3 անգամ արձակուրդ ստացա, բազմաթիվ գովասանագրեր և խրախուսանքներ: - Կա՞ն մարդիկ, ովքեր ճակատագրական դեր են խաղացել Ձեր կյանքում: - Մի միջադեպ կարող էր ճակատագրական դառնալ ինձ համար, եթե չլինեին զորամասի հրամանատար, Փառքի 3 շքանշանի ասպետ Մակարովի բարեհաճությունն ու արդարամտությունը: Վաշտի հրամանատարը կոպիտ էր վարվում հայ զինվորների հետ, վիրավորում էր: Ես ընդդիմացա, ասացի` հարգալից եղեք մեր ազգի հանդեպ: Դուք դավաճան ազգ եք` պատասխանեց: Իմ նախաձեռնությամբ` 250 հոգանոց վաշտը հրաժարվեց սննդից, դա աննախադեպ էր խորհրդային բանակում: Չէր բացառվում, որ մյուսներին դաս տալու համար խռովության պարագլուխներին ձերբակալեին և դատեին զինվորական տրիբունալում: Հացադուլավոր զինվորների մոտ եկավ անձամբ զորամասի հրամանատարը: Ասաց, որ մեզ վիրավորող սպան անգրագետ է, չի ճանաչում հայ ժողովրդին, մինչդեռ հայերը հին, հզոր մշակույթ ունեցող ազգ են, որ նրանք հերոսաբար են մասնակցել Հայրենական պատերազմին, բազմաթիվ հերոսներ ու բարձրաստիճան զինվորականներ են տվել, խոսեց 89-րդ Թամանյան դիվիզիայի մասին: Իսկ հայ զինվորներին վիրավորած սպային այլևս չտեսանք: Նրան տեղափոխեցին այլ զորամաս: - Ինչո՞վ էիք զբաղված, երբ սկսվեց ազատագրական շարժումը, և ինչպե՞ս կայացվեց ճակատ մեկնելու որոշումը: - Երբ վերադարձա զինծառայությունից, մտադրություն ունեի շարունակել ուսումս գյուղինստիտուտում: Մտածում էի` եթե զինվորական դառնալու երազանքս չիրականացավ, գոնե գյուղատնտես կդառնամ, կվերադառնամ հայրենի եզերք, կշենացնեմ հարազատ հողս: Սակայն ամեն ինչ վճռեց պատահականությունը: Ազգականներիցս մեկի հարսանիքի ժամանակ հանդիպեցի ապագա կնոջս, կարճ ժամանակ անց ամուսնացանք, հետո ծնվեց առաջնեկս: Ստիպված էի ընտանիքս պահելու համար աշխատել: Տուն չունեինք, վարձով էինք ապրում: Ես սկսեցի բանվորից, քիչ-քիչ բարձրացա: Երբ պատերազմն սկսվեց, արտադրամասի պետի տեղակալ էի: Ես ցույցերին ու միտինգներին չէի մասնակցում: Գիտեի, որ առանց կռվի ոչ ոք հող չի զիջի, այդ պատճառով էլ զենք էի հայթայթում, ջոկատ կազմելու համար ազատամարտիկներ էի հավաքագրում: Ես կռվեցի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի վաշտում որպես դասակի հրամանատար: 1992-ից ղեկավարում էի Ազգային բանակի հենասյուն համարվող երեք վաշտերից մեկը, ուր ծառայում էին Հայկական բանակի առաջին զորակոչի 250 զինվոր: - Ո՞ւմ էիք թողել թիկունքում, քանի՞ երեխա ունեիք պատերազմի ժամանակ: - Թիկունքում թողել էի երեք երեխաներիս ու կնոջս: Կինս շատ պայքարեց, որ ինձ հետ պահի ճակատ գնալու մտքից, ասում էր. «Երեխաներիդ մասին մտածիր: Որ զոհվես, ինչպե՞ս եմ մեծացնելու նրանց»: Երախտապարտ եմ կնոջս, որ ցրտի, սովի, հավատի դժվար տարիներին միայնակ պահեց երեք անչափահաս երեխաներիս: Երբ վիրավորվել էի ու պառկած էի Գորիսի հոսպիտալում, կինս այցելեց ինձ: Տղաներիս թողել էր դպրոցահասակ աղջկաս` Մարգարիտայի խնամքին: Շատ հուզված էր, վրդովված, բայց, այնուամենայնիվ, երկար ճանապարհ էր կտրել, ձմռան կեսին հասել էր Գորիս, որ խնամի ինձ: Մի քանի ամիս բուժվելուց հետո կրկին վերադարձա ճակատ: Տղայիս էլ հետս էի տարել, բայց շտաբի պետը հետ ուղարկեց որդուս, ասաց. «Որ երկուսդ էլ զոհվեք, ո՞նց է լինելու, տանը գոնե մի տղամարդ չմնա՞»: Ես կռվեցի մինչև պատերազմի ավարտը, իսկ խաղաղ բանակաշինության տարիներին իրականացրի վաղեմի երազանքս` որպես սպա, հրամանատար շարունակեցի ծառայությունս Ազգային բանակում: - Ի՞նչն է ամենակարևորը հրամանատարի աշխատանքում: - Արդարամտությունը: Հրամանատարը կարող է խիստ լինել, պահանջկոտ, սակայն սեր ու վստահություն կվայելի միայն այն դեպքում, եթե հավասար աչքով նայի բոլոր զինվորներին, արդարամիտ ու անշահախնդիր լինի: Ես հպարտ ու երջանիկ եմ զգում, երբ նախկին զինվորներս այցելում են ինձ, սիրով հիշում են ծառայական տարիները, շնորհակալություն են հայտնում աջակցության, հոգատար վերաբերմունքի և ջերմ հիշողությունների համար: - Ձեր երկու որդիներն էլ զինվորական են, Ձեր ցանկությա՞մբ են ընտրել այդ մասնագիտությունը: - Իրենց ցանկությամբ: Ավագ որդիս բարձր գնահատականներով ավարտեց Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիան, կրտսեր որդիս` Ղազարը, ժամկետային զինծառայությունից հետո մնաց Ազգային բանակում, այժմ զուգահեռաբար ֆինանսական գործ է ուսումնասիրում համալսարանում: - Ի՞նչ են տալիս զինվորականին մարտական մեդալները, կառավարական պարգևները: Ի՞նչ խորհուրդ ունեն Ձեզ համար «Արիության» և «Անբասիր ծառայության» մեդալները: - Մարտական մեդալները վաստակած հպարտություն են տալիս: Սակայն իմ ամենամեծ հպարտությունը Արցախ աշխարհի ազատությունն է և հաղթական խաղաղությունը: Ես երազում եմ այն օրը, երբ ազատամարտին մասնակցած յուրաքանչյուր քաջորդի իր ազատագրած երկրում կարժանանա համընդհանուր սիրո, պաշտամունքի և հոգածության: Երբ մեր ժողովուրդը կսովորի արժանին մատուցել հայրենիքի համար մարտնչած քաջերին, իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած մարտիկների զավակներին ու հարազատներին: Երբ զոհված ռազմիկի զավակը, մայրը, կինը, մյուս հարազատները կվայելեն հայրենակիցների երախտիքը, սերն ու ջերմությունը, կապրեն հպարտ, անհոգ ու արժանապատիվ կյանքով: Եբր մեր աշխարհասփյուռ քարավանները վերադառնան պանդխտությունից:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ