Մեր պատկերասրահը միջազգային ճանաչում ունի


1. Մշակութային օջախներից ամենատոկունը ... Պատերազմ էր: Շրջափակում: Էներգետիկ անսպասելի ճգնաժամ (ինչպես հետո պարզվեց` արհեստականորեն հարուցված): Ծառերի սպանդ: Հումանիտար ժամկետանց սննդամթերքի ու նավթի հույսին մնացած, ցրտից ու սովից կոտորվող խեղճուկրակ երբեմնի աշխատավորներ... Հեղափոխության պղտորած ջրերը հանդարտվեցին: Հաղթական զինադադար եղավ: Երկարաժամկետ վարկերով, նորաստեղծ «հիմնադրամներով» ու օտարների տնօրինությանը հանձնվող (նույնիսկ ստրատեգիական նշանակության) ազգային ունեցվածքի դիմաց հայթայթվող միջոցներով ապահովվեց որոշակի դրական տեղաշարժ: Կարծես կարգավորվել սկսեց առօրյա կյանքի զարկերակը: Աշխատանքային նվազագույն ռեժիմի բերվեցին կաթվածահար եղած համակարգերը: Նաև` կրթամշակութային: Նոր կազմավորված հայազգի հանրության համար այլ բովանդակություն ու նշանակություն ձեռք բերեց հոգևոր սնունդը: Նորահայտ արվեստագետները որդեգրեցին ազգային արմատներից կտրված գեղագիտական «գլոբալացված» մտածողությունը: Ժողովուրդը, ասես ակամա, օտարվեց իր հոգևոր-մշակութային դարերով ամրագրված ժառանգությունից: Սահմանափակվեցին օրգանական պահանջ դարձած շփումները մշակութային կյանքի հետ: Եվ գրողը կորցրեց իր մասսայական ընթերցողին: Թատրոնը` հանդիսատեսին... Թանգարանը` այցելուին: Նաև` Ազգային պատկերասրահը, որ զարմանալի տոկունությամբ, նվազագույն կորուստներով դիմագրավեց խառնակ ժամանակների փորձություններին և երբեք չկորցրեց իր բարձր համարումը: Կարծում եմ, նաև այն պարզ պատճառով, որ նրա ճակատագիրը տնօրինողները պատահական մարդիկ չեն եղել: Սկսած անցյալ դարի 20-ական թվականներից, երբ դեռ նոր էր կազմավորվում: Կայացման դժվարին ճանապարհ է անցել Երևանի Հանրապետության հրապարակը այսօր զարդարող, Լինսի հիմնադրամով վերջերս բարենորոգված, բազմահարկ շինության (ճարտ.` Մ. Գրիգորյան և Է. Սարապյան) մեջ տեղակայված արվեստի այս օջախը: Հայ ժողովրդի մշակույթի և պատմության պետական թանգարանի մեկ սենյակում ամփոփված, ընդամենը 20 ցուցանմուշ ունեցող կերպարվեստի բաժնից վերաճելով ներկայիս միջազգային թանգարանային ցանցում պատվավոր տեղ գրաված ազգային արժեքի: Կդիմանա՞ր եզակի այս կառույցը հասարակական-քաղաքական կտրուկ փոփոխությունների քայքայիչ փորձություններին, եթե նրա գործունեության անմիջական կազմակերպիչները չփայփայեին իրենց վստահված համակարգը մասնագիտական, քաղաքացիական պարտքի սրված զգացողությամբ ու առանձնահատուկ հոգատարությամբ հիմնադիր տնօրենից (1925-1947 թթ.)` արվեստաբան Ռուբեն Դրամբյանից սկսած: Համալրվելով հայկական, ռուսական, արտասահմանյան տարբեր երկրների կերպարվեստի ստեղծագործություններով` նրա վարած բաժինը, խորհրդային իշխանության գործուն աջակցությամբ, 1935-ին ինքնուրույն գոյության իրավունք ստացավ որպես Կերպարվեստի թանգարան` 47-ից կոչվելով Հայաստանի պետական պատկերասրահ: Դրամբյանի պրոֆեսիոնալ բարձր պատասխանատվությունն ու ազգապահպան նախաձեռնող ակտիվությունը, բարեբախտաբար, փոխանցվեցին պատկերասրահի հաջորդ տնօրեններին` Վ. Հարությունյանին, Ռ. Պարսամյանին, Ա. Չիլինգարյանին, Է. Իսաբեկյանին, Շ. Խաչատրյանին և հիմնանորոգման աշխատանքների թոհուբոհում 2002-ին այդ պաշտոնը ստանձնած Փարավոն Միրզոյանին: 2. «Կապույտ արահետ»-ից ճառագող արշալույս Արդի հայ գեղանկարչության գլխավոր դերակատարներից է ՀՀ վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի Գիտությունների և արվեստի Պետրովյան ակադեմիայի իսկական անդամ, Երևանի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Փարավոն Միրզոյանը: Արվեստի փշոտ ճանապարհին ոտք դրած հազվադեպ երջանիկներից, ում բնատուր օժտվածությունը բացահայտվել է մանուկ հասակում, ոգեշնչվել ու սատարվել շինարար հոր կողմից, ուղղորդվել առաջին ուսուցչի` ՀՀ վաստակավոր նկարիչ Զախար Խաչատրյանի մասնագիտական հմտությամբ: 12 տարեկանում ստացած առաջին մրցանակը` «Ավանգարդ» թերթի սահմանած «Կապույտ արահետը» ամրապնդել է հավատը գեղանկարչական ունակությունների նկատմամբ` ճառագող արշալույսի իր շողերով ջերմացնելով ինքնահաստատման վերընթաց ուղին: Այդուհանդերձ, արվեստում հազիվ թե լուրջ հայտ ներկայացներ, եթե չլինեին պետերբուրգյան մշակութային բովանդակալից միջավայրում ապրված 8 տարիները, Գեղարվեստի ակադեմիայի` Անդրեյ Միլնիկովի մոնումենտալ գեղանկարչության արվեստանոցում ստացած հիմնավոր կրթությունը: Մասնակցությունը հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսներին, մանկավար ժական գործունեությունը Երևանի գեղարվեստի ակադեմիայում հղկում են Փարավոն Միրզոյանի գեղագիտությունն ու մասնագիտական վարպետությունը, հստակեցնում տարեցտարի նրա արվեստագիտա կան նկարագիրը: 1989-ից նա վարում է գեղանկարչության ու կոմպոզիցիայի ամբիոնը, 2002-ից` միայն ստեղծագործական արվեստանոցը: Իր կրթած 300-ից ավելի ուսանողներից շատերը այսօր անհատականություն դառնալու հույսեր են ներշնչում` Սամվել Համբարձումյանը, Գագիկ Ղազանչյանը, Լիլիթ Սողոմոնյանը... Ինքն էլ իր հերթին քննություն է հանձնում իրենից ստեղծագործելու դասեր քաղող ուսանողներին` ավանդույթ հիմնելով 5 տարին մեկ անգամ ներկայանալ անհատական ցուցահանդեսով: Միրզոյանի ստեղծագործության մեջ ինձ հատկապես գրավում են կանանց կերպարները` գեղեցիկ, անբռնազբոսիկ ու բնութագրական: «Աննան գլխարկով», «Ինգրիդ Հերմանի դիմանկարը», «Նոնան», «Մարիան», «Երեկոն», «Անձրևը», «Նա. լույս և ստվեր»... Ներշնչանքի աղբյուրը կյանքն է, բնության գունային, լուսաստվերային ինքնատիպ հարաբերությունները: Անհատական ստեղծագործությունների ամեն հաջորդ ցուցահանդեսը վկայում է Միրզոյան արվեստագետի չսպառվող եռանդի, ասելիքի նոր կուտակումների մասին: Մանկավարժական 30-ամյա գործունեության վերջին շրջանում նկատվող «համաշխարհայնացման» տենդենցով նոր սերնդի չափազանցված խանդավառությունը տրտմեցնում է նրան. «Արվեստը հայրենիք չի ճանաչում, բայց ամեն երկիր, ամեն ազգ ուշագրավ է իր ինքնուրույն արվեստով: Վախ կա արմատներից կտրվելու: Երիտասարդներից շատերը ձգտում են փառքի ու փողի, ջանում արտասովոր երևալ` մոռանալով, որ արվեստը փող չի սիրում: Եթե նկարելիս, ստեղծագործելիս առաջին հերթին մտածում ես հարստանալու մասին, բարձր արվեստին չես կարող ծառայել»: 3. Հայ կերպարվեստի ամենահարուստ հավաքածուն աշխարհում 2002-ից Փարավոն Միրզոյանի գործունեության ամենագլխավոր նպատակը Ազգային պատկերասրահն է, ինչը պահանջում է մեծ պատասխանատվություն և անմնացորդ նվիրում: Այդպես են աշխատել իր նախորդները` Դրամբյանից սկսած: Եվ յուրաքանչյուրն իր կարևոր ներդրումն է ունեցել այս հազվագյուտ կառույցի կազմավորման, շենացման ու պահպանման գործում: Խորհրդային տարիներին, իհարկե, ավելի դյուրին է եղել այն ղեկավարել ու անխափան աշխատեցնել ընդհանուր համակարգում: Վերջին հիմնանորոգման փուլում ստանձնելով պատկերասահի տնօրինությունը` Միրզոյանը, թանգարանագիտության իր բանիմացությամբ, շուտով նկատել է առկա թերությունները, անհրաժեշտ փոփոխությունների երկու տասնյակ առաջարկություն ներկայացրել կառավարությանը: Ի սկզբանե շենքը չի համապատասխանել պատկերասրահ կառույցին` 8-9 հարկը միջազգային չափանիշներով անընդունելի է, օպտիմալը 2-3 հարկանի շինությունն է` բաց տարածքով, հարմար լուսակայմամբ, ջեռուցման, օդափոխության և ազդանշանային անվտանգության ուրույն համակարգերով: Որպես տնօրեն առաջին անելիքը եղել է շենքային պայմանները առավելագույնս ընդունելի չափորոշիչներին մոտեցնելը, քանի դեռ վերանորոգման աշխատանքները շարունակվում էին: Այցելուին պետք է շահեկանորեն ճիշտ մատուցել արվեստի տվյալ գործի արժանիքները: 17-18 դդ. իտալական արվեստը ենթադրում (թելադրում) է ցուցադրության իր կոլորիտը, ռուսականը կամ հայկականը` իրենցը: Հարկ էր առանձին սրահներով, ժամանակագրական, աշխարհատարածքային, թեմատիկ ու ժանրային դասդասումներով ցուցադրել առկա հավաքածուի ընտրված նմուշները. պատկերասրահը պարզագույն ցուցասրահ չէ, այլ գիտակրթական մշակութային հաստատություն: Մանավանդ այժմ, երբ նկատելիորեն ավելացել է արվեստաբա նական կրթարանների ու նրանցում ընդգրկված ուսանողների թիվը: Դրական տեղաշարժերը ակնհայտ են: Վերաբացումից հետո առանձին սրահներով ներկայացվում են հունական, եգիպտական, հնդկական, իրանական, չինական արվեստի գործերը: Այսօր մոտ 25.000 ցուցանմուշ է ընդգրկում պատկերասրահի հավաքածուն: Թիվը պայմանական է` ենթակա կտրուկ փոփոխության: Լինում է տարի, որ միանգամից հազար աշխատանք է ստացվում: Անցյալ տարի միայն 400 գրավյուր Ժանսեմից են նվեր ստացել: Ակտիվացել է գրահրատարակչական գործունեությունը` ցուցահանդեսների, առանձին սրահների կատալոգներ, անհատ ստեղծագործողների ալբոմներ, որոնք նաև գիտահետազոտական աշխատանքներ են: Մշտական ցուցադրության կազմակերպմանը զուգահեռ բացվել է գրաֆիկական աշխատանքների ցուցասրահը: 1-2 ամսից ազգային պատկերասրահը իր տարեգրության մեջ առաջին անգամ կունենա քանդակի սրահ` Հակոբ Գյուրջյանի նվիրած մոտ 400 գործերից ընտրված: Հոբելյանական ու ընթացիկ ցուցահանդեսների կազմակերպման ժամանակ դեռևս զգացվում է տարածքային սահմանափակությունը: Վենետիկից բերված գանձերի, ֆրանսիական արվեստի նմուշների ցուցադրության համար ստիպված են եղել վերանորոգել սրահներից չորսը: Ինչպես ամեն մեկիս տունը, պատկերասրահը նույնպես մշտական խնամքի, ընթացիկ հիմնանորոգումների կարիք է ունենում: «Հայաստան» հիմնադրամով կառուցվեց ջեռուցման անհատական համակարգ, բայց հիմա անհրաժեշտություն է զգացվում մյուս մասնաշենքը ևս ապահովել տաք ջրամատակարարմամբ: Փոխվելու ենթակա են 40 տարի շարունակ շահագործվող վերելակները: Անելիքներ միշտ կան: Ընթացիկ և հրատապ: Այսօր Ազգային պատկերասրահի տնօրինության գլխավոր մտահոգությունը վերջին 10-15 տարիներին թուլացած մշակութային կապերի ամրապնդումն է, մասսայական այցելուին վերագտնելը: Ներմուծված անվճար սպասարկման ճկուն աշխատակարգը նկատելիորեն նպաստում է դրան: Տարեկան 40 հազարի փոխարեն ունեցել են 75 հազար այցելու: Շուտով կանցկացվի III, արդեն միջազգային երաժշտական փառատոնը: Գործում է արվեստի ֆիլմեր ցուցադրող կինոսրահը: Նախաձեռնությունները գնալով շատանում են, բայց առայժմ, ցավոք, չեն գտնում մասսայական հետաքրքրություն: Մինչդեռ մեր պատկերասրահի միջազգային վարկանիշը վաղուց բարձրացել է: Ստանում է անհատական ցուցադրությունների հրավերներ: Օրերս նոր հրավեր է եկել Իտալիայից` Կանդինսկու ցուցահանդեսին մասնակցելու որպես թանգարան: Վերջին տարիներին կառավարության կողմից որոշ գումար է հատկացվում նաև գնումներ կատարելու համար: Այսինքն Ազգային պատկերասրահը աղքատ ազգականի կարգավիճակում չէ, այլ վայելում է պետության հատուկ ուշադրությունն ու հոգատարությունը: Մնում է, որ մենք գնահատենք ու պահպանենք մեր ազգային հպարտության այս մշակութային հիմնասյունը, սիրենք ու կարևորենք նրա դերն ու նշանակությունը նոր սերնդի համար:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ