Մասունքները պահպանվում և համալրվում են


Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը խնդիրներ գրեթե չունի: Եվ թվում էր, թե այցելուներ նույնպես չունի, բայց, ի հաճելի զարմանս, թանգարանում այցելուներ միշտ էլ լինում են: Տնօրեն Արմինե Գրիգորյանի կարծիքով. - Պասիվ նստել չի լինի: Պետք է ինչ-որ ձևով մարդկանց հետաքրքրել, բերել թանգարան: Այո°, իհարկե, պետք է ժամանակ գտնել` մեր պատմության, արվեստի նվիրյալների և դարերի հետ եկող մշակույթին ծանոթանալու. չէ՞ որ թանգարանների գոյության նպատակն է այդպիսին: Հիմնախնդիրներ այստեղ էլ կան, իհարկե: Դիցուք` Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի շենքը բացվելուց հետո երբեք չէր վերանորոգվել: Այդ իսկ պատճառով բազմաթիվ խնդիրներ են ծագել: 2005-ին, սակայն, թանգարանն ընդգրկվեց մշակութային օջախների վերանորոգման ծրագրում, և 2006-ին վերանորոգումից հետո այստեղ աշխատանքներն ավելի ակտիվացան: Եվ, ինչպես տնօրինուհին է նշում` - Հաճախ ենք կազմակերպում միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ ու ցուցահանդեսներ, որոնք էլ հետաքրքրություն են առաջացնում լինել թանգարանում: Համագործակցում ենք դպրոցների հետ, և թանգարան այցելող երեխաները նաև իրենց տպավորություններն են կիսում շարադրությունների տեսքով, որոնցից լավագույններն արժանանում են մրցանակների: Ի դեպ, յուրաքանչյուր ամսվա II և IV ուրբաթ օրերին մուտքն անվճար է դպրոցականների համար, իսկ վերջին շաբաթ օրը` սոցիալապես անապահով խավի և ուսանողների համար: - Թանգարանում ավելանո՞ւմ է հավաքածուն, և ո՞վ է տրամադրում: - Իհարկե: Տարբեր մարդիկ (այդ թվում արտերկրից) բերում են լուսանկարներ, իրեր, որոնք օգտագործել է Ա. Խաչատրյանը, մասունքներ, որ պահպանվել են: Բացի այդ, ամեն տարի նրա ծննդյան տարելիցին հյուր է գալիս նրա որդին` Կարեն Խաչատրյանը` իր հետ բերելով թե° հայրիկի և թե° մայրիկի իրերից: Դահլիճում դրված էին երկու ռոյալներ, որոնք օգտագործել է մեծն կոմպոզիտորը, և մեկ գերմանական ռոյալ, որն օգտագործվում է 30 տարի և ոչ մի անգամ չի վերանորոգվել, իսկ տարիներն իրենց գործը կատարում են: Չէ°, իսկապես երեք աշխատանքային տարիները զուր չեն անցել: Տնօրենը կարողացել է բավական աշխատանքներ կատարել: Եվ դրա խոսուն վկայությունը այցելուների հաճախելիությունն է: Առաջիկայում ևս ծրագրված են բազմաբնույթ միջոցառումներ: Փորձենք մենք էլ, երիտասարդներս, ժամանցի վայրերի թանկ գներից բողոքելու փոխարեն, գնալ մոտակա թանգարան ու հաճելին համատեղել օգտակարի հետ: Տաթևիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ Հարկ վճարեք, հարկ Վերջերս քաղաքական գործիչներից մեկը, տեղի տալով լրագրողների համառությանը, խոստովանեց, որ Հայաստանում մաքուր բիզնես չկա: Նրա համոզմամբ, եթե գործարարությամբ զբաղվողները հարկային ծառայության մարմինների հետ հարաբերվեն օրենքի սահմաններում և կատարեն օրենքով սահմանված հարկային պարտականությունները, ապա նրանց բիզնեսը շատ արագ կփակվի: Խոսքն, իհարկե, հարկային ծանր բեռի մասին չէ: Այս տեսակետին հղում անելու մեր նպատակն այլ է. ուշադրություն դարձրեք` «խոշորների» հարկային պարտականություններից խուսափելու իրողության պայմաններում հարկային մուտքերի և սոցվճարների աճ է արձանագրվել: Ըստ հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի, մասնավորապես այս տարվա հունվար և փետրվար ամիսներին միայն հարկային ծառայության մասով հավաքվել է 8,5 մլրդ դրամով ավելի հարկային մուտքեր և 2,2 մլրդ դրամով ավելի սոցվճարներ: Եվ որքան ավելի պիտի լինեին այս գումարները և մեր բյուջեն, այդպիսով, որքան հարուստ, եթե, ինչպես հիշյալ դեպքում մատնանշեց քաղաքական գործիչը, հարկային օրենքները վերաբերեին բոլորին անխտիր և համատարած կիրառություն ունենային: Որտեղ` բիզնեսդ, այնտեղ` հաշվառումդ Մինչ հարկային պարտավորություններից «թռածները» կշարունակեն գործել հարկային դաշտից դուրս` բյուջեին հասանելիք գումարները ծառայեցնելով սեփական իմիջի կամ մեր ժամանակներում մոդայիկ դարձած բարեգործի «վեհ» կերպարի ձևավորմանը և այլևայլ նպատակների, կառավարությունը հարկ վճարողների հաշվառման նոր օրենքի նախագիծ է հաստատել: Մինչդեռ հարկ վճարողների հաշվառումը մինչև այժմ կատարվում է 12 տարվա վաղեմություն ունեցող որոշմամբ: Նոր օրենքը վերաբերում է 133 հազար հարկ վճարողների, որոնց գործունեության իրականացմանն առնչվող և այդ ընթացքում առաջացած խնդիրները այսուհետ ոչ թե հարկային ծառայության կամքին ու մեկնաբանությանն են ենթակա, այլ սահմանվելու և կարգավորվելու են օրենքով: Առաջարկվող օրենքի նախագծի մի դրույթն էլ այսպիսին է. որտեղ` բիզնեսդ, այնտեղ` հաշվառումդ: Իսկ ավելի օրինական սահմանմամբ, կազմակերպությունը չի կարող գրանցված լինել մի վայրում և գործունեություն իրականացնել մեկ այլ վայրում: «Վիվարոն», «Տոտոն» և մյուսները Ինտերնետով շահումով խաղերի նկատմամբ կիրառվելու է հարկերի վճարման նոր կարգ: Այսպիսի խաղերի կազմակերպման համար օգտագործվող բոլոր համակարգիչները հարկային ծառայությունում պետք է ունենան առանձին-առանձին գրանցում: Դրանցից յուրաքանչյուրի դիմաց օրենքը սահմանում է ամսական 50 հազար դրամ վճար: Կազմակերպության համար թանկ «հաճույք» կլինի համակարգիչը թաքցնելը: Նման փորձի «գաղտնազերծման» դեպքում 1 մլն դրամ տուգանքը պատրաստ է: Հաշվարկված է նաև հարկային դաշտում փոփոխությունների ներդրման օգուտը. տարեկան 200 մլն դրամի եկամուտ: Առաջարկվող փոփոխությունները, հարկային մարմնի ձևակերպմամբ, նպատակ ունեն կանխել ապօրինությունները: Մի օրենք էլ հարկային մարմիններում տեղ գտած ապօրինությունները կանխեր...

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ