Քաղաքացիական հասարակություն


Ավագ սերնդի հոգեբանությունը քաղաքացիական հասարակության կերտման հարցում տարբերվում է երիտասարդ սերնդի հոգեբանությունից: Ինչո՞ւ: Ո՞րն է այն հիմնավոր պատճառը, որ նման անջրպետ է առաջացրել նրանց միջև:

Նախ ընդգծենք քաղաքացիական հասարակության որոշ կարևոր հատկանիշներ. ե՞րբ է այն համարվում կայացած, և ի՞նչ կտա մեզ այդ կայացումը:

Քաղաքացիական հասարակությունը կազմված է կամավոր քաղաքացիական ու հասարակական կազմակերպությունների միասնությունից, որոնք ձևավորում են հասարակության գործունեության հիմքը: Եվ իրոք, քաղաքացիական հասարակությունն անհրաժեշտ է կառավարությանը որպես քննադատ, որպես գործընկեր, որպես պահանջներ ներկայացնող:

Մեզանում քաղաքացիական հասարակությունը դեռևս շատ լուրջ ճանապարհ պիտի անցնի:

Տեղի է ունեցել արժեքների անկում:

Մարդկային ցանկացած էթնոս, ապրելով աշխարհագրական որոշակի տարածքի վրա` հարյուրամյակների, հազարամյակների ընթացքում աստիճանաբար ձեռք է բերում միայն իրեն բնորոշ խիստ ինքնատիպ մտածելակերպ, հոգեբանություն: Ստեղծում է մարդկային հարաբերության յուրօրինակ այնպիսի համակարգ, որն ամրագրում է որոշակի սովորություններ, բարոյական նորմեր, մշակութային արժեքներ` կազմելով տվյալ ազգի գոյության և կենսագրության ձևն ու բովանդակությունը: Մեր ազգի գոյատևման հազարամյակների միջով անցած պատմության մի որոշակի հատված կազմում է 70-ամյա սովետականացման շրջանը` իր բոլոր լավ ու վատ կողմերով: Ուստի այն լուրջ ազդեցություն է թողել այդ ժամանակահատվածում ծնված, ապրած, նույնիսկ նրանց հաջորդների հոգեբանության վրա:

Անի ԹՈՒՄԱՆՅԱՆԸ երկու դպրոցահասակ երեխաների մայր է: Նա այսպես է գնահատում երեկվա և թե այսօրվա իրենց ապրած կյանքը:

- Անկախության տարիները մեզ շատ բան տվեցին: Տվեցին խոսքի ազատություն, ընդհանրապես անկախություն, որպեսզի երիտասարդներն ավելի ազատ երկրում ապրեն, կարողանան իրենց իրավունքները պաշտպանել: Սակայն պետք է ասեմ, որ երբ մենք էինք դպրոց գնում, հենց դպրոցում գործում էին տարբեր խմբակներ ու բոլորն էլ անվճար էին: Իհարկե, սկզբում ստուգում էին, թե որ երեխան ինչ ընդունակություն ուներ, և ըստ այդմ ընդգրկում էին երաժշտության, նկարչության, ասմունքի խմբակներում: Եվ բոլորն էլ սիրով հաճախում էին: Այժմ նույնպես շատ խմբակներ կան, սակայն, բոլորն էլ` վճարովի: Իսկ ծնողների աշխատավարձը չի բավարարում, որ այդ գումարները հոգան և երեխաներին ընդգրկեն:

Անկախության տարիներին բավականին կտրուկ փոփոխություն կրեց մարդկանց ապրելաձևը, կենցաղը, մտածողությունը, բնավորությունը, միմյանց հետ հարաբերվելը: Նույնիսկ դիմելաձևը փոխվեց, և այդ ամենն ուղղակի ազդեցություն ունեցան մարդկանց հոգեբանության վրա` ձևավորելով նոր հայ մարդու կերպար. դարձյալ` իր լավ ու վատ կողմերով: Մեզանից մի ստվար զանգված դեռևս ապրում է` անընդհատ ետ նայելով, լավը, կյանքի ապահովություն անցյալում որոնելով:

Արդյո՞ք այս փոփոխություններն են նման խիստ անջրպետի սկզբնաղբյուրը:

Հոգեբանության գիտությունների թեկնածու, հոգեբան Կարինե ՆԱԼՉԱՋՅԱՆԸ գիտականորեն այսպես է մեկնաբանում:

- Քաղաքացիական հասարակություն. ես ինչպես եմ ընկալում այդ հասարակությունը:

Երկիր-պետություն, որտեղ ապրում են մարդիկ, ովքեր ունեն այդ երկրի տերը, այդ պետության քաղաքացին լինելու զգացողությունը: Սա շատ կարևոր հասկացողութ յուն է, շատ կարևոր ներքին դիրքորոշում է: Դիրքորոշում, որը, ինչպես կյանքն է ցույց տալիս, այնքան էլ հեշտ չի ձևավորվում: Այսինքն, հարկավոր են որոշակի անհրաժեշտ պայմաններ, որպեսզի երկրի բնակիչն իրեն զգա իր երկրի քաղաքացի: Շատ կարևոր է նաև իրեն երկրի տերը և երկրի քաղաքացին զգալու փաստը: Մենք այնպիսի պատմական ժամանակաշրջանում ապրեցինք և ապրում ենք, որ թվում է` նույն ժամանակահատվածում ապրող սերունդները` ավագը և երիտասարդները, տարբեր երկրներում են ապրել:

Խորհրդային երկիրն ընդհանրապես քաղաքակրթական պատմության մեջ շատ հետաքրքիր, ունիկալ երևույթ էր: Ավագ սերնդի մարդիկ խորհրդային երկրի քաղաքացիներ էին: Ասել է թե` իրենց անձի ձևավորման ամենազգայուն փուլերը, իրենց երիտասարդության տարիները նրանք ապրել են բոլորովին այլ հոգեբանություն և գաղափարախոսություն ունեցող երկրում: Եվ անհնար է նույնիսկ ակնկալել, որ այն երկրի քաղաքացին միանգամից լիարժեք և հեշտությամբ դառնա նոր, անկախ մի երկրի, որևէ այլ պետական միավորման քաղաքացի: Դրա համար մտածելակերպի լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ:

Ահա այստեղ պետք է փնտրել անջրպետը: Ու, թերևս, համակարգային փոփոխություններին ավելի դժվարությամբ համակերպվեցին այդ սերնդի մարդիկ: Նրանք մի տեսակ անցումային վիճակում գտնվող մարդիկ են: Իսկ դա ճգնաժամ է, վարքային ճգնաժամ: Խուճապի մեջ են ընկնում` ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել, ո՞րն է լավը, ո՞րն է վատը, ո՞րն է չափանիշը: Հոգեբանության մեջ շատ հետաքրքիր օրինաչափություն գոյություն ունի: Դա կոչվում է հետադարձ շեղում (աբերացիա). ինչն անցյալ է` մի տեսակ բյուրեղացվում է, վատը, տհաճը, անընդունելին մոռացվում է և բյուրեղացված կերպով հիշողության մեջ դառնում է լավը:

Անշուշտ, երբ տեղի է ունենում այսպիսի մեծ, ծավալուն համակարգի փոփոխություն, անհնարին է, որպեսզի նոր համակարգը միանգամից կառուցվի, իդեալական ձևով ներկայանա հանրությանը: Ժամանակ է հարկավոր, լուրջ աշխատանք ու ջանքեր են անհրաժեշտ ներդնել: Մարդիկ, ովքեր ստանձնել են նոր համակարգում հասարակութ յան համար նոր կենսագործունեության ապահովումը, նրանք պատասխանատու են, որպեսզի այդ ժամանակը, և բոլոր լծակներն օգտագործվեն առավելագույն օպտիմալ կերպով: Այսինքն, անընդհատ ասել, որ մենք գտնվում ենք անցումային փուլում` սխալ է: Չնայած նոր իրավիճակն իրենում պարունակում է թե´ դրականը, և թե´ բացասականը: Անշուշտ, արժեքների անկում է տեղի ունեցել: Չնայած այս լուրջ կորուստներին` կրթության, գրականության ու լեզվի բնագավառում կան նաև դրական միտումներ: Երիտասարդ և ավագ սերնդի ներկայացուցիչներն իրարից տարբերվում են իհարկե, բայց ձգտումներով միավորվում են և դառնում են միահյուսված:

Ճիշտ է, քաղաքացիական հասարակությունը մեզանում դեռևս ձևավորված չէ և շատ լուրջ ճանապարհ պիտի անցնի, սակայն ի վերջո այն կայանալու է:

Հայաստանի անկախությունը անհերքելի, աներկբա մեծ արժեք է: Եվ պետականության կերտման ճանապարհին հրամայական պահանջ է քաղաքացիական հասարակության կայացումը: Անկախ Հայաստանը մինչև ներսից ուժեղ ու կազմակերպված չլինի, դրսի մարտահրավերների համար միշտ շարունակելու է մնալ խոցելի:

Դիպուկ է ամերիկացի մեծ գրող Մարկ Տվենի այն բնորոշումը, որ հայրենասիրությունն այն է, երբ մշտապես պաշտպանում ես քո երկիրը. իսկ կառավարությանը պաշտպանում ես այն դեպքում, երբ այն արժանի է դրան:

Ջուլիետա ՄԽԻԿՅԱՆ