Միայնակ մարդու վախերը


Վախը ևս հոգեբանական իրավիճակ է, որն ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում: Ամենադժվարը սեփական վախը հաղթահարելն է, սեփական ուժերին վստահելը: Այդ դեպքում միայն տվյալ անձի կյանքը կդառնա շարժուն, հետաքրքիր` ապագայի հանդեպ լավատեսություն ներշնչելով:

Վախերը սովորաբար պաշտպանական նշանակություն ունեն, և եթե անձը թույլ է ու անօգնական, ներքին վախը կկլանի նրան ու խորանալով` կվերածվի լուրջ հիվանդության, որն արդեն չի համարվի սովորական, առօրյա, պաշտպանողական:

Վախերի տարբեր տեսակներ կան, բայց այս անգամ անդրադառնանք միայնության վախի պատճառներին ու հետևանքներին, որոնք հիմնավորվելով մեր հոգեբանութ յան մեջ` սկսում են իշխել, կաշկանդել` ի վերջո դառնալով ծանր հիվանդություն` անկախ տարիքից, սեռից և ազգային պատկանելիությունից:

Ինքնամփոփ դառնալով և շփումներից խուսափելով` մարդն ինքն իրեն դատապարտում է մեկուսացման: Սկսում է մտածել, թե ինքը ոչ ոքի հարկավոր չէ, ոչ մեկն իրենով չի հետաքրքվում, սիրված չէ, գնահատված չէ: Այդ մեկուսացումը նրան պահում է ան-ընդհատ լարվածության մեջ, խարխլում է ինքնավստահությունը, որի հետևանքով չի տեսնում իր կարևորությունը շրջապատում: Ավելին, ավելորդության, անզորության հիվանդագին զգացումներով է համակվում:

Երևանի «Գոյ» հոգեբանական կենտրոնի տնօրեն, հոգեթերապևտ Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆԸ մեկնաբանելով մարդու միայնության թեման` գտնում է, որ այն չխորացնելու, սեփական վախը հաղթահարելու համար պետք է կարողանալ ճիշտ գնահատել սեփական հնարավորություններն ու կարողությունները:

- Շատ կարևոր Ժամանակաշրջան է 1-ից 3 տարեկան հասակը, ճգնաժամերի հաղթահարման տարիքային փուլերից սա շատ կարևոր փուլ է: Դա այն ժամանակն է, երբ երեխայի մոտ ձևավորվում է վստահություն: Այստեղ ծնողները շատ կարևոր դերակատարում ունեն: Ես կցանկանայի նշել մի քանի հայտնի արտահայտություններ, որոնցով ծնողները նախատում են իրենց երեխաներին` փորձելով կարգի հրավիրել նրանց:

Հաճախ լսում ենք` «խելոք մնա, այլապես ես քեզ կթողնեմ, կգնամ, այլապես քեզ կտանեմ մանկատուն» նմանատիպ արտահայտություններ: Առաջին հայացքից թվում է, թե սրանք անմեղ խոսքեր են: Եվ բոլորին թվում է, թե ծնողական սերը ուղղակի դրսևորում ունի նաև նախատինքի տեսքով: Բայց մեր հարգելի ծնողները մոռանում են, որ դրանք սեպի նման կարող են մխրճվել երեխայի հիշողության մեջ ու թողնել բավականին խորը հետքեր: Երեխան միանշանակ այդ Ժամանակահատվածում կարող է զգալ անվստահություն, կարող է զգալ միայնակություն: Այսինքն, նա կարող է մտածել, որ ինքը չունի հենարան, չունի աջակցություն, չկա ներողամտություն և ամեն պահի կարող է հայտնվել մի իրավիճակում, որտեղ ինքը մենակ է: Օգտվելով առիթից` կխնդրեմ մեր ծնողները մի փոքր ավելի ուշադիր լինեն իրենց արտահայտություններում, որովհետև դրանք հետագայում լուրջ հետևանքներ են թողնում:

Շատ հետաքրքիր է նաև դեռահասության, անձի հասունացման տարիքը: Գիտենք, որ դա բավականին բարդ տարիքային փուլ է. երեխան արդեն ձևավորվում է որպես անհատ, իր նախասիրություններով, իր շրջապատով: Առավել դժվար է, երբ դեռահասն ունի որոշակի ցանկություններ, կամ ընկնում է այնպիսի շրջապատ, որն իր ընտանիքում չի ընդունվում, մերժվում է: Բնականաբար, երբ կա մերժում, երեխան սկսում է մեկուսանալ, ստեղծել իր աշխարհը, իր ընկերներն ունենալ: Իսկ ծնողը հաճախ տեղյակ չի լինում, թե ինչ է կատարվում իր զավակի հոգեկան աշխարհում` ինչո՞վ է զբաղվում, ինչո՞վ է լցված նրա առօրյան, ի՞նչ մտքեր ունի: Խոսքն այն մասին է, որ ընկերական հարաբերությունները ծնողի հետ կորում են, ինչը և շատ կարևոր գործոն է: Երբ խաթարվում է կապը, լինի դա ծնողի, ուսուցչի, ավագ ընկերների կամ եղբայրների ու քույրերի հետ, դա հանգեցնում է միայնության: Ուրեմն հարկավոր է լուրջ ուշադրություն դարձնել այդ տարիքի անչափահասներին` հետագա բարդություններից խուսափելու համար:

Դեռահասության տարիքում շատ կարևոր է նաև ինքնագնահատականի ձևավորումը: Այսինքն, եթե երեխան հաճախ ենթարկվում է ծաղր ու ծանակի, ընկերական շրջապատի կամ տան անդամների կողմից անվերջ լսում է անզգույշ բառեր, հանդիմանանք, բնականաբար, դա ազդում է ինքնագնահատականի վրա` բացասական առումով: Այդ դեպքում արդեն, մեծանալով` դեռահասն ունենում է խարազանված պիտակավորում, որը թույլ չի տալիս շփվել շրջապատի հետ` ինչպես մնացած բոլոր իր հասակակիցները: Նույնիսկ փորձերը ցույց են տալիս, որ հետագայում կյանքի ընկեր ընտրելիս ևս այդ գործոնը դեր է խաղում: Եթե մարդն ունի ոչ համապատասխան ինքնագնահատական, կամ նա գիտի, որ ինքը գեղեցիկ չէ, խելացի չէ` արդեն իսկ չի փորձում գտնել շրջապատում իրեն հարմար թեկնածու: Ծայրահեղ հակառակ երևույթ էլ կա. երբ չափից դուրս բարձր է ինքնագնահատականը, անձը կարծում է, որ մյուսներն իրեն արժանի չեն, ու դա նույնպես տանում է մեկուսացման: Այսինքն, երկու դեպքում էլ նորմալ, աոռղջ փոխհարաբերություններ չի կարողանում ձևավորել:

Նախկինում միջանձնային շփումները, կոլեկտիվ հասկացությունը ավելի առողջ մթնոլորտում էր ձևավորվում. մարդիկ կարողանում էին շփվել, մտերմանալ: Բայց այսօր իրավիճակն այնպիսին է դարձել, որ մենք առանձնանում ենք, կամ մեկուսանում ենք մեր սեղանների, գրասեղանների առջև ու այդպես միջավայրի հետ կապը խաթարվում է: Աշխատանքի ընթացքում մարդն այնքան էլ չի զգում դա, որովհետև զբաղված է անընդհատ: Բայց երբ վերադառնում է հարազատ միջավայր, զգում է, որ ինքը միայնակ է և առողջ, նորմալ հարաբերություններ չի կարողանում ձևավորել նույնիսկ իր կոլեկտիվում: Այսինքն, ժամանակակից մեգապոլիսներն ունեն և իրենց բացասական հետևանքները:

Հետաքրքիր և ազդեցիկ գործոն է նաև ոչ բավարար ուշադրությունը: Երբ անձն ունի ուշադրության կարիք ու չի գտնում դա, փորձում է իր ներսում մեկուսանալ: Այսօր մարդն այնքան է տարված իր հոգսերով, այնքան է տարված իր ես-ով, որ հաճախ մոռանում է անգամ դրական ժպիտով արձագանքել դիմացինի հայացքին:

Շատ հաճախ մենակության վախն ի հայտ է գալիս փոքրիկ առիթից: Ենթադրենք փորձում է զանգահարել մեկին, կամ սպասում է հեռախոսազանգի, բայց չի ստացվում: Նորից վախ է ապրում, որ ինքը միայնակ է, ոչ մեկն իրենով հետաքրքրված չէ:

Հարազատի, մտերիմի կորուստը նույնպես միայնակության զգացողություն է առաջացնում: Երբեմն դու չես հասկանում, թե ինչու ունես նման վախեր: Բնականաբար, մինչև հոգեբան թերապևտին դիմելը պետք է ունենալ դրական, հաճելի միջավայր, որի հետ շփումը թույլ չի տալիս, որ մենակության վախերն ավելի խորանան: Այդ դեպքում հնարավոր կլինի դրությունը շտկել, համապատասխան միջոցներ ձեռնարկել: Ես հորդորում եմ բոլորին վերականգնել մարդկային ջերմ հարաբերությունները, ինչից ավելի լավ աջակցություն, ավելի լավ հենարան ու օգնություն չի կարող լինել:

Հոգեկան առողջությունը մարդու ընդհանուր առողջության անբաժանելի մասն է: Սակայն որպես կանոն` առողջության խնամքը սահմանափակվում է ֆիզիկական առողջության մասին հոգ տանելով: Այսինքն, հոգեբանական խնդիրները հիմնականում անտեսվում են: Հոգեբանական խորհրդատվության դիմելն անլուրջ, նույնիսկ ծիծաղելի է համարվում: Առողջության ծայրահեղ վատացման դեպքում հնարավոր օգնության հաստատությունները հոգեբուժարաններն են միայն: Այնինչ` ժամանակին հասցեագրված խորհրդատվության դիմելու դեպքում հոգեբանական փոքր խնդիրները հիվանդության չեն վերածվի:

Ջուլիետա ՄԽԻԿՅԱՆ