Հեքիա՞թ, մուլտֆի՞լմ, թե՞ համացանցային խաղեր
Խնդիր, որն ընդգրկում է բազմաթիվ հարցադրումներ: Մարդու, երեխայի, անձի ձևավորման, բնավորության կարգավորման, ձգտումների ազատ արտահայտման, մտքի զարգացման համար ո՞րն է ավելի կարևոր` հեքիաթ լսելը, մուլտֆիլմ դիտելը, թե՞ համացանցային խաղերով տարվելը: Ո՞րն է առաջնայինը, ո՞րն է ընդունելին, ո՞րն է օգտակար:
Ինչպիսի՞ համեմատական զուգահեռներ կարող ենք անցկացնել հեքիաթ լսելու, մուլտֆիլմ դիտելու միջև, ինչպես կարող ենք չափել ազդեցության տարբերությունը երեխայի մոտ: Չէ՞ որ հեքիաթը երեխան լսում է կոնկրետ անձից և պատկերացնում է որպես իրական դեպք, որը երբևէ տեղի է ունեցել: Հեքիաթն իրական պատմություն է թվում, և անկախ իրենից մտնում է հեքիաթային այդ կերպարի մեջ: Դրա համար էլ այն կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ նրա հոգեբանության, ինչպես և անձի զարգացման վրա:
Իսկ մուլտֆիլմերն ավելի շատ ժամանցային բնույթ են կրում, և երեխան ակամա, ենթագիտակցորեն հասկանում է, որ ֆիլմն այն է, ինչն ինքը տեսնում է: Այդ ժամանակ նրա տեսողական ազդակն է աշխատում: Նա ուղղակի հաճելի ժամանակ է անցկացնում:
Սակայն մուլտֆիլմերը նույնպես ունեն լուրջ ազդեցություն մանկան բնավորության, հոգեբանության վրա: Եվ եթե նա ագրեսիվ է` ավելի հանգիստ թեմաներ պարունակող մուլտֆիլմերը կհանգստացնեն և կմեղմացնեն նրա բորբոքուն բնավորությունը:
Իսկ ինքնամփոփ երեխաներին կօգնեն աշխույժ, շարժուն թեմաները:
Եվ ահա այս բոլորը, երբ համեմատում ենք համացանցային խաղերի հետ, ազդեցությունը շատ կտրուկ է դառնում թե´ երեխայի, թե´ պատանու և թե´ ընդհանրապես մարդու վրա: Կապվածություն է առաջանում կապույտ էկրանին, և նա մխրճվում է մի աշխարհ, որտեղ կորչում, անհետանում է ժամանակի զգացողությունը:
Ի՞նչ է տալիս համացանցը երեխային, պատանուն, մարդուն: Նախևառաջ ճանաչողական, ուսուցողական, գեղեցիկի հետ շփվելու լայն հնարավորություն: Տալիս է անսահմանափակ տեղեկատվություն, պատասխանում է հետաքրքրող բոլոր հարցերին, քո փոխարեն կատարում է վերլուծություն, եզրահանգում:
Երեխաները, ինչու չէ, նաև` մեծահասակները, խաղերի միջոցով կառավարելու, ղեկավարելու մեծ հնարավորություն են ստանում: Ու հատկապես ագրեսիվ խաղերն առավել բացասական ազդեցություն են ունենում նրանց բնավորության ձևավորման հարցում: Նման հրապուրանքն այնքան է գրավում ցանկացածին, որ այլևս ժամանակ չի մնում այլ զբաղմունքի համար:
Որտե՞ղ է սահմանը, որը օգտակարից անցնում է վնասակարի, որտեղ պիտի կանգառ տրվի, արգելափակվի անընդունելին: Ո՞վ և ինչպե՞ս պիտի այն իրագործի:
Այս խնդիրներն այսպես է մեկնաբանում հոգեբան-թերապևտ Լիանա ԹԵՐԶՅԱՆԸ.
-Իրականում երեքն էլ ունեն և´ դրական, և´ բացասական կողմ: Ուղղակի այստեղ արդեն կիրառելիության հարցն է, թե ինչ չափով պետք է այն օգտագործել և կիրառել: Մասնագետներն արդյունավետ են համարում հեքիաթները: Դրանցում ներազդման գործիքն ավելի քիչ է, և հեքիաթով ուղղորդված աշխատանքը շատ ավելի արդյունավետ է: Թե´´ մուլտֆիլմերում, թե´ համացանցային խաղերում հեղինակից բացի կա նաև մուլտիպլիկատորի գործոնը: Այսինքն, մուլտֆիլմը գրված է նրա երևակայության, նրա պատկերացումների հիման վրա:
Ինչ վերաբերում է համացանցային խաղերին` դրանք երկուստեք առավելություն ունեն. մեծ առավելությունը հենց ազատության գործոնն է, որ բավականին ինֆորմացիա, ինչպես նաև երևակայելու, գործելու ազատություն է տալիս երեխային: Սակայն համացանցով ներազդեցությունը շատ ավելի մեծ կարող է լինել, քանի որ եթե հեքիաթն ու մուլտֆիլմն ունեն հստակ կառուցվածք, ապա համացանցային խաղերի խորհրդանշաններն ավելի շատ են: Այսինքն` խաղի հետ միասին կարող է միաժամանակ կողմնակի ինչ-որ ինֆորմացիա գալ, որը որոշ տարիքի երեխաների համար ուղղակի դեռևս ցանկալի չէ: Վիրտուալ աշխարհի խաղերի նպատակը հենց վիրտուալ աշխարհներ անցնելն է: Քանի որ հիմնական ինֆորմացիան անձը ստանում է խորհրդանշանների տեսքով, և´ խոսքային, և´ լսողական, և´ տեսողական ինֆորմացիան ուղեղում տպվում է այդ խորհրդանշանների մակարդակով: Հասկանալի է, որ համացանցում երաժշտությունը, պատկերները, լուսային էֆեկտները, իրականի նման կերպարները ներազդում են երեխայի վրա: Բացի այդ, համացանցը հիմա շատ ավելի հետաքրքիր է նրանով, որ ավելի մեծ տեղեկատվություն է տալիս շատ կարճ ժամանակում: Բայց դրա բացասական կողմն այն է, որ կարող է շուտ հոգնեցնել, որովհետև 1 ժամ և ավելի համացանցի դիմաց նստելը ուղղակի վնասակար կարող է լինել տեսողության համար, քանի որ անձը, սովորաբար, էկրանին նայելիս աչքերը չի թարթում: Հիմնականում այդ խաղերը երկրորդային շահի իմաստով են գրված լինում: Երեխան, որոշակի ժամանակահատված անցկացնելով էկրանի առջև, ուղղակի կարող է հոգնել, ֆիզիկապես թուլանալ: Բացի այդ, պակասում է շփումը հասակակիցների հետ, ինչն անհրաժեշտ է երեխայի ամբողջական զարգացման համար: Այդ շփումները երեխային տալիս են փորձ, հասունացում, գիտելիք: Դրա համար անհրաժեշտ է համացանցից օգտվելու ժամանակահատվածը քչացնել: Համացանցերի համար արգելափակիչներ կան, որոնցով ծնողները կարող են կարգավորել այն ժամանակը` ըստ իրենց նախատեսածի: Մինչև 10 տարեկանների դեպքում կարևոր դեր ունեն ծնողները, ովքեր ուղղակի ավելի շատ ժամանակ պետք է տրամադրեն երեխային: Հիմնական վերահսկող գործոնը միանշանակորեն ծնողն է, իսկ դեռահասների, ավելի հասուն անձանց դեպքում` և´ ծնողը, և´ երեխաները զուտ, և´ շրջապատը:
Այս առնչությամբ տեղին է մուլտիպլիկատոր ռեժիսոր Դավիթ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ մտահոգությունը.
- Երեխայի զարգացման ընթացքում կարևոր է գրեթե ամեն ինչ: Սակայն բակից, դպրոցից, ծնողներից, մուլտֆիլմերից ամենակարևորը` թե´ վնասակարը, և թե´ օգտակարը, ինֆորմացիան է, որը երեխան ստանում է: Կարծում եմ` ծնողները մեծ անելիքներ ունեն: Նրանք պետք է տեղյակ լինեն այն ամենից, ինչ կատարվում է երեխայի հետ: Նույնիսկ եթե երեխան դպրոցում է անցկացնում մոտ 6-8 ժամ, միևնույն է` ծնողը պետք է նաև այդ ժամերից լավատեղյակ լինի, պետք է մասնակցի երեխայի կյանքին: Կան խաղեր, որ երեխային պոկում են իրականությունից և տանում են այլ իրականություն, որն իր կանոններն է ստեղծում, և երեխան ստիպված ենթարկվում է այդ կանոններին: Այդ հոգեվիճակում երկար գտնվելուց հետո խնդիրներ են առաջանում և´ երեխաների, և´ մեծահասակների մոտ: Քանի որ այն ամենը, ինչից օգտվում են երեխաները, ստեղծվում են մեծահասակների կողմից: Ու հենց մեծահասակները պետք է զգույշ լինեն այն ինֆորմացիայի հարցում, որը մատուցում են երեխաներին: Եթե մեծահասակի համար ուղղակի գումար վաստակելու գաղափարը դոմինանտ է, նա երբեք չի զլանա և ամեն ինչ կանի հանուն դրա, և ուշադրություն չի էլ դարձնի, թե դա ինչ ազդեցություն ունի մանկական հոգեբանության վրա: Եթե դու ազնիվ մարդ ես, պետք է շատ զգույշ լինես, և փորձես մատուցել այն ինֆորմացիան, որը որ կարող է օգնել երեխայի աճին, հոգեբանությանը, մտավոր զարգացմանը:
Պետք է շատ ուշադիր լինել և չխուսափել ավելի շատ մատուցել բարին ու ճիշտը, որը որ կա աշխարհում և փառք Աստծո, դեռ չի վերացել:
Նկատելի է, որ համացանցային կախվածության վնասները բազմաթիվ են: Կարծիք. կա, որ այդ կախվածության հետևանքով մարդու ուղեղում տեղի ունեցող փոփոխությունները հավասարազոր են թմրամիջոցների և ալկոհոլի ազդեցությանը: