ԶԻՋՈՒՄՆԵ՞Ր, ԹԵ՞ ԱՌՃԱԿԱՏՈՒՄ


Ուժի դիրքերից խոսողները սովորաբար սպառնում են պատժել: Սպառնում են, հետո պատժի տեսակն ընտրում ու կիրառում: Տաքարյուն և հանցագործ տարրերը ընտրության կարիք չունեն` ասում են ու խփում, կրակում, կճղակահարում...

Սակայն պետությունների, այն էլ` գերտերությունների պարագայում, միմյանց սպառնում են միջազգային արժեք ձեռք բերած ինչ-որ պատժամիջոցներով: Ասում ենք «ինչ-որ», որովհետև հենց նույն` միջազգային շատ փաստաթղթեր այնպե˜ս են անտեսվում որոշ պետությունների կողմից, որ ակամա ապշում ես: Ապշում ես ոչ թե անտեսողի հանդգնությունից, այլ այդ հանդգնությունը հանդուրժող (երբեմն նույնիսկ հովանավորող) տերությունների սառնասրտությունից: Իսկապե՞ս անզոր են միջազգային կառույց ները, թե աշխարհում խաղի կանոնները փոխվում են հօգուտ բարձիթողիության:

Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքները ևս վերածվեցին փաստաթղթերի: Եվրամիության ու Միացյալ Նահանգների տնտեսական պատժամիջոցները համարժեք պատասխան ստացան. Ռուսաստանն էլ հակընդդեմ արգելեց իրեն կարգի հրավիրող երկրներից սննդամթերքի ներկրումն իր երկիր: Արգելեց` անմիջականորեն ա´յդ երկրներից, բայց ուրիշ պետություններ նույն ապրանքները կարող են հասցնել ռուսական շուկա: Այդպիսով տնտեսական միջնորդի առաքելությունը ստանձնող երկրներն այս կերպ է´լ ավելի կջերմացնեն հարաբերությունները ՌԴ հետ, իսկ ռուսաստանաբնակ սպառողն էլ չի զրկվի եվրոպական և ամերիկյան մթերքներից:

Վերջնարդյունքում էլ Պուտինի հեղինակությունն ավելի կբարձրանա` որպես կամային, սպառնալիքներից չվախեցող ղեկավարի:

Ու մինչ որոշ քաղաքագետներ հավատում ու հավատացնում են, թե այդ պատժամիջոցները ՌԴ-ին կստիպեն փոխել վարքագիծը, ոմանք էլ համոզված են, որ եռակողմ պատժամիջոցներից չի տուժի ոչ մի կողմը, արժե´ հիշել ամերիկյան քաղաքագետ Հենրի Քիսինջերի հայտնի նկատառումը:

Նա պնդում էր, որ բոլոր պարագաներում պատժամիջոցները քաղաքականության մեջ թույլ տրված վրիպում է. այսինքն` կողմերից մեկի անուժ ու անօգնական լինելու արտահայտությունը:

Այս առումով դիպուկ համեմատություն է կատարել չեխ վերլուծաբան, գրող Յիրժի Պեհեն` Novinky պարբերականում` մեջբերելով իր երկրի նախագահի կարծիքը.

- Նախագահ Միլոշ Զեմանը հայտարարեց, որ միջազգային հարաբերություններում պատժամիջոցներն իրական իմաստ չունեն: Որպես օրինակ նա բերել է Կուբայի դեմ կիրառված բազմամյա պատժամիջոցների քաղաքականությունը: Այդ քաղաքականությունը այդպես էլ չհանգեցրեց Ֆիդել Կաստրոյի թուլացմանը կամ անկմանը: Կուբան լավ օրինակ է: Կաստրոյի վարչակարգը սկզբնական տեսքով կոմունիստական չէր: Բայց քանի որ դժվարին իրավիճակում Կուբային ձեռք մեկնեց Խորհրդային Միությունը, այն աստիճանաբար սկսեց պաշտպանել կոմունիստական գաղափարախոսությունը:

Պեհեն, իհարկե, ավելի կտրուկ գործողությունների կողմնակից է:

- Եթե դրանք (պատժամիջոցները-խմբ.) չազդեն, կամ մենք դրանք բնավ չկիրառեինք, կա երկու տարբերակ. կա´մ զիջումներ, որոնք, ինչպես հայտնի է պատմությունից` չեն արդարացվում դիկտատորական վարչակարգերի պարագայում, կա´մ բացահայտ առճակատում: Եվ այս սանդղակին պատժամիջոցները դիտվում են բավական խելամիտ ընտրություն:

Իրականում հիմքեր կան մտածելու, որ ի վերջո զիջումների ուղին է ընտրվելու: Խորհմիության (որ նույնն է թե` Ռուսաստանի) հետ բազմամյա սառը պատերազմը երբեք բացահայտ առճակատման չհանգեցրեց: Հիմա ևս այդ հեռանկարը իրատեսական չէ: Խնդիրը այսպես կոչված Ուկրաինայի ինքնորոշմանը նպաստելն է: Ըստ էության կողմերից ոչ մեկը դեմ չէ դրան. պարզապես յուրաքանչյուրը, այդ թվում և Ռուսաստանը, ամեն ինչ անում է, որ Ուկրաինան ինքնորոշվի դեպի իրեն: Արդյունքում` պետություն ավիրվեց, խաղաղ բնակչություն զոհվեց, ազգամիջյան թշնամանք, պառակտում հրահրվեց: Համեղ պատառից հրաժարվել չցանկացող կողմերի հոգսը դա´ չէ: Ստացվում է, որ Ուկրաինայի ինքնորոշումը միմյանց բզկտող կողմերի ինքնահաստատման նկրտում է: Իսկ աշխարհաքաղաքական խաղերում սովորաբար նման բախումներն ավարտվում են փոխզիջումներով. միմյանց անկոտրումությունը ստուգելուց հետո նստում են բանակցությունների սեղանի շուրջ` «սա ինձ, սա քեզ» հաշտվողականությամբ:

Ինչ վերաբերում է բացահայտ առճակատումին, ապա այս պահին դա ձեռնտու չէ միմյանց վրա մատ թափահարող կողմերից և ոչ մեկին: