Առաջին տիկինը պարելու իրավունք ունի


Իսկ համբուրվելո՞ւ: Խոսքը ոչ իր ամուսնու հետ պարելու և այդ պարի ընթացքում համբուրվելու մասին է: Ու, բնականաբար` ոչ թե միայնության մեջ, այլ այնպիսի միջավայրում, որը վարագուրված չէ ֆոտոթղթակիցների ամենատես լուսախցիկներից:

Կարծում եք միայն հայե՞րն են բամբասասեր և միայն հայաստանցի լրագրողներն են իշխանավորների անձնական կյանքին հետամուտ: Բնավ` ոչ: Օրինակ, դեռ խորհրդային տարիներից եվրոպակնիք Էստոնիայում նույնիսկ այսօր էլ արտառոց են համարում, որ երկրի նախագահի կինը կարող է պարել սրճարանում ու համբուրվել այլ մի տղամարդու հետ:

Անցյալ շաբաթ տպագրված KroonikΖ հանդեսի շապիկի առաջին էջին պատկերված է Էստոնիայի առաջին տիկին Էվելին Իլվեսի համբուրվելը մի երիտասարդի հետ: Իսկ պարբերականի կայքում տեղադրվել է 7 րոպեանոց տեսանյութը, որը «մանրամասնում» է, թե ինչպես է նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսի կինը գրկախառնված պարում ու համբուրվում այլ ջահելի հետ: Ավելին, հոլովակում տեսանելի է, որ ինչ-որ մեկն էլ լուսարձակող տեսախցիկով նկարում է զույգին, բայց նրանք ոչ մի ուշադրություն չեն դարձնում դրան:

Լրատվամիջոցի տվյալներով` 47-ամյա ձեռնարկատիրուհին մոռացել է իր «կարգավիճակը և ամուսնացած լինելը»: Մոռացե՞լ է, թե՞ նրա համար այդ ամենը արժեք չունեն...

Տալլինի KoΗeet սրճարանում կազմակերպված երեկույթում նրա համար սեղան է պատվիրվել երկարավուն պատշգամբում: Նրան ընկերակցող տղամարդը եղել է մոտ 30 տարեկան և խոսել է էստոներեն: Հետո նրանք դուրս են եկել մեկ ուրիշ զույգի հետ, բայց սև «Մերսեդես» նստել են երկուսով: Էվելինի նախագահ ամուսինն այդ օրը չի բացակայել երկրից, բայց հավանաբար նրան հետամտող լրագրողներ չեն եղել ու չգիտեն, թե որտե՞ղ է եղել երեկույթի ժամանակ:

Նախագահական այս զույգը ամուսնացած է արդեն 13 տարի. Էվելինը Տոոմասի երկրորդ կինն է: Նրանց հարսանեկան հանդեսին ներկա է եղել նաև իրենց 1-ամյա դստրիկը` Կադրի Կեյուն: